Թութք

Թութք

Թութքն ուղիղ աղիքում զարգացող թութքային հանգույցների վարիկոզ լայնացումն է, որն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են՝ անհարմարության կամ ցավի զգացողությունները, արյունահոսությունը, թութքային հանգույցների արտանկումը և այլն: Թութքը ամենատարածված հիվանդություններից մեկն է: Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակչության 10-15%-ը տառապում է այս հիվանդությամբ: Վիճակագրության համաձայն ավելի շատ հիվանդանում են տղամարդիկ, այնինչ կանայք ավելի հաճախ են դիմում բժշկական օգնության հավանաբար իրենց առողջությանն ավելի ուշադիր հետևելու պատճառով: Բացի տհաճ, անհանգստություն պատճառող զգացողություններից, այս հիվանդությունը վտանգավոր է, քանի որ կարող է բազմաթիվ բարդացումներ առաջացնել՝ մինչև անգամ երկաթի անբավարարությամբ անեմիայի (սակավարյունություն), թրոմբոզի, թութքային հանգույցների արտանկման:

Թութքի զարգացման պատճառները

Սա հետաքրքիր հիվանդություն է, որն առաջացել է որպես ուղղահայաց քայլելու «փոխհատուցում»: Այսպիսի խնդիր կենդանիները չեն ունենում, ոչ՛ կատուները, ոչ՛ էլ շները կամ ձիերը: Այդ բոլոր կենդանիների դեպքում ձգողականության ուժն ազդում է հավասարապես, այդ պատճառով արյունը չի կուտակվում կենդանիների հետևի ոտքերում և աղիների ստորին շրջանում: Իսկ ահա ուղղահայաց քայլելու պատճառով մարդու վրա ձգողականության ուժը մեծացնում է այդ շրջանի անոթների լարվածությունը: Այս հիվանդության առաջացումը մեծապես կախված է մասնագիտությունից և ապրելակերպից: Այդ պատճառով էլ սա համարվում է այն մասնագիտությամբ մարդկանց հիվանդություն, ովքեր ստիպված են երկար ժամանակ նստած լինել, ինչպես՝ վարորդները, ծրագրավորողները, հաշվապահները, ուսուցիչները: Թութքի զարգացմանը նպաստում են երկարատև փորկապությունը, հղիությունը և ծննդաբերությունը, այսինքն՝ իրավիճակներ, երբ տեղի է ունենում ներորովայնային ճնշման խիստ բարձրացում:

Թութքի ախտանշանները

Թութքի ախտանշաններն են՝

  • դեֆեկացիայի՝ կղազատման ժամանակ ուղիղ աղիքի արյունային արտադրություն,
  • կղանքում արյան հետքեր,
  • թութքային հանգույցների արտանկում,
  • ցավ և գրգռվածություն հարհետանցքային շրջանում:

Թութքի ախտորոշումը

Թութքի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում է բժիշկ-պրոկտոլոգը: Կախված հիվանդի գանգատներից և կլինիկական պատկերից՝ անցկացվում են հետևյալ հետազոտությունները՝

  • Մատով հետազոտություն, որը կատարվում է բոլոր հիվանդների դեպքում և համարվում է պրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշման գլխավոր մեթոդ։
  • Ռեկտոռոմանոսկոպիա՝ ուղիղ աղու և սիգմայաձև աղու ստորին հատվածների հետազոտման ամենատարածված, հստակ և հուսալի մեթոդ: Իրականացվում է ռեկտոռոմանոսկոպի միջոցով: 
  • Անոսկոպիա՝ հետանցքային ուղու և ուղիղ աղիքի հետազոտություն է անոսկոպիայի միջոցով (ռեկտալային հայելի): 
  • Կոլոնոսկոպիա՝ հաստ աղու էնդոսկոպիկ հետազոտություն: 
  • Իրիգոսկոպիա՝ հաստ աղու ռենտգենային հետազոտություն: 
  • Կոպրոգրամմա՝ կղանքի որակական բաղադրության հետազոտություն, այսինքն՝ չմարսված սննդի մնացորդների, այլ մարմինների կամ լորձի հայտնաբերում: 
  • Կղանքի հետազոտություն գաղտնի արյան առկայությունը պարզելու համար: 
  • Արյան հետազոտություն անեմիայի առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար (թութքի ժամանակ քրոնիկական արյունահոսությունների պատճառով արյան մեջ կարող է նվազել հեմոգլոբինի մակարդակը և այլն):

Ի՞նչ կարող եք անել դուք

Եթե նկատել եք թութքի ախտանշաններ, փորձեք հնարավորինս շուտ խորհրդակցել պրոկտոլոգի հետ: Պետք չէ հետաձգել բժշկի այցը, քանի որ անվնաս թվալով՝ թութքը կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Թութքի բուժման ընթացքում մեծ նշանակություն ունի քրոնիկական փորկապության դեմ պայքարը՝ բջջանյութի մեծ քանակությամբ սննդակարգի (բանջարեղեն, մրգեր, թեփ և այլն) միջոցով, կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարելով և տարատեսակ լուծողական միջոցներ ընդունելով:

Ինպե՞ս կարող է օգնել բժիշկը

Ուղիղ աղու բորբոքվածությունն ու ցավը նվազեցնելու համար կիրառվում են ռեկտալ՝ ուղիղաղիքային մոմիկներ, տարատեսակ գելեր: Այնինչ բուժման գլխավոր մեթոդը վիրահատական միջամտությունն է: Դրա տեսակը կախված է հիվանդության ընթացքի ծանրությունից և արագությունից:

Թութքի բարդացումները

Թութքի ամենավտանգավոր բարդացումը թութքային հանգույցների թրոմբոզն է բորբոքային պրոցեսի ուղեկցությամբ: Այս հիվանդությանը բնորոշ են ցավի կտրուկ սրացումը, դրա քրոնիկական բնույթը, ոչ միայն դեֆեկացիայի այլև քայլելու ընթացքում աաջացած անհարմարությունը: Այսպիսի հիվանդներին շտապ անհրաժետ է հոսպիտալացնել:

views 42419
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը