Ինչո՞ւ են հղիության թեստերը երբեմն սխալ արդյունք ցույց տալիս
Այսօր կանանց ճնշող մեծամասնությունը հղիության հաստատման կամ ժխտման նպատակով առաջին հերթին օգտվում է տան պայմաններում անցկացվող թեստերից: Վերջիններս մատչելի են, պարզ, հարմար և արագ: Գրեթե միշտ (97-99%) թեստը հավաստի պատասխան է ցույց տալիս: Իսկ մնացյալ 1-3%-ը ոչ: Ինչ պատճառներով են հղիության թեստերը երբեմն սխալվում:
Ի՞նչ սկզբունքով է աշխատում հղիության թեստը
Խնդրի էությունը հասկանալու համար նախ պարզենք, թե ինչպես է թեստն աշխատում: Եթե մի կողմ դնենք սուբյեկտիվ զգացողությունները, ապա հղիության ամենավաղ նշանը սաղմի կողմից արտադրվող մարդու խորիոնային գոնադոտրոպինն է, որն անցնում է ինչպես արյան, այնպես էլ հղի կնոջ մեզի մեջ: Հենց այս հորմոնն է, որի նկատմամբ զգայուն է թեստը:
Ավելի պարզ ասած՝ թեստի ներծծող հատվածը, որն ընկղմվում է մեզի մեջ, պարունակում է մի նյութ, որը քիմիապես կապված է գունանյութի հետ: Մեզի մեջ ՄԽԳ-ի առկայության դեպքում հղիությունը հաստատող գծիկի հատվածում, որը ևս մեկ բաղադրիչ է պարունակում, ռեակցիա է տեղի ունենում, գունանյութն ազատ է արձակվում և երևում է գունավոր գծիկը (հաճախ մորեգույն կամ կապույտ): Եթե վերոնշյալ հորմոնը բացակայում է, ապա ռեակցիա տեղի չի ունենում, և գծիկը չի գունավորվում: «Ստուգիչ գծիկը» պարունակում է մի նյութ (ռեագենտ), որի հետ փոխազդելիս գունանյութն ազատ է արձակվում ցանկացած դեպքում, անկախ մեզում ՄԽԳ-ի առկայությունից:
Կեղծ բացասական արդյունք
Պետք է ասել, որ կեղծ բացասական արդյունքը (երբ կա հղիություն, սակայն թեստն այն ցույց չի տալիս) ավելի հաճախ է հանդիպում, քան կեղծ դրական արդյունքը: Պատճառը հաճախ թեստի սխալ կիրառումն է կամ շտապողականությունը: Թեստերի առավելագույն զգայունակությունը, ավելի ճիշտ՝ ՄԽԳ-ի նվազագույն քանակը 20-25 մՄՄ/մլ է (գործնականում մոտ 50): Արյան շիճուկում ՄԽԳ-ի խտությունը բեղմնավորումից միայն 7-10-րդ օրն է հասնում այդ ցուցանիշին և շարունակվում է կրկնապատկվել յուրաքանչյուր 2-3-րդ օրը: Մեզի մեջ հորմոնի քանակը մոտավորապես կրկնակի քիչ է, քան արյան մեջ: Հետևաբար թեստը հնարավոր է անցկացնել բեղմնավորումից հետո 10 օրից ոչ շուտ, իսկ հավաստի պատասխան ստանալու համար՝ դաշտանի ուշացման առաջին օրից սկսած, ինչպես և խորհուրդ են տալիս թեստեր արտադրողները:
Կեղծ բացասական պատասխանի այլ պատճառներից են.
- Թեստից առաջ մեծ քանակությամբ հեղուկի կամ միզամուղ դեղամիջոցների օգտագործումը:
- Երիկամների և սրտանոթային համակարգի այնպիսի հիվանդությունները, որոնք խոչնդոտում են բավարար խտությամբ ՄԽԳ-ի արտազատմանը:
- Կենսաքիմիական հղիությունը կամ վիժման վտանգը: Այս դեպքում ՄԽԳ-ի խտությունը նվազում է:
- Արտարգանդային կամ մեռելածին հղիությունը: ՄԽԳ-ի պարունակությունն ավելի քիչ է, քան արգանդային հղիության պարագայում:
Կեղծ դրական արդյունք
Կեղծ դրական արդյունքն ավելի հազվադեպ է հանդիպում, քանի որ կնոջ օրգանիզմում հղիության բացակայության պայմաններում ՄԽԳ-ի արտազատման պատճառներն այնքան էլ շատ չեն: Հնարավոր է, որ թեստը երկու գծիկ ցույց տա.
- Ծննդաբերությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում (ինչպես հեշտոցային, այնպես էլ կեսարյան հատմամբ):
- Վիժումից, արտարգանդային հղիության հեռացումից կամ աբորտից հետո:
- ՄԽԳ արտադրող թրոֆոբլաստիկական ուռուցքների առկայության պայմաններում:
- ՄԽԳ դեղամիջոցների ընդունման դեպքում (վերջին ընդունումից հետո մոտավորապես 10 օրվա ընթացքում):
Հավաստի արդյունք ստանալու համար անհրաժեշտ է արյան շիճուկում ՄԽԳ-ի առկայության քանակական հետազոտությունն անել 2 անգամից ոչ պակաս, 2-3 օր ընդմիջումով: ՄԽԳ-ի խտության նվազումը վկայում է, որ դուք հղի չեք:
Սխալմունքի այլ պատճառներ
Կան մի շարք գործոններ, որոնց պատճառով թեստը սխալ արդյունք է ցույց տալիս, ընդ որում՝ և՛ դրական, և՛ բացասական պատասխանի դեպքում:
Հղիության թեստ. ինչին ուշադրություն դարձնել
Անորակ թեստ: Ցածրորակ թեստերի դեպքում ստուգիչ գծիկը խոնավանալիս կարող է ներթափանցել հղիությունը հաստատող գծիկի հատված, ինչը թյուրիմացաբար ընդունվում է որպես դրական արդյունք:
Անպիտան թեստ: Տուփի վրա սովորաբար նշվում է, որ, եթե թեստի վրա ոչ մի գծիկ չի հայտնվում, նշանակում է, որ պիտանի չէ: Ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այս հանգամանքին:
Թեստի պահպանման պայմաններ: Սխալ պահպանման դեպքում, ինչպես գնելուց առաջ, այնպես էլ հետո, հնարավոր է, որ թեստը սխալ արդյունք ցույց տա:
Պիտանելիության ժամկետ: Թեստը հետագայում օգտագործելու նպատակով գնելու դեպքում օգտագործելուց առաջ ուշադրությոն դարձրեք պիտանելիության ժամկետին:
Օգտագործման ձև: Հնարավոր է, որ թեստի սխալ անցկացումը հանգեցնի ինչպես կեղծ դրական, այնպես էլ կեղծ բացասական արդյունքի: Օրինակ՝ գծիկը մեզի մեջ անհրաժեշտ քանակով չընկղմելու դեպքում հնարավոր է, որ մեզն ընդհանրապես չներծծվի արդյունքների հատվածում:
Արդյունքները տուփի վրա նշված ժամկետից ուշ մեկնաբանելու դեպքում գունանյութը կարող է տարածվել շրջակա միջավայրի գործոնների կամ խոնավության ազդեցությամբ:
Մեզի մեջ սպիտակուցների առկայություն: Թեստ-գծիկի գործող նյութը բնույթով սպիտակուցային է, ըստ այդմ՝ տրամաբանական կլինի եզրակացնել, որ մեզի մեջ սպիտակուցի առկայությունը կարող է խեղաթյուրել արդյունքը:
Հոգեբանական գործոն: Հատկապես զգայուն և կասկածամիտ կանայք հղիության պլանավորման դեպքում կարող են ոչ միայն զգալ գոյություն չունեցող հղիության բոլոր նախանշանները, այլև տեսնել երկրորդ գծիկն այնտեղ, որտեղ այն չկա: Այս պարագայում լավ կլինի թեստի մեկնաբանումը վստահել այլ մարդու՝ ամուսնուն, ընկերուհուն, մորը և այլն:
Ինչպե՞ս խուսափել սխալներից
Որպեսզի կեղծ հույսեր չփայփայեք և զուր տեղը չընկճվեք, թեստն անցկացնելիս պետք է հստակ առաջնորդվել հրահանգներով, ինչպես նաև կարելի է՝
- անցկացնել ոչ թե մեկ, այլ երկու թեստ (տարբեր արտադրողների),
- թեստը կրկնել 2-3 օր հետո՝ անկախ սկզբնական արդյունքից,
- արյուն հանձնել ՄԽԳ-ի առկայությունը որոշող հետազոտության համար (ցանկալի է պարբերաբար՝ 2-3 օր ընդմիջմամբ):