Ցիստիտը հղիության ընթացքում

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որի պատճառ հաճախ դառնում են վարակները։ Այսուհանդերձ կա նաև ոչ վարակային ցիստիտ, օրինակ՝ ալերգիկ, տոքսիկ և այլն։ Առավել հաճախ ցիստիտով հիվանդանում են կանայք․ միկրոօրգանիզմներն ավելի հեշտորեն են թափանցում կնոջ օրգանիզմ, քան տղամարդու, ինչը կապված է միզապսեռական համակարգի առանձնահատկությունների հետ։
Առաջին հայացքից ցիստիտը բավականին անվնաս է թվում։ Միաժամանակ այն շատ տհաճ է իր ախտանշաններով, իսկ երբեմն էլ հնարավոր են նաև բարդություններ։ Հղիության ընթացքում հիվանդության անբարենպաստ ընթացքը հատկապես վտանգավոր է։
Հղի կանանցից յուրաքանչյուր տասներորդը ցիստիտ է ունենում, ընդ որում, եթե կինը մինչև հղիությունն արդեն ունեցել է ցիստիտ, ապա հիվանդության զարգացման վտանգը կտրուկ աճում է։
Ինչո՞ւ է հղիության ընթացքում ցիստիտն առավել հաճախ զարգանում
Ամենայն հավանականությամբ պատճառը մեզի նորմալ արտահոսքի խանգարումն է: Մեծացող արգանդը ճնշում է միզապարկը և միզուղիները, ինչի արդյունքում մեզը լճանում է միզապարկում: Դա հանգեցնում է միզապարկի պատերի գրգռման, ինչն էլ հենց բարձրացնում է վարակների զարգացման հավանականությունը։ Բացի այդ, ավելանում է մեզի հակառակ արտահոսքի հավանականությունը դեպի երիկամներ, ինչը կարող է հանգեցնել պիելոնեֆրիտի զարգացման։
Ցիստիտի ախտանշանները
Հիմնական ախտանիշներն են ՝ որովայնի ստորին հատվածում ցավը, հաճախակի և ցավոտ միզումը: Հաճախ այն ուղեկցվում է մարմնի բարձր ջերմաստիճանով։ Սովորաբար բժիշկը հեշտությամբ է ախտորոշում այս հիվանդությունը։ Այս հիվանդության աննշան կասկածի դեպքում բժիշկը պետք է հղի կնոջն ուղղորդի հանձնել մեզի ընդհանուր անալիզ։
Եթե հղի կնոջ մեզում հայտնաբերվել են լեյկոցիտներ և պաթոգեն միկրոօրգանիզմներ, ապա կատարվում է նախնական ախտորոշում `ցիստիտ: Սակայն ախտորոշման հաստատման համար պահանջվում են հավելյալ հետազոտություններ։ Առաջարկվում է սեռական օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, ցիստոսկոպիա և այլն:
Այդ անհրաժեշտ է միզասեռական համակարգի համակցված հիվանդությունները բացառելու (կամ հայտնաբերելու) համար: Հնարավոր է, որ միզապարկում քարեր կամ գոյացություն լինի։ Հաճախ հղի կանանց մոտ ցիստիտն ընթանում է առանց ախտանշանների։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր այցելության ժամանակ հղի կինը հանձնի նաև մեզի անալիզ։
Հղիության ընթացքում ցիստիտի դեպքում դեղամիջոցների և անգամ որոշ խոտաբույսերի ընդունումն արգելվում է, քանի որ ոչ բոլորն են բարենպաստ ազդեցություն թողնում երեխայի առողջության վրա։