Հեշտոցը խոնավացնող միջոցներ

16.12.201625225

Հեշտոցի չորությունը սեռական կյանքի էական վատթարացմանը նպաստող գործոններից մեկն է: Հեշտոցի չորություն դիտվում է հատկապես կրծքով կերակրող մայրերի, քիմիաթերապիա անցած կանանց դեպքում, ինչպես նաև այն արտահայտվում է կլիմաքսի և որոշակի դեղամիջոցների ընդունման շրջանում: Այս պարագայում լուբրիկանտները թույլ են տալիս սեռական հարաբերությունը դարձնել ավելի հարմարավետ:

Լուբրիկանտնե՞ր, թե՞ խոնավացնող միջոցներ

Սովորաբար հեշտոցի լուբրիկանտները հեղուկներ կամ գելեր են, վաճառվում են սրվակներով կամ շշերով, լինում են նաև մոմիկի տեսքով, որոնք հալչում են մարմնի ջերմաստիճանից: Որոշ լուբրիկանտներ բաղկացած են միայն օրգանական նյութերից, մյուսները պարունակում են բուրավետիչներ, գլիցերին, պարաբեններ, ինչպես նաև ջերմացնող կամ սառեցնող ազդեցություն ունեցող նյութեր:

Զգայուն մաշկ ունեցող կամ ալերգիկ ռեակցիաների հակվածությամբ կանանց խորհուրդ է տրվում օգտագործել հիպոալերգեն լուբրիկանտներ: Հայտնի չէ՝ նպաստու՞մ են արդյոք գլիցերին, պերտոլատում կամ ջերմացնող նյութեր պարունակող լուբրիկանտները վագինիտի զարգացմանը, սակայն քրոնիկական կանդիդոզ ունեցող կանանց խորհուրդ է տրվում զերծ մնալ դրանցից:

Հեշտոցային լուբրիկանտները կիրառվում են սեռական հարաբերությունից առաջ՝ հեշտոցի մուտքի շրջանում (կամ հետանցքին): Դրանք նաև քսում են տղամարդկանց սեռական օրգանին՝ շփումը նվազեցնելու և սահումը բարելավելու համար: Ճիշտ օգտագործելու դեպքում լուբրիկանտներն օգնում են կանխարգելել մաշկի գրգռումը, լորձաթաղանթի վնասումը և խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսին են պոստկոիտալ ցիստիտը և վագինիտը: Երբեմն անհրաժեշտ է լինում միևնույն սեռական ակտի ժամանակ մի քանի անգամ օգտագործել լուբրիկանտ:

Խորհուրդ է տրվում օգտագործել ջրային հիմքով լուբրիկանտներ, քանի որ դրանք սովորաբար գրգռվածություն չեն առաջացնում, համեմատաբար մատչելի են, հեշտ հասանելի են դեղատներում, հեշտությամբ մաքրվում են տաք ջրով: Սիլիկոնային հիմքով լուբրիկանտներն ավելի թանկարժեք են, սակայն դրանց ազդեցությունն ավելի երկար է, և կրկնակի օգտագործման կարիք չկա:

Խորհուրդ չի տրվում օգտագործել վազելինի հիմքով լուբրիկանտներ, քանի որ դրանք հաճախ տհաճ հոտ ունեն, և քայքայում են լատեքսը, որից պատրաստվում է պահպանակների մեծ մասը:

Սեռական հարաբերության բարելավման համար օգտագործվող միջոցների մեկ այլ տեսակ են հեշտոցային խոնավացուցիչները: Այդպիսի խոնավացնող միջոցները հիմնականում պատրաստվում են պոլիկարբոֆիլից կամ սիլիկոնային գելից: Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական երկու-երեք անգամ, քնելուց առաջ: Այդ խոնավեցուցիչների խնդիրն է հեշտոցի բնական թթվային միջավայրի (рН) պահպանումը և լորձաթաղանթի խոնավեցումը: Այս միջոցների կիրառումը որոշ կանանց օգնում է նվազեցնել լուբրիկանտների պահանջը կամ նույնիսկ ամբողջությամբ հրաժարվել դրանցից: Հեշտոցի չորության խնդրով կանանց (հատկապես եթե դա քիմիաթերապիայի հետևանք է) խորհուրդ է տրվում շաբաթական երեք անգամ օգտագործել հեշտոցային խոնավեցուցիչներ, իսկ սեռական հարաբերության ժամանակ նաև լուբրիկանտներ կիրառել:

Հատկապես օգտակար են հիալուրոնաթթու և Е վիտամին պարունակող խոնավացնող միջոցները: Հիալուրոնային թթուն խթանում է հյուսվածքի՝ խոնավությունը պահելու ունակությունը:

Խոնավացնող միջոցները պարունակում են պրեբիոտիկներ և ֆերմենտներ, որոնք ունակ են վերականգնելու հեշտոցի առողջ թթվաալկալային հավասարակշռությունը և վերացնել չորությունը և քորը: Այդպիսի խոնավացուցիչները ոչ միայն նվազեցնում են անհարմարավետությունը սեռական ակտի ժամանակ, այլև նվազեցնում են հետագայում տարբեր ինֆեկցիաներով վարակվելու վտանգը:

Կանոնավոր սեռական ակտիվությունը մեծ նշանակություն ունի կնոջ առողջության համար: Քանի որ հեշտոցային լուբրիկանտները և խոնավացուցիչ միջոցները նպաստում են սեռական կյանքի բարելավմանը, պետք չէ հրաժարվել դրանց կիրառումից, դրանից պետք չէ ամաչել․չէ՞ որ դա միայն օգուտ կբերի թե՛ ձեզ, թե՛ ձեր զուգընկերոջը: