Հոգնածությունը հղիության ընթացքում

01.03.201716911

Հղիության ընթացքում օրգանիզմում բազում փոփոխություններ են կատարվում, որոնք հանգեցնում են ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների։ Հոգնածությունը հղիության ընթացքում լիովին բացատրելի երևույթ է և ունի մի շարք պատճառներ։

Առաջին եռամսյակ կամ պրոգեստերոնային փոփոխություններ

Բեղմնավորման պահից սկսած կնոջ օրգանիզմում հորմոնային փոփոխություններ են սկսվում: Գլխավոր հորմոնը դառնում է պրոգեստերոնը, որի խնդիրը հղիության բնականոն ընթացքի ապահովումն է։ Դրա ազդեցություններից մեկը հանգիստ, երբեմն անգամ հոգնած վիճակն է, այն մեխանիզմներից մեկը, որն ստիպում է մորը խնայել ուժերը և էներգիա կուտակել պտղի ներդաշնակ զարգացման համար։

Հղիության ընթացքում հոգնածության երկրորդ պատճառն ընկերքի մեծացումն է, քաշի, արգանդի և շրջանառվող արյան քանակի ավելացումը։ Սիրտն արագ է բաբախում, անոթային ճնշումը նվազում է, նյութափոխանակությունն արագանում է, համապատասխանաբար՝ էներգիան արագ է սպառվում և օրգանիզմն ազդանշան է ուղարկում՝ հանգստանալու ժամանակն է։

Պետք է ուշադրություն դարձնել նաև այլ ախտանշանների․ եթե հոգնածությունն ուղեկցվում է հանկարծակի թուլությամբ, գունատությամբ, գլխապտույտով կամ գիտակցության կորուստներով, ապա հարկավոր է դիմել բժշկի և արյան նմուշ հանձնել հետազոտության համար, քանի որ հղիությունը կարող է ուղեկցվել երկաթդեֆիցիտային սակավարյունությամբ կամ ավիտամինոզով։

Երկրորդ եռամսյակ կամ երկուսը մեկում

Երկրորդ եռամսյակում շարունակվում է պտղի օրգան-համակարգերի կազմավորումն ու զարգացումը, ինչը նշանակում է, որ մոր օրգանզիմն ավելի ու ավելի մեծ էներգիա է ծախսում։ Բացի այդ, արգանդը մեծանում է, տեղաշարժում որովայնի խոռոչի օրգանները, սիրտը, լյարդն ու երիկամներն աշխատում են երկուսի համար։ Կազմվածքի փոփոխության պատճառով փոխվում է մարմնի ծանրության կենտրոնը, հետևաբար, ոտքերի, մեջքի և որովայնի մկանների ծանրաբեռնվածությունը մեծանում է։ Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել կոշկեղենի հարմարավետությանը։

Երրորդ եռամսյակ կամ մոտենում է ծննդաբերությունը

Երրորդ եռամսյակում, հատկապես ծննդաբերությունից առաջ, կինն ավելի շատ է հոգնածություն զգում, անգամ քնելն է անհարմար դառնում մեծացած որովայնի պատճառով, հաճախ ցանկանում է հանգստանալ անգամ առավոտյան։

Ինչպե՞ս հաղթահարել հոգնածությունը

Քուն

Հոգնածության դեմ պայքարի գլխավոր միջոցը լիակատար հանգիստն է, ինչպես նաև՝

  • ութժամյա լիարժեք քունը, 
  • հաճախակի ընդմիջումներն օրվա ընթացքում, 
  • անհրաժեշտության դեպքում՝ ցերեկային կարճատև քուն։ 

Պետք է քնել լավ օդափոխված սենյակում, հարմարավետ անկողնում։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում քնելու ճիշտ դիրքերը

Սնունդ

Էներգիայի պաշար կուտակելուն կօգնեն մրգերն ու բանջարեղենը, վիտամինային կոկտեյլները։ Սնունդը պետք է հավասարակշռված լինի, ցանկալի է հավելյալ վիտամինային կոմպլեքս խմել, ինչպես նաև ֆոլաթթու, ցուցման դեպքում՝ երկաթ և կալցիում։

Հարմարավետ հագուստ

Հղի կնոջ հարմարավետության և առողջության հարցում մեծ դեր է խաղում հագուստը։ Հարկավոր է հատուկ աղեկապ՝ բանդաժ, կրել։ Հագուստն ու ներքնաշորերը պետք է կարված լինեն բնական նյութերից և չճնշեն որովայնը։ Կոշիկը նույնպես պետք է հարմարավետ լինի, փոքրիկ կրունկով։

Կարդացեք՝ Հագուստը հղիության ընթացքում

Հիշեք՝ հղիության ընթացքում հոգնածությունը օրգանիզմի՝ ծննդաբերությանը պատրաստվելու և ուժ հավաքելու միջոցներից մեկն է։ Ուստի լսեք օրգանիզմի ազդանշանները, ձեր խնդիրը ոչ թե ամեն բան հասցնել անելն է, այլ առողջ երեխա լույս աշխարհ բերելն ու սեփական առողջությունը պահպանելը։