Ինչպե՞ս են կատարվում ենթամաշկային ներարկումները

Ինչպե՞ս են կատարվում ենթամաշկային ներարկումները

Շատերս ենք ստիպված եղել ինչ-ինչ խնդիրների պատճառով ներարկում կատարել։ Բժիշկ-գինեկոլոգները հաճախ դեղորայքը նշանակում են ներարկման տեսքով, քանի որ այն ավելի արդյունավետ է, քան հաբերի ընդունումը, իսկ որոշ դեպքերում էլ միակ տարբերակը դեղորայքի ենթամաշկային ներարկումն է: Երբեմն ենթամաշկային ներարկումն ինքնուրույն կատարելու անհրաժեշտություն է լինում: Այնպես որ՝ ավելի մանրամասնորեն ուսումնասիրենք այս թեման:

Ի՞նչ դեղամիջոցներ են նշանակվում ենթամաշկային ներարկումների համար

Տարատեսակ դեղամիջոցներ, այդ թվում և պատվաստանյութերը, ցուցվում են ենթամաշկային ներարկման: Ներկայացնում ենք ամենատարածված դեղամիջոցները, որոնք ցուցված են հղիության պլանավորման փուլում:

Հալվեի լուծույթ (ալոե): Սա կիրառվում է կանանց սեռական օրգանների հիվանդությունների համալիր բուժման ընթացքում, ինչպես օրինակ քրոնիկական վարակային հիվանդությունների, որոնք հանգեցնում են փոքր կոնքում կպումների առաջացման: Հալվեն իմունիտետի խթանման արդյունավետ միջոց է:

Պուրեգոն և ֆոլիկուլախթանիչ հորմոնի այլ դեղամիջոցներ: Սովորաբար դրանք ներարկում են ֆոլիկուլների հասունացման խթանման նպատակով, արտամարմնային բեղմնավորման ժամանակ կամ այն կանանց դեպքում, ում նորմալ ցիկլում խանգարված է ձվարանների ֆունկցիան: Բոլոր հորմոնային դեղամիջոցների համար պարտադիր է պահպանել ներարկման ժամանակացույցը:

Պրեգնիլ և մարդու խորիոնային գոնադոտրոպինի այլ դեղամիջոցներ: Այս դեղորայքն անհրաժեշտ է, երբ բնական ձվազատում տեղի չի ունենում, օրինակ` ֆոլիկուլները պայթելու փոխարեն վերածվում են կիստաների: ՄԽԳ-ի ներարկումը նպաստում է ձվաբջջի ամբողջական հասունացմանը և ֆոլիկուլից դուրս գալուն: Այդ պատճառով ԱՄԲ-ի դեպքում նման դեղամիջոցները պարտադիր պայման են ձվաբջջի պունկցիայից 36 ժամ առաջ (այս ընթացքում ֆոլիկուլները հասունանում են, բայց ձվազատում տեղի չի ունենում):

Դիֆերելին: Կիրառվում է ԱՄԲ-ի երկար արձանագրությունների ժամանակ որպես բլոկադա (արհեստական դաշտանադադար):

Կլեկսան կամ ֆրակսիպարին, որն օգտագործվում է արյունը ջրիկացնելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև արհեստական բեղմնավորման ժամանակ:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ներարկում կատարելուց առաջ

Ենթամաշկային ներարկումը, որն ավելի խորն է կատարվում, քան ներմաշկայինը, դեղամիջոցի ներմուծումն է ենթամաշկային ճարպային շերտ: Ենթամաշկային ճարպաբջջանքում արյան մատակարարումը լավ է իրականացվում, այդ պատճառով ներարկվող դեղամիջոցն արյան հոսքում է հայտնվում արդեն ներարկումից 30 րոպե անց: Ենթամաշկային ներարկման համար անհրաժեշտ է ընտրել ենթամաշկային ճարպային շերտով հարուստ տարածք, օրինակ որովայնը կամ ազդրի ներսի հատվածը:

Ենթամաշկային ներարկումները խիստ հազվադեպ են ունենում բարդացումներ, այնուամենայնիվ նշենք հնարավորները։

  • Ենթամաշկային երակի վնասվելը կարող է առաջացնել տեղային արյունահոսություն (հիմնականում այն դադարում է ինքնաբերաբար, առանց որևէ միջամտության):
  • Թարախակույտ, որ կարող է առաջանալ ասեպտիկայի կանոնները չպահպանելու հետևանքով: 
  • Ասեղի կոտրվելը հազվադեպ է լինում, այնուամենայնիվ այդ դեպքում պետք է փորձել ասեղի ծայրը բռնել և դուրս հանել, իսկ եթե չի հաջողվում, պետք է դիմել բժշկի:
  • Յուղոտ լուծույթները ներարկելուց առաջ անհրաժեշտ է տաքացնել մինչև մարդու մարմնի ջերմաստիճանի հասնելը: Նախքան ներարկելը ներարկչի մխոցը մի փոքր դուրս հրեք, որպեսզի տեսնեք նրանում արյուն լցվում է, թե ոչ (արյան առկայությունը կնշանակի, որ ասեղը երակի մեջ է ներթափանցել)․ միայն դրանից հետո կարելի է դեղամիջոցը ներարկել: 
  • Հեմատոմա (կապտուկներ) առաջանում է, երբ ներարկման ժամանակ վնասվում են մազանոթները: Մաշկի ապաքինումն արագացնելու նպատակով կարելի է օգտագործել հեպարինային քսուք: Կապտուկները կարող են ուղեկցվել ցավով, որի նվազեցման համար յուրաքանչյուր հաջորդ ներարկումն անհրաժեշտ է կատարել նախորդից ավելի հեռու տարածքում:

Միշտ կարդացեք դեղորայքի օգտագործման հրահանգները հնարավոր հակացուցումները բացահայտելու համար: Ալերգիկ ռեակցիայի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Ենթամաշկային ներարկման տեխնիկան

Հարկավոր է նախ սպիրտային անձեռոցիկով մշակել դեղի սրվակը: Մաքուր ձեռքերի օգնությամբ բացեք սրվակը՝ այն կոտրելով ամենաբարակ մասից, այնուհետև ներարկչի մեջ հավաքեք դեղանյութն այնպես, որ ասեղը չդիպչի սրվակի պատերին: Պարտադիր դուրս հանեք ավելորդ օդը ներարկչից: Դրանից հետո կրկին սպիրտային անձեռոցիկով կամ բամբակով մաքրեք որովայնի այն հատվածը, որտեղ պատրաստվում եք ներարկել: Ձեռքով որովայնի մաշկի մի ծալք հավաքեք և վստահորեն ասեղը մտցրեք 45 աստիճան անկյան տակ՝ իր 2/3-ի երկարությամբ: Դանդաղորեն ներմուծեք դեղանյութը և հանեք ասեղը: Ներարկման տեղը նոր սպիրտային բամբակով սեղմած պահեք: Օգտագործված ներարկիչն ու բամբակները դեն նետեք:

Ենթամաշկային ներարկումներն այնքան էլ բարդ չէ անելը, որքան թվում է: Մեծամասնության համար ամենադժվարը իրենց իսկ ներարկելու հոգեբանական վախը հաղթահարելն է: Չնայած բոլոր այդ վախերին, ենթամաշային ներարկումն ավելի քիչ ցավոտ է, քան միջմկանայինը: Մի՛ վախեցեք, փորձեք մեկ անգամ և դրանից հետո արդեն կկարողանաք ինքնուրույն ներարկումներ կատարել:

views 41308
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը