Ինչպե՞ս անցկացնել հղիության թեստը

Ժամանակակից թեստերն օգնում են ամենասեղմ ժամկետներում պարզել հղիության փաստը: Տեսնենք, թե ինչ սկզբունքով է աշխատում թեստը: Ինչպես գիտեք բեղմնավորումից հետո արյան մեջ բարձրանում է ՄԽԳ-ի մակարդակը, ինչն էլ հենց վկայում է հղիության մասին:
Փաստացիորեն թեստն արձագանքում է մեզում առկա գոնադոտրոպինին. երբ ՄԽԳ-ի մակարդակը բարձրանում է, ռեակտիվ է հայտնվում թեստի երկրորդ գծիկի վրա: Հղի կնոջ օրգանիզմում ՄԽԳ-ն արտադրվում է սաղմի՝ արգանդի պատի մեջ ներդրվելուց անմիջապես հետո, նախ՝ արյան մեջ, ապա՝ մեզի: Ընդ որում՝ արյան մեջ խտությունն ավելի մեծ է, քան մեզի մեջ:
Ներդրումն իր հերթին կատարվում է ձվազատումից հետո 7-10-րդ օրը, սակայն պետք է հաշվի առնել, որ հորմոնի մակարդակն աստիճանաբար է աճում և օրեցօր մեծանալով հասնում է մի ցուցանիշի, որը ճանաչելի է լինում թեստի համար: Հենց այդ պահն էլ որոշում է ժամանակային սահմանները: Այսինքն՝ թեստը կարող է մեզում հայտնաբերել գոնադոտրոպին հորմոնի առկայությունը վերջին ձվազատման օրվանից 11-15 օր հետո միայն: Որքան բարձր է թեստի զգայունակության շեմը, այնքան վաղ կարող է որոշել հղիության առկայությունը:
Կարդացեք՝ Մարդու խորիոնային գոնադոտրոպինը հղիության ընթացքում
Ե՞րբ անցկացնել հղիության թեստը դաշտանային անկանոն ցիկլի դեպքում
Դաշտանի անկանոն ցիկլի պարագայում թեստի սխալի հավանականությունը մեծանում է: Ժամանակից շուտ արված թեստը կարող է կեղծբացասական արդյունք ցույց տալ. չէ՞ որ հղիության վաղեմության ժամկետը կարող է շատ փոքր լինել ռեակտիվ գծիկի արձագանքման համար: Իմաստ չունի հղիության որոշման թեստն անցկացնել նախքան դաշտանի ուշացումը:
Կարդացեք՝ Ինչու են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս
Թույլատրելի ամենավաղ ժամկետը ձվազատումից երկու շաբաթ հետոն է, ընդ որում՝ որպես ուղենիշ պետք է վերցնել ամենաերկար տևողությամբ ցիկլը: Եթե չեք հետևում այդ պրոցեսին, ապա խորհուրդ է տրվում թեստն անցկացնել դաշտանի ուշացումից հետո և մեկ շաբաթ անց կրկնել:
Ո՞րն է անցկացման ճիշտ ձևը
Անկախ ցիկլի անկանոնությունից և կնոջ օրգանիզմի առանձնահատկություններից՝ թեստի հավաստիությունն ավելի բարձր կլինի, եթե պահպանվեն մի շարք կանոններ: Արտադրողի կողմից նշված ցուցումների խախտումը կարող է հանգեցնել կեղծ արդյունքի: Համարվում է, որ առավոտյան անցկացրած թեստն ավելի հավաստի է, քանի որ ՄԽԳ-ի խտությունն առավոտյան մեզում ամենաբարձրն է:
Եթե դաշտանը շատ է ուշացել, ապա կարելի է թեստն անցկացնել օրվա ցանկացած ժամի: Պարտադիր պայման է ստերիլության կանոնների պահպանումը. Հետազոտվող հեղուկի մեջ ոչ մի օտար մարմին չպետք է հայտնվի, ուստի հարկավոր է նախապես մանրակրկտորեն լվանալ ձեռքերը և չորացնել: Բացի այդ, հարկավոր է նախապատրաստել հետազոտման նյութի հավաքման մանրէազերծ տարա:
Թեստը հարկավոր է ընկղմել մեզով լի տարայի մեջ այնքան, որքան նշված է թեստի վրա և այն կողմով, որտեղ նշում կա (որտեղ պարունակվում է ռեակտիվ նյութը): Պետք չէ գնահատել թեստի արդյունքն արտադրողի նշած ժամանակից շուտ (սովորաբար 5րոպեն է) կամ ուշ:
Կարդացեք՝ Ձվազատման թեստ. ինչպես կիրառել