Սիֆիլիս․ պատճառները, ախտանշանները, բուժումը

Սիֆիլիս․ պատճառները, ախտանշանները, բուժումը

Սա համակարգային քրոնիկական վարակիչ հիվանդություն է, հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով: Սիֆիլիսի ընթացքը փոփոխական է՝ ախտանշանների սուր և մեղմ արտահայտվող փուլերի հերթագայությամբ: Ծանր դեպքերում հիվանդությունը հանգեցնում է ներքին օրգանների, ոսկրահոդային և նյարդային համակարգերի ախտահարման:

Պատճառագիտությունը և վարակման ուղիները

Սիֆիլիսի հարուցիչը դժգույն տրեպոնեման է, այդպիսի անվանում ձեռք է բերել, քանի որ սովորական գունանյութերով ներկելիս և լուսային մանրադիտակով զննելիս մնում է անտեսանելի: Հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով՝ վարակի բաց օջախի հետ շփման արդյունքում (կարծր շանկր, սիֆիլիսային գումմա): Վարակը կարող է փոխանցվել նաև կենցաղային ճանապարհով (օրինակ՝ ընդհանուր սպասք օգտագործելիս), արյան միջոցով, ինչպես նաև մորից պտղին (բնածին սիֆիլիս): Վարակի բաց դռներից (մաշկի փոքր վնասվածքներ՝ աճուկային շրջանում, իրանի վրա, բերանի խոռոչի, սեռական օրգանների լորձաթաղանթին) հարուցիչը ներթափանցում է ավշային հանգույցներ, իսկ հետո՝ արյան շրջանառության մեծ շրջան:

Ախտանշաններ

Գաղտնի շրջանը տևում է միջինում 3-6 շաբաթ: Հիվանդության առաջին նշանը կարծր շանկրն է, վարակի հետ շփման տեղում առաջացած անցավ, կլոր խոցերը՝ 0.5-2 սմ տրամագծով, հարթ, փայլուն հատակով: Նման խոցերը սովորաբար չեն արյունահոսում և հակված չեն սերտաճման: Կարծր շանկրի առաջացումից հետո առաջին շաբաթվա ընթացքում լայնանում են ախտահարված շրջանի ավշահանգույցները (ի հայտ է գալիս տեղային լիմֆադենիտ): Հիվանդության այս շրջանը կոչվում է առաջնային սիֆիլիս: Երբեմն առաջնային օջախներ ընդհանրապես չեն լինում, կամ էլ լինում են ներքին սեռական օրգանների վրա (օրինակ՝ հեշտոցի պատին), ինչն էապես դժվարացնում է ախտորոշումը: Սիֆիլիսյան խոցը կարող է կրկնակի վարակվել: Այդ գործընթացն ուղեկցվում է շանկրի հատվածի այտուցվածությամբ, կարմրածությամբ, մակերևութային խոցերը կարող են թարախ արտադրել: Խոցային հատվածից վերցրված արտադրության հետազոտությունը միշտ չէ, որ ցույց է տալիս դժգույն տրեպոնեմայի առկայությունը, այդ պատճառով էլ հնարավոր է սխալմամբ բացառել սիֆիլիսի առկայությունը:

Վարակման պահից մոտ 2-3 ամիս անց, երբ մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում է ընդհանուր ցան, կարելի է խոսել հիվանդության երկրորդային շրջան անցնելու մասին: Այս փուլում սովորաբար առաջնային օջախներն անհետանում են՝ թողնելով սպիական փոփոխություններ: Մաշկային երևույթները երկրորդային սիֆիլիսի ժամանակ պայմանավորված են մաշկի խորը շերտերում տեղի ունեցող անոթային փոփոխություններով: Ցանը տեղակայվում է իրանի, վերջույթների, դեմքի վրա, ինչպես նաև ձեռքերի ու ոտքերի ափերին: Ցանը լինում է բծավոր, պղպջակների կամ բշտիկների տեսքով, ունենում է մուգ կարմիր երանգ, որը ժամանակի ընթացքում գունատվում է: Ցանի օջախները ձևավորվում են անփոփոխ ֆոնի վրա, առանձին տարրերը լորձանալու հակում չունեն: Հազվադեպ ցանի առաջացումը կարող է ուղեկցվել քորով:

Կղանքի հետազոտության միջոցով երկրորդային սիֆիլիդներից բացահայտվում է դժգույն տրեպոնեման, որն էլ խոսում է դրանց վարակունակության մասին: 10% դեպքերում լորձաթաղանթների վրա, կաթնագեղձերի տակ, անութային շրջանում գերաճ է նկատվում: Դրանք լայն կանդիլոմաներ են, որոնք բնորոշվում են մեծ վարակիչ հատկությամբ: Ցանի առաջացումը երբեմն ուղեկցվում է թեթև հիվանդագին երևույթներով, կոկորդի ցավով, ջերմության բարձրացումով: Երկրորդային շրջանի տևողությունը մի քանի օր է: Բուժման բացակայության դեպքում հիվանդությունն անցնում է լատենտային (առանց ախտանշանների) ձևի: Այդ տեսակը մնում է վարակիչ և կարող է փոխանցվել մորից երեխային: Կարող է ընթանալ մի քանի տարի կամ ամբողջ կյանքում: Այդ շրջանում արյան մեջ հայտնաբերվում են հիվանդության հարուցիչի հակամարմիններ:

Հիվանդների գրեթե 30%-ի դեպքում սիֆիլիսն անցնում է երրորդային շրջանի, որը բնորոշվում է ներքին օրգանների և համակարգերի ծանր, կործանիչ ախտահարումներով: Այդ շրջանի սիֆիլիդները (գումմա) մաշկի վրա արտահայտվում են եզակի, անցավ, խիտ պալարների տեսքով, որոնք հասնում են մաշկի խորը շերտեր և ենթամաշկային-ճարպային շերտ: Գումմայի կենտրոնում հաճախ հայտնաբերվում է նեկրոզային հատված, որը հետագայում ձևավորում է խորն սպի: Նման գումմաներ կարող են հայտնվել ցանկացած ներքին օրգանում: Առավել հաճախ ներգրավվում են ոսկրաաճառային հյուսվածքները և նյարդային համակարգը: Առաջին դեպքում առաջանում են ճեղքեր կարծր և փափուկ քիմքում, քթի աճառներում և կոկորդում: Նյարդային համակարգի վարակումը (նեյրոսիֆիլիս) առաջացնում է ուղեղային թաղանթի ախտահարման ախտանշաններ, հանգեցնում է կտրվածքների ձևավորման և պարալիչի առաջացման, ինչպես նաև հոգեկան խանգարումների: Սրտանոթային համակարգում գումմայի առաջացումը լի է վտանգներով՝ անևրիզմ (անոթի պատի լայնացում), աորտայի պատի բորբոքում, սրտի անոթների նեղացում եւ այլն:

Ախտորոշումը

Գոյություն ունեն արյան բազմաթիվ հետազոտություններ, որոնք թույլ են տալիս բացահայտել սիֆիլիսը: Դրանք բոլորը հիմնված են հատուկ հակամարմինների բացահայտման վրա և բաժանվում են երկու խմբի՝ տրեպոնեմային և ոչ տրեպոնեմային: Զանգվածային զննման համար կիրառում են ոչ տրեպոնեմային՝ Վասերմանի ռեակցիա (ՎՌ RW) կարդիոլիպինային հակածիններով: Որոշակի պայմաններում այս հետազոտության արդյունքները կարող են կեղծ դրական լինել: Այդ դեպքում պահանջվում է հաստատում տրեպոնեմային հետազոտությունների միջոցով (ՎՌ տրեպոնեմային հակածիններով, РИБТ), որոնց արդյունքները դրական են մնում հիվանդության առկայությունից հետո ամբողջ կյանքի ընթացքում: Բուժման արդյունավետությունը գնահատելու համար կիրառվում է Վասերմանի ռեակցիա տրեպոնեմային հակածիններով:

Ի՞նչ կարող եք անել դուք

Հիվանդության առաջին նշանները բացահայտելուց հետո անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկ- սեռավարակաբանի: Կարևոր է հիշել, որ հիվանդի հետ սեռական կամ շատ մոտ շփում ունեցած անձինք նույնպես պետք է անցնեն կանխարգելիչ բուժում: Չի թույլատրվում զբաղվել ինքնաբուժությամբ:

Ի՞նչ կարող է անել բժիշկը

Բժիշկը համապատասխան հակաբիոտիկներով բուժում կնշանակի: Դժգույն տրեպոնեմի առանձնահատկությունն այն է, որ դեռ պահպանում է զգայունությունը պենիցիլինի հանդեպ, որը սիֆիլիսի ժամանակ նախընտրելի դեղամիջոց է: Վերֆինիսից ալերգիայի առաջացման դեպքում նշանակվում է մակրոլիդների կամ ցեֆալասպորինի շարքից հակաբիոտիկ: Դեղամիջոցները նշանակվում են միջմկանային ներարկման կամ հաբերի տեսքով: Հիվանդության ակտիվ ձևերի դեպքում բուժումն իրականցվում է ստացիոնար պայմաններում, լատենտային սիֆիլիսով հիվանդները կարող են ստանալ ամբուլատոր թերապիա: Բուժման տևողությունը կախված է հիվանդության շրջանից և կարող է մի քանի շաբաթից մինչև մի քանի տարի տևել:

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …