Թութքը հղիությունից առաջ և հետո

Թութքը հղիությունից առաջ և հետո

Թութքի խնդրին բախվում են հղի կանանցից շատերը, դրա մասին անդադար նշվում է և՛ գինեկոլոգների կողմից, և՛ հղիության մասին գրքերում ու համացանցի նյութերում: Իսկապես շատ մեծ է կանանց այն տոկոսը, ով հղիության հետևանքով թութք ունենում, փաստացիորեն հղի կանանց կեսն այս կամ այն աստիճանի թութք ունի: Ընդհանուր առմամբ այս հիվանդությունը, լինելով բավականին տհաճ, լուրջ խնդիրներ առանձնապես չի առաջացնում: Արդեն վաղուց գոյություն ունեն թութքի բուժման բազմահազար մեթոդներ՝ քսուքներ, հաբեր, ինվազիվ մեթոդներ: Դրանցից շատերը կարելի կիրառել նաև հղիության ընթացքում: Այնինչ լինում են դեպքեր, երբ թութքը մինչև հղիության ավարտն ընթանում է առանց ախտանշանների՝ ոչ մի կերպ չարտահայտվելով: Եթե ծննդաբերությունից առաջ թութքը չի նկատվել և չի բուժվել, ապա շատ հնարավոր է, որ կինը բախվի նրան ծննդաբերությունից հետո:

Նախքան ծննդաբերությունը և դրա ընթացքում թութքի զարգացման պատճառները

Թութքը, ինչպես գիտեք, համարվում է անոթային հիվանդություն: Դրա պատճառը փոքր կոնքի անոթներում արյան լճացումն է, որն առաջացնում է թրոմբոզ, բորբոքվածություն և թութքային հանգույցների լայնացում: Սովորաբար այս հիվանդությունն առաջանում է տարեց մարդկանց շրջանում, ովքեր երկար ժամանակ նստակյաց կամ ցածր ակտիվությամբ կյանք են վարում, ինչպես նաև դրա զարգացմանը նպաստում է սխալ սննդակարգը, որը առաջացնում է հաճախակի փորկապություն:

Ինչու՞ են այդ դեպքում այս տարիքային հիվանդությանը բախվում հղի կանայք: Դա կապված է մի շարք ֆիզիոլոգիական առաձնահատկություների և փոփոխությունների հետ, որոնք անխուսափելիորեն տեղի են ունենում հղի կնոջ օրգանիզմում: Նախ և առաջ պետք է ուշադրություն դարձնլ հորմոնային ֆոնի փոփոխություններին: Հղիության ընթացքում կնոջ արյան մեջ կտրուկ բարձրանում է պրոգեստերոնի մակարդակը: Մի շարք գործառույթներից զատ այս հորմոնը թուլացնում է օրգանները և անոթների պատերը: Դրա հետ կապված՝ փոքր կոնքի անոթների պատերը հեշտությամբ են ձգվում, ինչը նպաստում է դրանց ներսում արյան լճացման:

Հղի կանայք հաճախ են փորկապություն ունենում, որի պատճառ հանդիսանում է նաև պրոգեստերոնը և ոչ թե սխալ սննդակարգը, ինչպես լինում է սովորաբար: Ամբողջ խնդիրն այս դեպքում ևս հորմոնի թուլացնող ազդեցության մեջ է: Թուլացած աղիների գալարակծկանքը (պերիստալտիկա) վատանում է, ինչը նպաստում է կղանքի զանգվածների կոշտացման, իսկ դա հանգեցնում է փորկապության: Արդյունքում կինն ստիպված է լինում ուժ գործադրել, իսկ դա առաջացնում է թութքային հանգույցների լարվածություն:

Ծննդաբերությունից առաջ թութքի զարգացման ևս մեկ պատճառ է մեծացած արգանդը: Երեխան մեծանում է, նրա քաշն ավելանում է, արգանդը ձգվում է և սեղմում է փոքր կոնքի անոթները, փոքրիկն էլ իրենով ճնշում է անոթները: Հետևանքները նույնն են՝ արյան լճացում և թութք: Վերջին պատճառը հատկապես ակտուալ է լինում ծննդաբերությունից անմիջապես առաջ: Որոշ դեպքերում թութքը բացահայտվում է շատ ուշ, և ծննդաբերությունից առաջ դրա համապատասխան բուժում կատարելը դառնում է անհնար:

Ծննդաբերությունը թութքի առկայության պարագայում

Ահա հղիությունը մոտենում է ավարտին, իսկ կինը հանկարծ իմանում է, որ թութք ունի: Ինչպե՞ս վարվել այս դեպքում: Բուժելու համար ուշ է, իսկ ծննդաբերությունը սարսափ է առաջացնում:

Թութքը բնական եղանակով ծննդաբերության հակացուցում չէ, չնայած որ այն կարող է զգալիորեն բարդացնել դրա ընթացքը: Սովորաբար նույնիսկ քրոնիկական թութքը կեսարյան հատման պարտադիր ցուցում չէ, եթե իհարկե խոսքը ծայրահեղ՝ 4-րդ աստիճանի մասին չէ: Վիրահատության հարց կառաջանա, եթե առկա են թրոմբային հանգույցներ կամ առատ արյունահոսություն: Այնուամենայնիվ, դա ծայրահեղ իրավիճակ է և հանդիպում է հազվադեպ: Ցանկացած դեպքում ծննդալուծման որոշումը կայացվում է անհատապես՝ կախված տվյալ իրավիճակից և պրոկտոլոգի խորհրդատվությունից հետո միայն:

Եթե բնական ճանապարհով ծննդաբերության որոշում կայացվի, ապա պետք է պատրաստ լինեք․ թութքը և ծննդաբերությունը ոչ այնքան հաճելի համադրություն են: Մեծ է հավանականությունը, որ ծննդաբերությունն ավելի երկարատև և ցավոտ կլինի:

Ծննդաբերությունը կարող է զգալի վատթարացնել հիվանդությունը: Ինչո՞ւ: Ծնդդաբերությունն իրենով երկարատև և բարդ գործընթաց է, որ ենթադրում է շեքի և փոքր կոնքի մկանների լարում: Այդ շարքից դուրս չեն մնում նաև ուղիղ աղին, սեղմամկանները և իհարկե անոթները:

Շատ բան կախված է այն բանից, թե որքան երկար և ծանր կընթանա ծննդաբերությունը: Եթե ամեն բան արագ և թեթև անցնի, ապա բարդությունների համար կարելի է չմտահոգվել: Եթե ծննդաբերությունը երկարաձգվում է, կինն ստիպված է լինում երկար և լարված ուժ տալ, ապա բարդություններն ամենայն հավանականությամբ անխուսափելի կլինեն: Երբեմն թութքը ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո առաջանում է նաև այն կանաց դեպքում, ովքեր նման խնդիր չեն ունեցել հղիության ընթացքում:

Անոթներում արյան լճացմանը երկարատև լարվածությունից բացի նպաստում է նաև երեխայի շարժը ծննդաբերական ուղիներով, քանի որ այդ ընթացում նա կարող է դիպչել փոքր կոնքի անոթներին:

Եթե հղի կնոջ թութքային հանգույցների վիճակն այնպիսին է, որ մնում է ավելի լավ ելքի հույս փայփայել, ապա ծննդաբերության ընթացքում հնարավոր է նույնիսկ, որ դրանք արտանկեն բացված սեղմամկանի անցքից: Զգալի նշանակություն ունի, թե ինչ արագությամբ է սեղմամկանը (սֆինկտերը) հետ կծկվում:

Աստիճանական կծկման դեպքում թութքային հանգույցները նույնքան դանդաղ են թուլանում և հաճախ իրենք են զբաղեցնում նախկին դիրքը: Ծայրահեղ դեպքում մանկաբարձները հասցնում են արտանկած հանգույցները հետ դիրքավորել: Եթե սեղմամկանը արագ է կծկվում, ապա շատ հավանական է, որ առաջանա հանգույցների ճմլում: Այդպիսի իրավիճակը կոչվում է սուր թութք: Բարեբախտաբար դա բավականին հազվադեպ է տեղի ունենում:

Ինպե՞ս ծննդաբերության ժամանակ խուսափել թութքից: Ցավոք, եթե ծննդաբերությունն արդեն սկսվել է, բարդ է որևէ բան ձեռնարկել: Մնում է միայն լսել մանկաբարձին և կատարել նրա հրահանգները: Առանց բարդացումների, առանց թութքի և պատռվածքի առաջացման, անվտանգ և թեթև ծննդաբերության գրավականը դրա ընթացքն է՝ ճիշտ և ժամանակին կատարվող ծննդաբերական ճիգերով և ավելորդ մկանային լարվածության բացակայությամբ:

Թութքը ծնդաբերությունից հետո

Պետք չէ մոռանալ ձեր հանդեպ զգույշ և ուշադիր վերաբերմունքի մասին նաև ծննդաբերությունից հետո: Որոշ կանանց դեպքում թութքն առաջին անգամ ի հայտ է գալիս հենց ծննդաբերությունից հետո: Ի՞նչ է անհրաժեշտ անել այդ դեպքում: Գխավորը ժամանակին բժշկի դիմելն է: Ինչպես հղիության ընթացքում, այնպես էլ կրծքով կերակրման ժամանակահատվածում ինքնաբուժությամբ զբաղվել չի թույլատրվում, քանի որ շատ դեղամիջոցներ հայտնվում են կաթի մեջ, և հետևաբար նաև երեխայի օրգանիզմում՝ թողնելով վնասակար ազդեցություն: Թութքն առանց բուժման թողնելը նույնպես տարբերակ չէ, քանի որ իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանալու:

Թութքի ախտանշանները

Նախ անհրաժեշտ է խնդիրը ճանաչել, ինչը հեշտ չէ դրա առաջնային արտահայտման դեպքում: Ծննդաբերությունից հետո թութքի ախտանշաններ են՝ դեֆեկացիայի ժամանակ ցավը, սրբանում քորն ու այրոցը, ուղիղ աղում ճնշման զգացողությունը, երբ թվում է այնտեղ առկա է օտար մարմին: Այս փուլում արդեն անհրաժեշտ է բժշկի դիմել, հակառակ դեպքում, ծննդաբերությունից հետո կբախվեք այլ ախտանշանների, մասնավորապես՝ արտաքին թութքային հանգույցներ, արյունահոսություններ, դեֆեկացիայի ժամանակ սուր ցավ: Այս փուլում թութքը ոչ միայն մեծ խնդիր է դառնում, այլև պահանջում է ավելի բարդ բուժում:

Թութքի բուժումը

Ինչպե՞ս բուժել ծննդաբերությունից հետո առաջացած թութքը: Ցանկացած դեղատանը կգտնվեն բազմաթիվ միջոցներ, քսուքներ և մոմիկներ թութքի համար, այնինչ ինքուրույն ընտրել դեղամիջոց, ինչպես արդեն նշվել է, խորհուրդ չի տրվում: Նախնական շրջանում բժիշկները հիմնականում նախապատվությունը տալիս են քսուքներին, գելերին և մոմիկներին, այսինքն՝ տեղային ազդեցության միջոցների: Դրանք ամրացնում են անոթների պատերը, խթանում են խցանված անոթներից արյան հոսքի բարելավումը, ինչով էլ ընդհանուր առմամբ մեղմացնում են կնոջ վիճակը:

Դեղահաբերի անցնում են միայն այն դեպքում, երբ տեղային բուժումն արդյունք չի տալիս: Ընդ որում՝ դեղահաբն ընտրում են շատ զգուշորեն, քանի որ դրանք չպետք է թափանցեն կրծքի կաթի մեջ: Միայն ամենածայրահեղ դեպքերում են նշանակում բուժման ինվազիվ մեթոդներ, ինչպես կոագուլյացիան, այսինքն ինֆրակարմիր լույսի և լազերի կիրառումը, սկլերոթերապիան՝ հանգույցներում նյութերի ներարկում, որոնք սոսնձում են անոթների պատերը և վերջապես ամենաարդյունավետը՝ լեգիրումը: Այդ միջամտության դեպքում թութքային հանգույցին հագցնում են հատուկ ռետինակտոր, այն պարզապես չորանում է և դուրս գալիս դեֆեկացիայի ժամանակ: Բոլոր երեք մեթոդներն էլ արդյունավետ են, այնինչ չեն բացառում թութքի կրկնակի զարգացում:

Ցանկացած դեպքում ծննդաբերությունից առաջ կամ հետո առաջացած թութքը վաղուց արդեն խնդիր չի համարվում: Այսօր մշակված են բուժման և կնոջ վիճակը մեղմացնելու մեթոդներ, որոնք կիրառելի են հղիության ցանկացած փուլում և կրծքով կերակրման ժամանակահատվածում: Կնոջից պահանջվում է միայն ժամանակին դիմել բժշկի և ուշադիր հետևել նրա հրահանգներին, այլ ոչ թե դիմել ինքաբուժության՝ վտանգի ենթարկելով առողջությունն ու փոքրիկի վիճակը:

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…