Ծննդաբերությունը բազմապտուղ հղիության դեպքում

Ծննդաբերությունը բազմապտուղ հղիության դեպքում

Բազմապտուղ հղիության դեպքում ծննդաբերությունը հատուկ ուշադրություն է պահանջում, քանի որ ֆիզիոլոգիական ծննդաբերության հաջող ընթացքի համար պետք է ապահովել մի քանի պայման, իսկ մյուս դեպքերում ցուցված է կեսարյան հատում կատարել։

Բազմապտուղ հղիության միջին տևողությունը 37 շաբաթ է, այսինքն՝ հաճախ ծննդաբերությունը վաղաժամ է լինում։ Այդպես է լինում արգանդի գերձգման, մոր օրգանիզմի մեծ ծանրաբեռնվածության, ընկերքային արյան հոսքի անբավարարության, գեստոզի պատճառով և այլն:

Կեսարյան հատման ստանդարտ հակացուցումների բացակայությունից բացի (ընկերքի առաջադրություն, գեստոզ, ընկերքի շերտազատում, կլինիկորեն նեղ կոնք և այլն) բազմապտուղ հղիության դեպքում ֆիզիոլոգիական ծննդաբերություն չի լինում հետևյալ դեպքերում՝

  • չզարգացած հղիություն (34 շաբաթից փոքր ժամկետ), 
  • ծննդուղիների անպատրաստություն, 
  • առաջին պտուղը հետույքային կամ միջաձիգ դիրքում է, 
  • մոնոամնիոտիկ զույգ, 
  • եռյակ։

Բազմապտուղ հղիության ժամանակ բնական ծննդաբերության համար լավագույն պայմաններն են՝

  • երկու պտուղներն էլ գլխային դիրքում են, 
  • հղիության ժամկետը 36 շաբաթականից մեծ է, 
  • պտուղների քաշը 2.5-3կգ է: 

Եթե անգամ հղիությունն ընթանում է առանց բարդությունների, երկվորյակի դեպքում վերջին երկու, իսկ եռյակի դեպքում՝ չորս շաբաթը ցուցված է անցկացնել ստացիոնարում։

Բազմապտուղ հղիության դեպքում ծննդաբերությունը կարող է առանձնահատուկ բարդություններ ունենալ։ Երեխաների ծնունդը երբեմն երկարաձգվում է ծննդաբերական գործունեության թույլ լինելու պատճառով և որքան երկար ժամանակ է անցնում առաջին երեխայի ծնունդից հետո, այնքան վատ է լինում երկրորդ երեխայի համար։

Այդ շրջանում հնարավոր է, որ երկրորդ երեխայի թթվածնաքաղց, ընկերքների (կամ ամբողջական ընկերքի) վաղաժամ շերտազատում սկսվի և այլն: Ուստի եթե երկրորդ երեխայի ծնունդն ուշանում է, ապա վակուում էքստրակտորի, մանկաբարձական աքցանների միջոցով երեխային դուրս բերելու անհրաժեշտություն է առաջանում, առանձին դեպքերում կեսարյան հատում է կատարվում։

Մոնոամնիոտիկ երկվորյակի ծննդյան դեպքում հնարավոր է երեխաների պորտալարերի միահյուսում առաջանա, ինչպես նաև այլ խնդիրներ, որոնք դժվարացնում են ծննդաբերությունը։ Այդպիսի դեպքերում պլանային կեսարյան հատում է կատարվում։ Բարդություններ կարող են առաջանալ նաև հետծննդաբերական շրջանում․ բազմապտուղ հղիությունից հետո հիպոտոնիկ արգանդային արյնահոսության հավանականությունն ավելի մեծ է, քան միապտուղ հղիությունից հետո։

Բազմապտուղ հղիության դեպքում, եթե չկան հակացուցումներ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը հիմնականում հաջող է անցնում, բայց երբեմն չի կարելի բացառել նաև անկանխատեսելի բարդությունների առաջացումը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար