Սկզբնաղբյուրը՝ bestkroha.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Երկու ամսական երեխայի զարգացումը

01.11.201622720

Երկու ամսականում փոքրիկն արդեն ճանաչում է մայրիկին և ժպտում է նրան տեսնելիս: Նախկինում նա նույնպես ժպտում էր, սակայն դա չգիտակցված էր, իսկ այժմ երեխան արդեն ժպտում է գիտակցաբար՝ մայրիկին ճանաչելով: Ժպիտը ծնողների հետ շփման առաջին դրսևորումներից է:

Երկու ամսականում բարելավվում է երեխայի տեսողական ուշադրությունը: Այժմ երեխան ավելի հեռու է տեսնում՝ 50 սմ և ավելի: Նա հետաքրքրությամբ ուսումնասիրում է մայրիկի դեմքը, ուշադիր հետևում է տեսողական դաշտում հայտնված շարժվող իրերին, հայացքը նպատակաուղղված է:

Որովայնի վրա պառկած՝ նա կարողանում է պահել գլուխը 5-10 վայրկյան: Գլուխը շրջում է դեպի ձայնը: Հարազատ մարդկանց տեսնելիս ժպտում է, ձայներ հանում, ակտիվորեն շարժում է թաթիկներն ու ոտքերը: Եթե բռունցքը կամ մատները դիպում են բերանին, սկսում է ծծել:

Երկու ամսականում երեխան քնում է մոտ 16-18 ժամ: Այս շրջանում գլուխը դեռ փափուկ է, չպետք է մոռանալ նրա դիրքն անկողնում հաճախակի փոփոխել: Երեխան արդեն տարբերում է օրը գիշերվանից, և գիշերային քունը դառնում է ավելի երկարատև՝ շուրջ 6 ժամ առանց ընդհատման:

Կրծքի երեխան երկու ամսականում արդեն ճանաչում է մայրիկի ձայնը, հոտը, դեմքը և շարունակում է հետաքրքրությամբ ուսումնասիրել նրան: Այսքան փոքր լինելով՝ նա արդեն հասկանում է, որ մեծահասակները պատասխանում են իր լացին, և նրա հույզերն ավելի գիտակցված են դառնում: Ակտիվորեն զարգանում է նյարդային համակարգը, նվազում է բնածին ռեֆլեքսերի ռեակտիվությունը: Երեխան մշտապես ձեռք է բերում նոր հմտություններ, զարգացնում է կոորդինացիան՝ պայմանական ռեֆլեքսները:

Երեխայի խնամքը

Այս հասակում երեխայի մաշկը շատ նուրբ և զգայուն է, հետևաբար կարևոր է նրա ճիշտ հիգիենան և խնամքը: Առաջին հերթին մաշկը վնասվում է կղազատումից և միզելուց, հետևաբար ուշադիր եղեք տակդիրը փոխելիս, երեխային խոնավ հագուստի մեջ մի թողեք: Նորմալ կղազատում տեղի է ունենում օրական 2-4 անգամ, կղանքն ունի թեթև թթվային հոտ, բաց դեղնավուն երանգ, ինչն առողջության նշան է:

Այս հասակում խորհուրդ է տրվում երեխային լողացնել շաբաթական մի քանի անգամ: Քանի որ օճառի և հիգիենիկ այլ պարագաների հաճախակի օգատգործումը հնարավոր է վնասի երեխայի զգայուն մաշկը, կարելի է ջրի մեջ ավելացնել երիցուկի թուրմ, ինչն ունի բարենպաստ հակաբորբոքային, հակաալերգիկ և հանգստացնող ազդեցություն:

Այս հասակում եղունգները շատ արագ են աճում, ուստի հարկավոր է հաճախակի կտրել դրանք, ինչը խորհուրդ է տրվում անել օրվա ընթացքում՝ արթուն ժամանակ և համապատասխան մանկական մկրատով:

Փոքրիկի օրգանիզմն այս ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարվել՝ արագ աճելով և զարգանալով: Նրա առողջության ամրապնդման համար շարունակեք դրսում զբոսանքները օրական 2-4 ժամ՝ կախված եղանակից: Կյանքի երկրորդ ամսում երեխան աճում է միջինում 3-5 սմ-ով, և քաշն ավելանում է մոտ 560-1100 գրամով: