Տեսողությունը հղիության և ծննդաբերության ժամանակ

30.03.201713285

Շատերը նախապատրաստվում են հղիությանը, ոմանք էլ ոչ, սակայն բոլոր դեպքերում պետք է ուշադիր լինել, իմանալ, ճանաչել սեփական օրգանիզմը, որպեսզի կասկածելի փոփոխությունների դեպքում անմիջապես դիմեք բժշկի։

Տեսողության առանձնահատկությունները հղիության ընթացքում

  • Հորմոնային վերակառուցման ֆոնին հնարավոր է, որ աչքերում չորություն զգացվի։ 
  • Տեսողության մթագնում, հատկապես դիրքը կտրուկ փոխելիս, օրինակ, երբ անկողնուց շեշտակի վեր կենալիս։ Ուղեկցվում է գլխապտույտով։ Եթե այդ վիճակն անցնում է վայրկյաններ անց, ապա անհանգստանալու կարիք չկա, քանի որ հղիության վաղ ժամկետներում այն բնական է։

Աչքերի հետազոտություն

Հղի բոլոր կանայք պետք է այցելեն ակնաբույժի խորհրդատվության 12-14-րդ շաբաթականում և 32-36 շաբաթականում։ Հետազոտությունն ուղղված է տեսողական համակարգի հետ կապված բարդությունների կանխարգելմանը, ինչպես նաև ծննդալուծման համապատասխան մեթոդի ընտրությանը։ Իսկզբանե սովորական տեսողություն ունեցող կանանց հետազոտումը սահմանափակվում է պլանային զննմամբ, տեսողության սրության և ակնահատակի վիճակի ստուգմամբ, իսկ աչքերի հիվանդություն (միոպիա, հիպերմետրոպիա, գլաուկոմա) ունեցող կանայք ստիպված կլինեն հաճախ այցելել բժշկի։

Հիվանդություններ, որոնք կարող են ուղեկցվել աչքերի (ակնահատակի) պաթոլոգիայով՝

  • անոթային հիպերտոնիա, 
  • շաքարային դիաբետ, 
  • վահանաձև գեղձի հիվանդություններ (հիպոֆունկցիա, հիպերֆունկցիա),
  • թրոմբոֆիլիա և հեմոստազի այլ խնդիրներ, 
  • անամնեզում կենտրոնական երակի կամ ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակի թրոմբոզ, 
  • երիկամների հիվանդություն, 
  • կերատոկոնուս,
  • ապակենման մարմնի պաթոլոգիկ փոփոխություններ, 
  • ակնաշարժ մկանի պաթոլոգիաներ:

Միոպիան և հղիությունը

Միոպիան կամ կարճատեսությունը աչքերի տարածված հիվանդություն է։ Միոպիայի ժամանակ ցանցաթաղանթը ենթարկվում է միոպիկ փոփոխությունների, ինչը կարող է բերել վտանգավոր բարդությունների:

Միոպիան պրեէկլամպսիայի ուղեկցմամբ։ Պրեէկլամպսիան միշտ ուղեկցվում է անոթների ֆունկցիաների խանգարմամբ, անցանելիության մեծացմամբ և հատկապես փոքր անոթների տոնուսի խանգարմամբ։ Արդյունքում խանգարվում է նաև ակնահատակի արյունաշրջանառությունը։ Ի հայտ եկած բարդությունները չբուժելու դեպքում փոփոխությունները դառնում են օրգանական և կարող են պահանվել նաև հղիությունից հետո։

Միոպիա և անեմիա։ Սակավարյունության՝ անեմիայի դեպքում արյան մեջ թթվածնի քանակը նվազում է և կարող է ակնահատակի անոթների սպազմ առաջանալ, դա էլ իր հերթին բերում է սնուցման խանգարման: Միոպիա և անոթային հիպոտենզիա։ Անոթային ցածր ճնշման դեպքում ևս խանգարվում է ակնահատակի անոթների արյան շրջանառությունը, ինչը վատացնում է տեղային սնուցումը։

Պերիֆերիկ խորիոռետինալային դիստրոֆիա՝ ցանցաթաղանթի ախտահարում

Ախտանշանները հղիության ընթացքում

  • Տեսողության մթագնում, առարկաների խեղաթյուրված ընկալում։ 
  • Աչքերի առջև լուսավոր փոքրիկ կետերի առաջացում։

Բուժումը

Անհետաձգելի վիճակների բուժումը, որոնց շարքին դասվում է նաև ՊԽԴ-ն, վիրահատական է։ Կատարվում է ախտահարված օջախների կոագուլյացիա լազերային ճառագայթով։ Պահպանողական բուժումը, որն անցկացվում է անգիոպատիայի դեպքում կամ հետվիրահատական շրջանում, ենթադրում է վիտամինների, մետաբոլիկ դեղորայքի և այլ միջոցների օգտագործում։ Մոր կարճատեսությունը պտղի համար վտանգավոր չէ, և ծննդաբերությունից հետո երեխայի հատուկ հետազոտում չի պահանջվում։

Հղիություն և հիպերմետրոպիա

Հիպերմետրոպիան կամ հեռատեսությունն ինքնին հակացուցում չէ ինքնուրույն ծննդաբերության համար։ Դիստրոֆիայի օջախների առկայության դեպքում կատարվում է լազերային բուժում։ Վտանգավոր չէ երեխայի համար և հատուկ հետազոտություն չի պահանջվում ծննդաբերությունից հետո։ Պետք է իմանալ, որ հեռատեսությունը, ինչպես և կարճատեսությունը, ժառանգական նախատրամադրվածություն կարող են ունենալ։ Երեխայի տեսողության գնահատումը կատարվում է 2-3 տարեկանից հետո, քանի որ նորածինները կարող են բնածին հիպերմետրոպիա ունենալ, որը բուժում և շտկում չի պահանջում։

Հղիություն և գլաուկոմա

Գլաուկոմայի դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը։ Ինքնին հակացուցում չէ հղիության համար։ Հորմոնային փոփոխությունների արդյունքում, երբ պրոգեստերոնի մակարդակը բարձրանում է, մեծանում է հյուսվածքների առաձգականությունը, գլաուկոմայի ընթացքը սովորաբար բարելավվում է։ Սրացում սովորաբար չի դիտվում հատուկ կաթիլների կանոնավոր օգտագործման դեպքում։ Պետք է, սակայն, իմանալ, որ ոչ բոլոր կաթիլներն են թույլատրելի հղիության ընթացքում, հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Կեսարյան հատման ցուցումները

Ցուցված է կեսարյան հատման դիմել, եթե առկա են տեսողական համակարգի հետևյալ խնդիրները՝

  • արագ զարգացող միոպատիա, 
  • տեսողական նյարդի պաթոլոգիա, ցանցաթաղանթի այտուցվածություն, շերտազատում և դիստրոֆիա, 
  • բարձր աստիճանի միոպիա, 
  • գլաուկոմա, 
  • կերատոկոնուս, 
  • շլություն, 
  • մի քանի գործոնի համակցում։ 

Այսօր աչքերի հիվանդություններն այնքան տարածված են, որ երբեմն կանայք այնքան ուշադրություն չեն դարձնում դրանց, որքան պահանջվում է։ Մի անտեսեք ակնաբույժի պլանային ստուգումները, հետազոտությունները և ծննդալուծման վերաբերյալ տրված խորհուրդները։