Միկոպլազմոզ

Միկոպլազմոզ

Միկոպլազմոզը հիվանդություն է, որն առաջացնում են միկոպլազմաները: Միկրոօրգանիզմների տվյալ տեսակը համարվում է պայմանական-ախտաբանական (պաթոգեն): Այսինքն` միկոպլազմաները կարող են առկա լինել լիովին առողջ մարդկանց օրգանիզմում և ոչ մի կերպ չդրսևորվել, բայց, այնուամենայնիվ, մի շարք հիվանդությունների՝ այդ թվում միզասեռական միկոպլազմոզի պատճառ դառնալ:

Միկոպլազմաները, ինչպես և մյուս սեռավարակները, փոխանցվում են կոնտակտային ճանապարհով, մեկ զուգընկերոջից մյուսին չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ: Վարակված մոր օրգանիզմից միկոպլազմաները հղիության կամ ծննդաբերության ընթացքում կարող են նաև հայտնվել փոքրիկի օրգանիզմում:

Կարդացեք՝  Ուրեապլազմա և միկոպլազմա

Ինչպե՞ս է արտահայտվում հիվանդությունը

Սովորաբար միկոպլազմոզի ժամանակ արտահայտված ախտանշաններ չեն դիտվում: Հաճախ այս հիվանդությունն ընթանում է գրեթե աննկատ, սակայն որոշ դեպքերում այն ակտիվանում է, և ախտանշաններն արտահայտվում են:

Կանանց դեպքում արտահայտվում է որովայնի ստորին հատվածի ձգող բնույթի ցավեր, հեշտոցային արտադրություն, տհաճ զգացողություններ, միզարձակման ժամանակ քոր և նույնիսկ այրոց: Բարդանում է նաև սեռական կյանքը, միկոպլազմոզով տառապող կինը, սեռական հարաբերության ժամանակ անհարմարություն և նույնիսկ ցավ է զգում:

Հղի կանանց համար միկոպլազմոզը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ նպաստում է ինքնաբեր վիժումներին, պտղաջրերի վաղ արտահոսքին և վաղաժամ ծննդաբերությանը: Բացի այդ միկոպլազմաներն առաջացնում են ծննդկանի ջերմաստիճանի բարձրացում, ինչպես նաև նորածինների պնևմոնիա և նույնիսկ այնպիսի լուրջ հիվանդություն, ինպիսին մենինգիտն է:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, սովորաբար նրանք գանգատվում են առավոտյան ժամերին միզուկի լորձանման արտադրությունից: Ինչպես նաև որովայնի ստորին հատվածի ցավերից և միզարձակման ժամանակ այրող զգացողությունից: Երբեմն միկոպլազմաները հասնում են մինչև շագանակագեղձ և առաջացնում բորբոքային գործընթացներ՝ զարգանում է պրոստատիտ: Որոշ դեպքերում կարող է նաև բորբոքվել ամորձին: Այն մեծանում է չափերով, այտուցվում և կարմրում: Տղամարդը զգում է ցավ շեքի, աճուկի և առնանդամի հատվածներում:

Վերոնշյալ բոլոր ախտանշանները հատուկ են ոչ միայն միկոպլազմոզին, այլև միզասեռական որոշ հիվանդություններին: Հենց այդ պատճառով տվյալ հիվանդության ախտորոշումը կարող է առաջացնել մի շարք բարդություններ:

Պատճառը բացահայտելու համար կատարվում է սննդային միջավայրի ցանքս: Հետազոտության այս մեթոդը շատ հստակ է, բայց օրգանիզմում միկոպլազմայի առկայությունը բացահայտելուց զատ անհրաժեշտ է որոշել դրա տեսակը: Դրա համար կիրառվում են լաբորատոր ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են իմունաֆերմենտային կամ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը:

Ինչպե՞ս բուժել միկոպլազմոզը

Ավելորդ է խոսել այն մասին, որ բուժումը պետք է նշանակի բժիշկ-մասնագետը. չէ՞ որ սեռական ցանկացած օրգանի բորբոքումը հղի է վտանգավոր հետևանքներով, ընդհուպ մինչև անպտղություն: Այդ իսկ պատճառով ցանկացած նման վարակի բուժումը պետք է իրականացվի ժամանակին և լինի ադեկվատ:

Միկոպլազմոզի բուժման դեղամիջոցների հիմնական խումբ են համարվում հակաբիոտիկները: Բժիշկը կօգնի ձեզ ճիշտ ընտրել դեղերը: Միկոպլազմաները կայուն են որոշակի հակաբիոտիկների հանդեպ, հենց այդ պատճառով նման միջոցներն ընտրվում են անհատական կերպով և ինքնաբուժումն այստեղ անթույլատրելի է: Բարեհաջող ելքի կարևոր պայման է երկու զուգընկերների միաժամանակյա բուժումը: Հակառակ դեպքում մեծ է վարակի կրկնության հավանականությունը:

Թերապիայի ավարտից հետո հիվանդը պետք է անցնի կրկնակի հետազոտություն, որպեսզի բժիշկը համոզված լինի ամբողջական վերականգնման հարցում:

views 15533
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը