Էպիդիդիմիտ
Էպիդիդիմիտը մակամորձու բորբոքումն է, որ համարվում է որևէ վարակիչ հիվանդության բարդություն, երբ արյան միջոցով վարակները կամ ախտածին միկրոօրգանիզմները հայտնվում են մակամորձում: Այսպիսի բարդություն կարող է առաջանալ գրիպի, թոքաբորբի (պնևմոնիա), անգինայի, միզածորանի բորբոքման՝ ուրետրիտի, երիկամի ավազանի բորբոքման՝ պիելոնեֆրիտի և այլ հիվանդությունների հետևանքով: Բայց առավել հաճախ մինչև 35 տարեկան տղամարդկանց դեպքում էպիդիդիմիտն առաջանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Ամենատարածված միկրոօրգանիզմը, որ հանգեցնում է տվյալ հիվանդության զարգացման, համարվում է քլամիդիան: Էպիդիդիմիտի զարգացմանը նաև նպաստում է գերսառեցումը, որի արդյունքում տեղի է ունենում փոշտի արյան մատակարարման վատացում:
Սուր էպիդիդիմիտ
Սուր էպիդիդիմիտին բնորոշ է ջերմաստիճանի բարձրացումը մինչև 38-39°С, ամորձում սուր ցավերը, որոնք ուժգնանում են շարժվելիս, փոշտի այտուցվածությունը, կարմրածությունը մակամորձու ախտահարված կողմից: Ցավը կարող է տարածվել դեպի գոտկատեղ, սրբանային, աճուկային և շեքի հատված: Առանց բուժման ցավերը մեղմանում են 2-5 օրվա ընթացքում: Էպիդիդիմիտից հետո մակամորձու մարմնի կամ պոչի հատվածում ձևավորվում է ամուր ինֆիլտրատ (բջջային տարրերի կուտակում ախտահարված օջախի շուրջ), որը փոխարինվում է սպիով: Այդ սպին, համակցված իր սեփական սերմնաբջիջների հանդեպ ինքնաագրեսիայով, հանգեցնում է անպտղության: Երբեմն գործընթացի մեջ կարող է ներգրավվել սերմնածորանը, որը շոշափելիս ցավում է (դեֆերենտիտ), երբեմն էլ ամբողջական սերմնալարը կարող է բորբոքվել, դառնալ մատի հաստության և առաջացնել սուր ցավ (ֆունիկուլիտ):
Քրոնիկական էպիդիդիմիտ
Հաճախ սուր էպիդիդիմիտը վերածվում է քրոնիկականի: Եթե հիվանդությունը չսրանա, ապա ոչ մի ցավ չի զգացվի, բայց սրացման դեպքում փոշտի շրջանում կառաջանա անհարմարության զգացողություն: Այս շրջանում տեղի է ունենում մակամորձու ամբողջական կամ մի հատվածի կոշտացում և ուղեկցվում է սերմնահոսքի անցանելիության խանգարումով: Հետազոտության ժամանակ մակամորձին պինդ է, չափերով մեծացած, ամորձուց սահմանազատված, ցավոտ: Սերմնալարը հաստացած է, սերմնահոսքի տրամագիծը՝ մեծացած: Քրոնիկական էպիդիդիմիտի դեպքում սերմնաբջջի բեղմնավորման ընդունակությունը նվազում է ընդհուպ մինչև անպտություն:
Էպիդիդիմիտի ախտորոշումը
Ախտորոշման մեթոդներն են՝
- շոշափում (պալպացիա),
- փոշտի ՈւՁՀ,
- դիաֆանոսկոպիա (մեծացած փոշտի դեպքում ուրոլոգիայում կիրառվող լուսային հետազոտության մեթոդ),
- սերմնաբջջի հետազոտություն՝ տարատեսակ պաթոլոգիական միկրոօրգանիզմների հայտնաբերման համար,
- մեզի հետազոտություն և ցանքս միկրոֆլորայի հետազոտման նպատակով,
- սեռական ուղիների վարակների տարատեսակ հետազոտություններ,
- ուռուցք կասկածելու դեպքում կատարվում է օնկոմարկերների ստուգման արյան հետազոտություն, տուբերկուլյոզի միկոբակտերիայով ախտահարության կասկածի դեպքում կատարվում է մեզի կամ սերմնահեղուկի հետազոտություն:
Էպիդիդիմիտի բարդացումները
Առանց համապատասխան բուժման սուր էպիդիդիմիտը որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել մակամորձու թարախակալման՝ թարախակույտի (աբսցեսի) ձևավորմամբ: Այս պարագայում հիվանդի վիճակը կտրուկ վատանում է, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, փոշտի մակերեսը դառնում է փայլուն, և դիպչելիս սուր ցավ է առաջացնում: Էպիդիդիմիտը կարող է վերածվել ամորձաբորբի (օրխիտի): Հիվանդության երկարատև ընթացքի դեպքում տեղի է ունենում շարակցական հյուսվածքի գերաճ, ինչը հանգեցնում է մակամորձու անանցանելիության, այսինքն՝ անպտղության:
Բուժումը
Էպիդիդիմիտի բուժման ընթացքում պահպանվում է անկողնային ռեժիմ, բացահայտվում են հիվանդության առաջացման պատճառերը: Փոշտը ֆիքսում են բարձր դիրքում սրբիչի օգնությամբ, որպեսզի սահմանափակեն շարժունակությունը: Անհրաժեշտ է հետևել սննդակարգին՝ բացառելով տապակած, յուղային, կծու սնունդը: Էպիդիդիմիտի սրացման շրջանում կիրառվում են սառը թրջոցներ կամ սառույց են դնում փոշտի վրա (1-2 ժամ սառը, 30 րոպե ընդմիջում): Նշանակվում են հակաբիոտիկներ, վիտամիններ, ֆերմենտներ ու ներծծվող դեղամիջոցներ: Հիվանդության սուր ախտանշանների մեղմացման դեպքում ցուցվում են փոշտի տաք թրջոցներ և ֆիզիոթերապիա:
Կանխարգելումը
Էպիդիդիմիտի կանխարգելումն ուղղված է առաջին հերթին այդ հիվանդության կանխմանը և միզասեռական վարակների ժամանակին բուժմանը:
Փոշտի վնասվածքի դեպքում անհրաժեշտ է խստորեն հետևել բժշկի ցուցումներին: Էպիդիդիմիտի ամենաչնչին կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել ուրոլոգի: Պատահական սեռական կապերի դեպքում անհրաժեշտ է պարբերաբար հետազոտության նմուշ հանձնել սեռավարակների (սիֆիլիսի, գոնորեայի, քլամիդիոզի և այլն) ստուգման համար և դրանց առկայության դեպքում ժամանակին բուժել: Նաև կարևոր է ձմռանը պահպանել տաք ռեժիմ՝ խուսափելով գերսառեցումից: