Ամնիոտոմիա (պտղապարկի հատում)

Ամնիոտոմիա (պտղապարկի հատում)

Երբեմն ապագա մայրերը, իրենց ընկեր-ընկերուհիներից լսելով ամնիոտոմիայի մասին, հարցնում են բժշկին դրա նպատակահարմարության և անվտանգության մասին: Պտղապարկը խիստ կարևոր դերակատարում ունի ծննդաբերության ժամանակ: Ամեն ճիգի դեպքում բարձրացած ներորովայնային ճնշումը փոխանցվում է պտղաձվին (պտղաթաղանթներ, պտղաջրեր և պտուղ): Պտղաջրերը ներարգանդային ճմշման տակ տեղաշարժվում են ներքև` դեպի արգանդի ելքը, ինչի հետևանքով պտղապարկը սեպի նման խրվում է արգանդի վզիկի խողովակի մեջ` նպաստելով արգանդի վզիկի բացվելուն:

Բնականոն պայմաններում արգանդի վզիկի լրիվ կամ թերի բացման ժամանակ պտղապարկը պատռվում է, և առաջային պտղաջրերի արտահոսքի հետ պտղի առաջադիր մասը` գլուխը, առանց դիմադրության իջնում է փոքր կոնքի խոռոչ: Երբեմն պտղաթաղանթների չափազանց կարծրության դեպքում պտղապարկը ինքնուրույն չի պատռվում` չնայած արգանդի վզիկի լրիվ բացմանը: Այդ դեպքում բժիշկը հատուկ գործիքի օգնությամբ կատարում է ամնիոտոմիա` պտղապարկի հատում:

Ամնիոտոմիայի համար ցուցումները, հակացուցումները և կատարման պայմանները բավականաչափ խիստ են: Ծննդաբերության դեղորայքային դրդումը, պտղապարկի հատման հետ զուգորդված, կատարվում է այն դեպքում, երբ հղիության ժամկետի ձգձգումը վտանգավոր է մոր կամ պտղի համար: Նման ծննդաբերությունը կոչվում է ինդուկցված: Եվ այսպես, ամնիոտոմիա կատարվում է ուշացած գեստոզի` հղիության մի բարդության դեպքում, երբ մոր բոլոր օրգան-համակարգերի գործառույթը խանգարվում է, իսկ պտուղը տուժում է: Գեստոզը հաճախ դրսևորվում է զարկերակային գերճնշմամբ, այտուցներով, սպիտամիզությամբ: Հաճախ ամնիոտոմիան իրագործվում է ընկերքային քրոնիկական անբավարարության դեպքում, երբ պտուղը չի հագենում թթվածնով և սննդանյութերով, իսկ դեղանյութերը ցանկալի արդյունք չեն տալիս:

Պտղապարկի հատումը ծննդաբերության սկզբում կատարվում է նաև պտղաջրերի առատության, մոր քրոնիկական հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են զարկերակային գերճնշմամբ, ինչպես նաև մի շարք այլ դեպքերում: Ծննդաբերության դրդման արդյունավետությունն ապահովող կարևորագույն նախապայմաններից մեկը կնոջ ծննդաբերական ուղիների՝ ծննդաբերությանն առավելագույն նախապատրաստված վիճակի մասին վկայող նշանների առկայությունն է: Հղիության ընթացքում արգանդի վզիկը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ծննդաբերությունից առաջ այն փափկում է, կարճանում, փոքր-ինչ բացվում:

Բարդությունները

Պտղի փոքր մասերի և պորտալարի արտանկում, անոթների վնասում վերջինի և թաղանթների միջև կպումների դեպքում:

Ինչպե՞ս է իրականացվում ամնիոտոմիան

Միջամտության համար կինը պառկում է գինեկոլոգիական բազկաթոռին կամ ծննդաբերական մահճակալին, ինչպես սովորական գինեկոլոգիական զննման ժամանակ: Արտաքին սեռական օրգանները մշակելուց հետո բժիշկը հականեխված ձեռնոցով մտցնում է ցուցամատն ու միջնամատն արգանդի վզիկի մեջ: Միաժամանակ պետք է գնահատել մանկաբարձական վիճակը (ծննդաբերական ուղիների պատրաստվածության աստիճանը, պտղի գլխիկի ճիշտ ներդրումը, համոզվել կնոջ կոնքի տձևությունների բացակայության մեջ), որոշել պտղապարկի ստորին բևեռը և խիստ խնամքով մատի ուղղությամբ անցկացնելով հատուկ գործիքը՝ պատռել այն: Այնուհետև մատների հսկողությամբ բժիշկն զգուշորեն դուրս է թողնում պտղաջրերը` պտղի գլուխը պահելով, որպեսզի խուսափի պորտալարի կամ պտղի վերջույթների արտանկումից: Համոզվելով, որ պտղի գլուխը լավ սեղմված է փոքր կոնքը մուտքում, միջամտությունը դադարեցվում է: Բժիշկը կրկին գնահատում է պտղի սրտխփոցը, հսկում պտղի վիճակը և ծննդկանի ծննդաբերության գործընթացը: Ամնիոտոմիայի իրագործման ընթացքում կինը սովորաբար ցավ չի զգում, քանի որ պտղապարկը նյարդային վերջույթներ չունի. հնարավոր է փոքր-ինչ անհարմարություն, ինչպես սովորական մանկաբարձական զննման ժամանակ:

Պտղաջրեր

Պտղաջրերի բնույթով կարելի է գաղափար կազմել պտղի վիճակի, թթվածնային քաղցի (հիպօքսիա) մասին: Բնականոն վիճակում պտղաջրերը թափանցիկ են, կարող են լինել դեղնավուն երանգով` առանց տհաճ հոտի: Եթե դրանք պղտոր են, կանաչ կամ գորշավուն, տհաճ հոտ ունեն, ապա դա կարող է պտղի ներարգանդային հիպօքսիայի նշան լինել:

Կարդացեք՝  Պտղաջուր․ ի՞նչ է, ինչպե՞ս է առաջանում, ինչի՞ն է ծառայում

Պտղապարկը հատելու պայմանները

Ամնիոտոմիայի իրականացման անհրաժեշտ պայմաններն են հասուն արգանդավզիկը և հակացուցումների բացակայությունը: Հարկ է հիշել, որ ծննդաբերության ընթացքը ճիշտ կարող է գնահատել միայն բժիշկը:

Նմանատիպ նյութեր

Կորդոցենտեզ

Կորդոցենտեզ

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: