Ինչո՞ւ է աչքից արտադրություն գալիս և ի՞նչ է հարկավոր անել

Ինչո՞ւ է աչքից արտադրություն գալիս և ի՞նչ է հարկավոր անել

Ե՞րբ է հարկավոր դիմել բժշկի

• Աչքից արտազատվում է մեծ քանակությամբ արտադրություն, որն ունի դեղնա-կանաչավուն կամ սպիտակ գույն,

• Աչքը մաքրելուց հետո կրկին առաջանում է արտադրություն, և դուք դժվարանում եք բացել ձեր աչքերը։

• Տեսողությունը դարձել է ոչ պարզ։

• Լույսի նկատմամբ զգայունություն ունեք. լույսին նայելը ցավ է առաջացնում։

• Աչքը, որից արտադրություն է առաջանում, այտուցվել և կարմրել է։

• Առկա է աչքերի ցավ: Այս գանգատներից յուրաքանչյուրը կարող է լինել վարակի ախտանիշ: Ինչո՞ւ է աչքից արտադրություն առաջանում, ի՞նչ անել...

Աչքի արտադրությունը կարող է ունենալ նաև անվնաս պատճառներ:

1. Աչքի լորձ Առավել տարածված արտադրություն է սովորական լորձը, որն արտադրվում է աչքի շաղկապենու բորբոքման (կոնյուկտիվիտ) պատճառով: Արտադրության հետ մեկտեղ աչքի անկյուններում կամ թարթիչների աճի գծով կարող է կուտակվել ճարպ, մեռած մաշկի բջիջներ և փոշի:

Ի՞նչ անել

Լորձը, որ հայտնվում է քնելուց հետո, տհաճ է թվում, բայց այն լիովին անվտանգ է և կարելի է տաք ջրով հեշտությամբ հեռացնել:

2. Կոնտակտային ոսպնյակներ

Որոշ մարդկանց մոտ կոնտակտային ոսպնյակները, նույնիսկ եթե դրանք օգտագործվում են համաձայն հրահանգների, կարող են առաջացնել աչքի բորբոքում կամ գրգռում: Բորբոքման վտանգը մեծանում է, եթե մոռանում եք հեռացնել ոսպնյակները քնելուց առաջ:

Ի՞նչ անել

Քնելուց առաջ անպայման հեռացրեք կոնտակտային ոսպնյակները: Եթե ինչ-ինչ պատճառներով դա անհնար է, խնդրեք ակնաբույժին հատկացնել գիշերային կրման համար նախատեսված ոսպնյակներ:

Մեկ այլ տարբերակ՝ փորձեք օգտագործել մեկօրյա օգտագործման ոսպնյակներ: Եթե ոսպնյակներն օգտագործում եք՝ խստորեն պահպանելով բոլոր հրահանգները, բայց արտադրությունն ավելի ու ավելի շատանում է, ապա որքան հնարավոր է շուտ դիմեք ակնաբույժի:

3. Աչքի քրոնիկ չորություն

Կան բազմաթիվ պատճառներ, որոնց հետևանքով աչքերի լորձաթաղանթը կարող է չորանալ: Չորությունը հանգեցնում է նրան, որ արցունքի արտադրությունը քչանում է և չի կարողանում մաքրել աչքը կուտակված ճարպից, փոշուց և մեռած բջիջներից։ Այդ իսկ պատճառով արտադրության քանակը մեծանում է:

Ի՞նչ անել

Ուշադրություն դարձրեք ախտանիշներին: Եթե լորձաթաղանթը չորանում է, ի հայտ են գալիս հոգնածություն, այտուց, այրոց, տեսողության վատթարացում, աչքի մեջ օտար մարմնի առկայության զգացողություն։ Եթե առկա են նման ախտանշաններ, խորհրդակցեք ակնաբույժի հետ, ով կօգնի ապահովելու աչքերի անհրաժեշտ խոնավությունը:

4. Աչքի վնասվածք

Ցանկացած օտար նյութ՝ փոշի, կոսմետիկա, օծանելիք, աչքի մեջ թափանցելով կարող է վնասել լորձաթաղանթը: Առատ արցունքաբերությունն ու արտադրությունը աչքի վնասվածքի վառ ախտանշաններից են։

Ի՞նչ անել

Եթե վնասվածքը զգալի չէ (օրինակ՝ պատահաբար օծանելիքը ցանել եք աչքի մեջ), փորձեք մաքուր տաք ջրով աչքի լվացում կատարել։ Սակայն, եթե վնասվածքից հետո դուք նկատում եք արյունային կամ թարախային արտադրություն, ապա հարկավոր է անմիջապես դիմել ակնաբույժի:

5. Ալերգիկ շաղկապենաբորբ (կոնյուկտիվիտ)

Այսպես են անվանում ալերգենների՝ փոշի, բույսերի փոշի, տնային կենդանիների մորթու թեփ, պատճառով առաջացած շաղկապենաբորբը։

Ալերգիկ շաղկապենաբորբի մասին են վկայում կարմրած, այտուցված և արցունքոտված աչքերը: Երբեմն այս ախտանիշներն ուղեկցվում են արտադրությամբ:

Ի՞նչ անել

Ալերգիկ շաղկապենաբորբը բուժվում է այլ ալերգիկ ռեակցիաների նման՝ անտիհիստամինային միջոցների օգտագործմամբ: Նման միջոցները աչքերի բուժման համար թողարկվում են կաթիլների ձևով։ Խորհուրդ է տրվում դեղամիջոցի ընտրության հարցում դիմել բժշկի խորհրդատվության։

6. Շաղկապենաբորբ

Շաղկապենաբորբն առաջանում է ոչ միայն ալերգիկ ռեակցիայի հետևանքով։ Աչքի բորբոքման, ցավի, քորի և այտուցի պատճառ կարող են լինել նաև վիրուսները և բակտերիալ վարակները, ինչպես նաև աչքի մեջ ներթափանցած օտար նյութերը, որոնք գրգռում են աչքը:

Ի՞նչ անել

Անպայման դիմեք ակնաբույժի: Ժամանակին բուժում չստանալու դեպքում վարակը կարող է տարածվել և ախտահարել տեսողական համակարգը։ Բժիշկը կկատարի ճշգրիտ ախտորոշում և կնշանակի անհրաժեշտ դեղորայք, օրինակ, աչքի կաթիլներ։

7. Կոպաբորբ (բլեֆարիտ)

Այսպես է կոչվում կոպերի բորբոքումը։ Կոպաբորբն առաջացնում է այտուց, ցավ, թարթիչների արմատների շրջանում մաշկի շերտազատում և ճարպի արտադրություն։ Երբեմն արտադրությունը դառնում է այնքան առատ, որ թարթիչները միանում են իրար, և անձը դժվարանում է բացել աչքերը։

Ի՞նչ անել

Բամբակի կամ թանզիֆի մի կտոր թրջեք մաքուր տաք ջրի մեջ, դրեք աչքի վրա և թողեք 10 րոպե։ Այնուհետև բամբակի օգնությամբ կոկիկ մերսման շարժումներով հեռացրեք արտադրությունը:

8. Եղջերենաբորբ (կերատիտ)

Եղջերենաբորբը եղջերաթաղանթի բորբոքումն է։ Այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ բակտերիալ կամ հերպետիկ վարակի, սնկի, ամեոբայի կամ, օրինակ, ուլտրամանուշակագույն այրվածքի, որն առաջանում է ամառային տաք եղանակին արևային ակնոց չկրելու հետևանքով։

Ի՞նչ անել

Եթե եղջերենաբորբը ժամանակին չբուժվի, կարող է հանգեցնել եղջերաթաղանթի վրա սպիների ձևավորման, ինչպես նաև տեսողության ժամանակավոր կամ նույնիսկ մշտական կորստի: Հետևաբար, ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է շուտափույթ դիմել բժշկի։

9. Տրախոմա Տրախոման աչքի բակտերիալ վարակ է, որը առաջանում է հատուկ մանրէի՝ chlamydia trachomatis-ի, պատճառով։ Վաղ փուլերում տրախոման հիշեցնում է կոնյուկտիվիտի ախտանիշներ` այտուց, քոր, արտադրություն:

Ի՞նչ անել

«Trachoma»-ն աշխարհում տարածված վարակիչ կուրության հիմնական պատճառն է։ Հետևաբար, փոքր-ինչ կասկածանքի դեպքում հարկավոր է դիմել ակնաբույժի։

10. Գորդեոլում

Գորդեոլումը բորբոքում է, որ կարող է առաջանալ կոպի արտաքին կամ ներքին հատվածում: Առաջին դեպքում այն պայմանավորված է թարթիչի ֆոլիկուլի վարակման պատճառով։ Երկրորդի դեպքում՝ պատճառն արցունքագեղձի արգելափակումն է, որը գտնվում է կոպի ներքին հատվածում և արտադրում է արցունք՝ լորձաթաղանթը չորությունից պաշտպանելու համար։

Ի՞նչ անել

Հիմնականում գորդեոլումն ինքնուրույն անհետանում է 7-10 օրվա ընթացքում։ Գործընթացն ավելի արագացնելու նպատակով կարող եք տեղադրել տաք ջրով թրջոցներ։ Անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե մեկ շաբաթվա ընթացքում գորդեոլումը չի վերանում կամ չափերով չի փոքրանում։

11. Քովիդ

Որոշ դեպքերում, կորոնավիրուսային վարակն ազդում է աչքերի վրա և առաջացնում ալերգիկ կոնյուկտիվիտին բնորոշ ախտանիշներ: Տարբերակելու համար հիմնվեք Ձեր ինքնազգացողության վրա։ Եթե կոնյուկտիվիտին բնորոշ ախտանշաններն ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, հազով և ընդհանուր թուլությամբ, ուրեմն աչքերի բորբոքման պատճառը կորոնավիրուսն է:

Ի՞նչ անել

Վիճակը հեշտացնելու համար կիրառեք աչքերի թրջոցներ: Օրինակ՝ մաքուր բամբակյա սպունգը թրջեք տաք ջրի մեջ և դրեք աչքերին։ Կարող եք նաև աչքերը ծածկել սառը, խոնավ սրբիչով։ Թույլատրվում է օգտագործել նաև ցավազրկող միջոցներ, օրինակ, իբուպրոֆեն, իսկ աչքերին կաթացնել հակահիստամինային կաթիլներ կամ «արհեստական արցունք» առաջացնող միջոցներ: Եթե կոնյուկտիվիտի նշանները չեն անհետանում, խորհրդակցեք ակնաբույժի հետ:

Ի՞նչ անել աչքի արտադրության առաջացումից խուսափելու համար։ Անշուշտ, չեք կարող լիովին պաշտպանել աչքերը վարակներից կամ վնասվածքներից, բայց կարող եք նվազեցնել ռիսկերը:

• Հաճախակի լվացեք ձեռքերը: Հաճախ մենք անգիտակցաբար շոշափում ենք աչքերը, իսկ վարակի տարածման հավանականությունը կեղտոտ ձեռքերի դեպքում ավելի մեծ է:

• Ուշադրություն դարձրեք ձեր շարժումներին և փորձեք չդիպչել դեմքին և հատկապես աչքերին:

• Եթե շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի առջև կամ պարզապես զգում եք աչքերի չորություն, ապա օգտագործեք «արհեստական արցունք» առաջացնող կաթիլներ:

• Զգուշորեն մաքրեք աչքերի առավոտյան արտազատուկը տաք ջրով թրջված բամբակի օգնությամբ։

• Եթե կրում եք կոնտակտային ոսպնյակներ, ուշադիր հետևեք ձեր աչքերի զգացողությանը: Անհանգստության կամ արտադրության առաջացման դեպքում խորհրդակցեք ակնաբույժի հետ:

• Եթե նախկինում ունեցել եք աչքի վարակ, ապա փոխարինեք այդ ժամանակաշրջանում օգտագործված կոսմետիկ միջոցները նորով։

• Հնարավորության դեպքում խուսափեք ալերգեններից. օրինակ՝ մի զբոսնեք ալերգիա առաջացնող բույսերի փոշոտման շրջանում։
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 
 
 
 
 
 

 
 
 
 

 
 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: