Թոքային զարկերակի ճյուղերի էմբոլիա

Թոքային զարկերակի ճյուղերի էմբոլիա

Կլինիկական պատկերը

Կլինիկական պատկերը կախված է թոքային զարկերակի ճյուղերի փակվածության աստիճանից և տարածվածությունից։ Զանգվածային ԹԶՃԷ-ն առաջանում է հանկարծակի և ավարտվում մահվամբ։ Թոքային սեգմենտար զարկերակների էմբոլիան սովորաբար արտահայտվում է թոքային-պլևրալ համախտանիշով, որը բնորոշվում է շնչելիս կրծքի ցավով, չոր հազով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Առավել տարածուն թրոմբոէմբոլիան ուղեկցվում է թոքասրտային անբավարարությամբ, կրծքավանդակի ցավով, գիտակցության անսպասելի կորստով։ Դիտվում է ցիանոզ, երակների փքվածություն, մակերեսային շնչառություն, տախիկարդիա և այլն։

Ախտորոշումը

Ախտորոշումը հիմնվում է հղի կնոջ գանգատների և կլինիկական համապատասխան պատկերի վրա։

Անամնեզ

ԹԶՃԷ ունեցող հղի կնոջ հիվանդության պատմության մեջ առկա է լինում՝

  • ճարպափոխանակության խանգարում, 
  • մեծ ենթամաշկային երակի մակերեսային թրոմբոֆլեբիտ, 
  • սրունքի խորքային երակների թրոմբոզ, 
  • իլեոֆեմորալ թրոմբոզ, 
  • սրտի ռևմատիկ արատներ, 
  • բորբոքային հիվանդություններ, 
  • արյան մակարդման համակարգի խանգարումներ հիպերկոագուլյացիայի երևույթներով, 
  • կոմբինացված օրալ բեղմնականխիչների երկարատև օգտագործում, 
  • գլյուկոկորտիկոիդների ընդունում, 
  • երիկամների հիվանդություն, 
  • ծանր գեստոզ։ 

Ֆիզիկալ հետազոտություն

Ֆիզիկալ հետազոտության ընթացքում գնահատում են՝

  • մաշկի և լորձաթաղանթների գույնը (ցիանոզ), 
  • շնչառության բնույթն ու պարբերականությունը (շնչարգելություն, արագացած շնչառություն), 
  • անոթազարկի հաճախականությունը (տախիկարդիա)։ 

Լաբորատոր հետազոտություններ

Պարզում են մակարդման համակարգի վիճակը, գնահատում են հետևյալ պարամետրերը՝

  • թրոմբոպլաստինային ակտիվացված մասնակի ժամանակ,
  • կոագուլագրամա, 
  • պրոթրոմբինային ինդեքս, 
  • ֆիբրինոգեն, 
  • թրոմբոցիտների ագրեգացիա։ 

Գործիքային հետազոտություններ

Որպես գործիքային հավելյալ մեթոդ կատարում են էլեկտրասրտագրություն և կրծքավանդակի ռենտգենագրաֆիա։


Բուժումը

Բուժման նպատակն է՝

  • թրոմբոէմբոլիայի տարածման կանխում, 
  • շնչառության վերականգնում, 
  • թոքային հեմոդինամիկայի կարգավորում, 
  • հեմոստազի օպտիմիզացիա։ 

Դեղորայքային բուժում

Անցկացնում են թրոմբոլիտիկ և համակարգային հակաթրոմբոտիկ թերապիա։

Վիրահատական բուժում

ԹԶՃԷ-ի բուժմամբ զբաղվում է անոթային վիրաբույժը։ Ընդ որում՝ հնարավոր է էմբոլէկտոմիա կատարել թոքային զարկերակից։ Բուժումն իրականացվում է ստացիոնար պայմաններում։ ԹԶՃԷ ունեցող հղի կանանց դեպքում մանկաբարձական տակտիկան կախված է նրանց վիճակի ծանրությունից և հղիության ժամկետից։

Առաջին եռամսյակում ի հայտ գալու դեպքում խելամիտ կլինի ընդհատել հղիությունը՝ պայմանավորված հիվանդի ծանր վիճակով և տևական հակակոագուլյանտային թերապիայի անհրաժեշտությամբ։

Երկրորդ և երրորդ եռամսյակում հղիության պահպանման հարցը լուծվում է անհատական մոտեցմամբ՝ կախված հղի կնոջ և պտղի վիճակից։ Ծանր վիճակի դեպքում ծննդալուծումն իրականացվում է կեսարյան հատման միջոցով։

Հիվանդի բավարար վիճակի դեպքում, երբ ԹԶՃԷ-ի առաջացումից մինչև ծննդաբերությունն անցել է մեկ ամսից ավել և հեմոդինամիկական ցուցանիշները կանոնավորվել են, ծննդաբերությունը կարող է կատարվել բնական ճանապարհով։ Հետվիրահատական շրջանում բուժումը շարունակվում է համապատասխան դեղամիջոցներով, վիրաբույժի և սրտաբանի վերահսկողությամբ։

Կանխարգելումը

  • Ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում։ 
  • Հղի կանանց հեմոստազի հետազոտություն։ 
  • Գեստոզի կանխարգելում և բուժում։ 
  • Կոագուլոպատիկ, մետաբոլիկ և իմունային խանգարումների վաղ ախտորոշում և բուժում։ 
  • Երկարատև անկողնային ռեժիմի դեպքում ոտքերի վարժությունների կատարում։ 
  • Թրոմբոզի բարձր ռիսկի դեպքում անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, կրել առաձգական զուգագուլպաներ և այլն։

views 6132
Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Հղի կանանց

Պտղի ժամանակավոր խնդիրներ հղիության ընթացքում, որոնք սովորաբար անցնում են մինչև ծննդաբերություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիություն

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Նորածին երեխայի խնամքը

Հղի կանանց

Նորածին երեխայի խնամքը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրում

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը