Վուլվիտ

Վուլվիտ

Վուլվիտը վուլվայի բորբոքումն է, որն արտահայտվում է արտաքին սեռական օրգանների շրջանում անհարմարությամբ, ցավով, այրոցով և այլ ախտանշաններով, որոնց կանդրադառնանք քիչ ուշ։ Հիվանդությունը կարող է բարդանալ՝ դրսևորվելով հեշտոցի և արգանդի պարանոցի բորբոքմամբ, ինչպես նաև վերքերի առաջացմամբ։

Առաջացման պատճառները

Վուլվիտի հիմնական պատճառը սեռական օրգանների միկրոֆլորայի փոփոխությունն է։ Ախտածին հարուցիչներից են տրիխոմոնադները, գոնոկոկները, կանդիդա սնկերը և վիրուսները (օրինակ՝ հերպես)։ Հիմնականում տրիխոմոնադային, գոնոկոկային և վիրուսային վուլվիտները վարակված զուգընկերոջ հետ չպաշտպանված սեռական ակտի հետևանք են լինում։

Վուլվիտի առաջացմանը նպաստող գործոններից են՝

  • անձնական հիգիենայի կանոնների խախտում, 
  • հակաբիոտիկների ընդունում առանց վերահսկման, 
  • միզապարկի բորբոքում (ցիստիտ), 
  • շաքարային դիաբետ, 
  • ճարպակալում, 
  • շնչառական սուր հիվանդություններ, 
  • արտաքին սեռական օրգանների մեխանիկական կամ քիմիական գրգռում, 
  • ալերգիկ ռեակցիաներ, 
  • սինթետիկ ներքնազգեստի կրում և այլն։ 

Ախտանշանները

Վուլվիտի հիմնական ախտանշանները արտաքին սեռական օրգանների շրջանում այրոցն ու ցավն են, որոնք կարող են ուժգնանալ քայլելիս։ Դիտվում է նաև թափանցիկ, սպիտակավուն, դեղնավուն, կանաչավուն կամ կաթնաշոռանման արտադրություն, որը հոսում է հեշտոցից։ Հնարավոր է նաև ջերմության բարձրացում և թուլություն։ Գոնորեային վուլվիտի դեպքում գաղտնի շրջանը տևում է 2-10 օր, իսկ տրիխոմոնադայինի դեպքում՝ միջինում տասն օր։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է հետևյալ մեթոդներով՝ 

  • հիվանդի գանգատների վերլուծում և կյանքի ու հիվանդության անամնեզի հավաքագրում, 
  • արտաքին սեռական օրգանների զննում, 
  • գինեկոլոգիական բիմանուալ հետազոտություն, 
  • գինեկոլոգիական քսուքի հետազոտություն, 
  • մանրէաբանական հետազոտություն հակաբիոտիկի ընտրության նպատակով, 
  • մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • ՊՇՌ հետազոտություն։ 

Բուժումը

Վուլվիտի բուժումը ենթադրում է արտաքին սեռական օրգանների մշակում հակաբորբոքային պրեպարատներով։ Օգտագործվում են նաև հեշտոցային մոմիկներ հակամանրէային ազդեցությամբ։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում է նաև հակաբիոտիկ։ Օրգանիզմի դիմադրողականության համար նշանակվում են վիտամինային-հանքանյութային կոմպլեքսներ և իմունիտետն ամրացնող դեղամիջոցներ։ Սեռավարակի առկայության դեպքում զուգնկերը նույնպես պետք է բուժում ստանա։

Կանխարգելումը

Վուլվիտի կանխարգելումը շատ նման է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելմանը։

Հարկավոր է՝ 

  • վաղ հայտնաբերել և բուժել փոքր կոնքի օրգանների վարակիչ ու բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև սեռավարակները, 
  • պահպանել հիգիենայի կանոնները, 
  • պահպանակ օգտագործել, 
  • խուսափել պատահական սեռական կապերից, 
  • դիմել բժշկի առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն ունենալուց հետո, 
  • պարբերաբար (առնվազն տարին երկու անգամ) դիմել գինեկոլոգի, 
  • առողջ ապրելակերպ վարել՝ հրաժարվելով վնասակար սովորություններից, 
  • արյան մեջ վերահսկել գլյուկոզայի մակարդակը,
  • վերահսկել մարմնի զանգվածը։
views 9268
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում