Միկոպլազմոզը հղիության ընթացքում

22.08.20174814

Հաճախ հղիության ընթացքում հայտնաբերվում են այնպիսի հիվանդություններ, որոնք երբևէ զգալ չեն տվել: Այդ պատճառով էլ հարկավոր է դեռևս հղիության պլանավորման փուլում երեխայի համար վտանգավոր միշարք հիվանդությունների հայտնաբերման հետազոտություններ կատարել: Այդ հիվանդություններից է միկոպլազմոզը, որը հիանալի ենթարկվում է բուժման և հետևանքներ չի ունենում կնոջ համար, իսկ այ հղիության բնականոն ընթացքի վրա կարող է բացասաբար անդրադառնալ:

Միկոպլազմոզի հարուցիչը միկոպլազման է՝ միաբջիջ օրգանիզմ, որ չի դասվում ո՛չ վիրուսների, ո՛չ բակտերիաների դասին: Միկոպլազման կարող է ապրել մարդու օրգանիզմում և իրեն զգալ չտալ այնքան ժամանակ, մինչև որ իմունային համակարգը կթուլանա: Հղիության ընթացքում դիմադրողական համակարգը թուլանում է հիմնականում հորմոնային փոփոխությունների արդյունքում:

Միկոպլազմոզի դեպքում միզասեռական օրգաններում բորբոքային պրոցեսներ են հայտնաբերվում, որոնց պատճառով վիժման կամ վաղաժամ ծննդաբերության, գերջրության, ընկերքի առաջադրության, հետծննդաբերական բարդությունների վտանգ է առաջանում: Հետևաբար հարկավոր է միկոպլազմոզը հայտնաբերելուն պես սկսել բուժումը, ընդ որում` ոչ միայն կնոջ, այլև ամուսնու:

Որոշ դեպքերում միկոպլազմոզի ախտանշանները նման են լինում միզասեռական այլ վարակների ախտանշաններին՝ արտադրություն, քոր, միզելիս՝ այրոց, ցավ սեռական հարաբերության ընթացքում: Հաճախ միկոպլազմոզը շփոթում են սնկային հիվանդության հետ, ուստի հարկավոր է հետազոտության (ցանքս, ՊՇՌ) միջոցով տարբերել դրանք:

Միկոպլազմոզը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, հազվադեպ՝ կենցաղային սերտ շփման ընթացքում: Արտաքին պայմաններում հիվանդության հարուցիչն արագ ոչնչանում է, սակայն որոշ ժամանակ կարող է ապրել ներքնաշորի կամ սրբիչների վրա:

Միկոպլազմոզի բուժումը կատարվում է հակամանրէային և իմունախթանիչ դեղամիջոցներով՝ սկսած երկրորդ եռամսյակից: Արագ ապաքինման հարցում կարևոր դեր են խաղում նաև վիտամինները: Միկոպլազմոզի հանդեպ իմունիտետ չի առաջանում, օրգանիզմի դիմադրողականությունը լիովին կախված է կնոջ իմունային համակարգի ընդհանուր վիճակից: Պետք է հաշվի առնել, որ հակաբիոտիկները ոչնչացնում են նաև լորձաթաղանթի օգտակար միկրոֆլորան, ուստի բուժման կուրսից հետո հարկավոր է պրոբիոտիկներ օգտագործել: Բուժումից մեկ ամիս անց պետք է հետազոտվել թերապիայի ազդեցությունը գնահատելուհամար:

Միկոպլազմոզի կանխարգելումը ոչնչով չի տարբերվում սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների կանխարգելումից: Սեռական հարաբերության ընթացքում պետք է պաշտպանվել պատնեշային միջոցներով, պարբերաբար այցելել գինեկոլոգի և առողջ ապրելակերպ վարել:

Հիշեցում՝ միկոպլազման կարող է հայտբավերվել նաև սեռական կյանքով չապրող աղջկա մոտ: