Թեք արգանդ

10.04.201710638

Արգանդի թեքությունը շեղում է, որը հաճախ բնածին է լինում, սակայն կարող է պատահել նաև ախտաբանական որոշ վիճակների, հիմնականում՝ բորբոքումների, պատճառով։

Պատճառները

Կարևոր է հասկանալ մի հանգամանք․ արգանդի բնածին թեքումը պաթոլոգիա չէ, այն խնդիր չէ, որը պետք է շտապ լուծել։ Այդ դեպքում այն ոչ մի կերպ իրեն զգալ չի տալիս, ընդամենը օրգանի անատոմիական դիրքն է, որ բնորոշ է տվյալ կնոջը։

Խնդիր է այն իրավիճակը, երբ արգանդը փոխում է իր դիրքը պաթոլոգիական որևէ պրոցեսի պատճառով, ամենից հաճախ՝ փոքր կոնքի կպումային պրոցեսների։

Արգանդի դիրքը փոքր կոնքում

1. Անտեֆլեքսիա։ Հաճախ հանդիպող ձևն է։ Արգանդը մոտ է կոնքի կենտրոնին, հատակն ուղղված է դեպի վեր և առաջ, հեշտոցային մասը՝ ներքև և հետ, արգանդի պարանոցի և մարմնի միջև բութ անկյուն է ձևավորված՝ բացվածքը դեպի առաջ։

2. Անտեվերզիա։ Նույնն է, ինչ առաջին դեպքում, միայն թե արգանդի մարմինն ու պարանոցը նույն ուղղությամբ են տեղակայված։

Հազվադեպ հանդիպում են ստորև նշված տեսակները։

3․ Հիպերանտեֆլեքսիա։ Արգանդի մարմինը խիստ առաջ է ուղղված։

4․ Ռետրոֆլեքսիա։ Արգանդի մարմինը խիստ հետ է ընկած (հենց այս էլ անվանում են արգանդի թեքում)։

5․ Լետերոֆլեքսիա։ Արգանդը խիստ շեղված է առանցքից։

Ախտաբանական ռետրոֆլեքսիայի պատճառներն են՝

  • կպումային հիվանդություն, որ առաջանում է վիրահատությունից հետո կամ բորբոքումից հետո, 
  • մկանային ապարատի ատրոֆիա, որի դեպքում թուլանում են ջլերը, 
  • փոքր կոնքի այլ օրգանների հիվանդությունները (միզապարկի, հաստ աղիքի ուռուցք և այլն)։

Ախտանշանները

Հիմնական ախտանշանը դաշտանի խանգարումն է, ինչպես նաև ցավը։ Հնարավոր է, որ ցավ զգացվի նաև սեռական ակտի ընթացքում։ Հազվադեպ, արգանդի միոմայով ուղեկցվելու դեպքում, հնարավոր է այլ օրգանների ճնշում զգացվի (միզարձակման հաճախակիացում կամ փորկապություն)։

Հղիությունը թեք արգանդի դեպքում

Բնածին թեք արգանդը ոչ մի կերպ չի խոչընդոտում բեղմնավորմանն ու հղիությանը։ Անպտղության իրական պատճառը որովայնի խոռոչում առկա կպումներն են լինում, որոնք էլ խոչընդոտում են սերմնաբջիջների շարժմանը։

Ախտորոշումը

Հայտնաբերվում է գինեկոլոգիական սովորական զննման միջոցով, տեսանելի է նաև ուլտրաձայնային հետազոտության ժամանակ։

Բուժումը

Ինչպես նշեցինք, բնածին թեք արգանդը բուժման կարիք չունի։ Արգանդի ախտաբանական թեքման դեպքում առաջին հերթին պետք է բուժել սկզբնապատճառը։ Կպումները վերացնում են վիահատական միջամտության միջոցով (լապարասկոպիա): Խնդիրը հնարավոր է լուծել նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներով (ցեխաբուժություն և այլ մեթոդներ)։