Ձվարանների սկլերոկիստոզ

Ձվարանների սկլերոկիստոզ

Ձվարանների սկլերոկիստոզի դեպքում մեծ քանակությամբ փոքրիկ կիստաներ են առաջանում, ինչի հաշվին վերջիններս մեծանում են և պատվում անթափանցելի թաղանթով։ Երբեմն այդ համախտանիշն անվանում են Շտեյն Լևենտալի համախտանիշ։ Սովորաբար սկլերոկիստոզն առաջանում է ձվարանների պոլիկիստոզի հետևանքով և հաճախ հանգեցնում անպտղության։

Կարդացեք՝ Հորմոնային անպտղություն

Պատճառները

Սկլերոկիստոզի զարգացման գործում մեծ դեր է խաղում սեռական հորմոնների սինթեզման խանգարումը, ինչպես նաև էնդոկրին բոլոր օրգանների աշխատանքի խանգարումը։ Մի շարք բժիշկներ կարծում են, որ սկլերոկիստոզն առաջանում է ֆոլիկուլախթանիչ հորմոնի չափից շատ արտադրվելու հետևանքով, ինչը հանգեցնում է ձվարանի բնականոն աշխատանքի խաթարման և նրանում փոքրիկ կիստաների առաջացման։ Որոշակի դեր է խաղում նաև լյուտեինիզացնող հորմոնի սինթեզման խանգարումը։

Կարդացեք՝ Հորմոնային խանգարման նշանները

Տեսակները

Սկլերոկիստոզը լինում է բնածին՝ ժառանգաբար փոխանցված, և ձեռքբերովի։ Սովորաբար այս խնդիրն ունենում են աղջիկները սեռահասունացման շրջանից հետո և երբևէ չծննդաբերած երիտասարդ կանայք։

Ախտանշանները

Սկլերոկիստոզի բնորոշ ախտանշաններն են՝

  • ձվարանների շեշտակի և երկկողմանի մեծացում, 
  • դաշտանային ցիկլի խանգարում, 
  • անպտղություն, 
  • մարմնի մազակալում, 
  • արգանդի, սեռական օրգանների և կրծքի հիպոպլազիա, 
  • գիրացում, 
  • հորմոնների հավասարակշռության խախտում։

Հնարավոր է ընդհանուր ինքնազգացողության վատացում անդրոգենների և մակերիկամային հորմոնների անհավասարակշռության պատճառով, ընդհանուր թուլություն և գունատություն, գլխացավ, հոգնածություն, նևրասթենիա, անքնություն, սեռական ցանկության անկում և այլն։

Սկլերոկիստոզի հաճախադեպ ախտանշաններից մեկը դաշտանի բացակայությունն է կամ խանգարումը․ նախ դաշտանը երկարում է, դառնում առատ կամ, ընդհակառակը, սակավարյուն, այնուհետև լիովին կորչում է։

Ախտորոշումը

Ախտորոշման հիմք են ծառայում այցելուի վերոնշյալ գանգատները, սոնոգրաֆիան կամ լապարասկոպիան։ Գինեկոլոգիական զննման ընթացքում բժիշկը շոշափում է բնական չափերի կամ փոքրացած արգանդը, մեծացած և կոշտացած ձվարանները (ձվարանները հազվադեպ են փոքրանում)։ Հիմքային ջերմաստիճանի չափմամբ, կոլպոցիտոգրամայով և էնդոմետրիումի հետազոտմամբ ֆունկցիոնալ թեստերը վկայում են միափուլ ցիկլի մասին, ինչը խոսում է ձվազատման բացակայության մասին։

Գործիքային ախտորոշումն իրականացվում է ՈւՁՀ-ի միջոցով․ սարքի էկրանին երևում են կոշտացած ձվարանները՝ պատված պիրկ թաղանթով և լցված կիստաներով և այլն։ Ինվազիվ ախտորոշման նպատակով կիրառում են ախտորոշիչ լապարասկոպիան։ Լաբորատոր ախտարոշումը ենթադրում է շիճուկում հորմոնների մակարդակի որոշում․ հետազոտվում են սեռական հորմոնները, հիպոֆիզի հորմոները, մակուղեղի և վահանաձև գեղձի հորմոնները։

Բուժումը

Սկլերոկիստոզի բուժմամբ զբաղվում են գինեկոլոգը և էնդոկրինոլոգը։ Առանձնացվում են բուժման ավանդական և վիրաբուժական մեթոդներ։ Ավանդական բուժման դեպքում դեղորայքի միջոցով խթանում են ձվազատումը, կարգավորում լյուտեինիզացնող հորմոնի մակարդակը, նվազեցնում անդրոգենների մակարդակը, վերացնում մակերիկամների խնդիրները, կարգավորում դաշտանային ցիկլը։ Վիրահատական բուժման դեպքում ձվարանի վրայի պիրկ թաղանթը հատվում է լապարասկոպիայի միջոցով։

Պետք է ասել, որ վիրահատական բուժման արդյունքը կայուն չէ, միջինում 6 ամսից մեկ տարի է պահպանվում։ Նշանակվում է այն դեպքում, երբ դեղորայքային բուժումն անարդյունավետ է անցնում։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում