Ե՞րբ է վրա հասնում ծերությունը կենսաբանության տեսանկյունից

Ե՞րբ է վրա հասնում ծերությունը կենսաբանության տեսանկյունից

Ո՞ւմ է կարելի ծեր անվանել, ինչպե՞ս ենք տարբերակում ծերերին։

• Սահմանում ենք տարիքային որոշակի շեմ, որից հետո մարդը համարվում է ծեր Որպես շեմ կարելի է ընդունել, օրինակ, կենսաթոշակային տարիքը, բայց շատ երկրներում այն չի համընկնում: Բացի այդ, այս շեմն անընդհատ փոփոխվում է, քանի որ կախված է կյանքի միջին տևողությունից: Այսինքն որևէ շեմ չի կարող հստակ սահմանվել, քանի որ ծերացումը դանդաղ գործընթաց է, ոչ թե կոնկրետ իրադարձություն: Ծերացումը աստիճանական գործընթաց է, որը տարիներ է տևում և անմիջապես չի կատարվում: Իսկ եթե ծերացումը համարենք որպես զարգացման փուլ, ապա, ինչպես զարգացման գործընթացների մեծ մասը, այն նույնպես շարունակական է համարվում:

• Դատում ենք արտաքին տեսքով

Քանի որ տարիքային շեմ սահմանելն այնքան էլ դյուրին չէ, կարող ենք դատել անձի արտաքին նշաններից ելնելով։ Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը կարող է տարբերել ծեր մարդուն՝ ճերմակ մազեր, թոշնած մաշկ, կծկված մարմին, քայլելու դժվարություն, հիշողության խանգարում և այլն։ Միևնույն ժամանակ, այս նշանները կարող են բնութագրել նաև երիտասարդ մարդկանց, օրինակ՝ որոշ մարդկանց մոտ մազերը սկսում են ճերմակել ավելի վաղ տարիքում, կամ կեցվածքի հետ կապված խնդիրները ոչ միայն ծերերին են տանջում, այլև նստակյաց կյանք վարողներին, իսկ մաշկի թոշնածություն կարելի է նկատել նաև հարավային շրջանի երկրների գյուղերի բնակիչների մոտ, որոնք շատ ժամանակ են անցկացնում արևի տակ: Հետևաբար, եթե մենք որոշենք տարբերակել ծերերինըստ բնութագրող առանձնահատկությունների, ապա սա չի կարող միանշանակ լինել բոլորի համար. չէ՞ որ կան երիտասարդ մարդիկ, ովքեր ունեն ծերերին բնորոշ մաշկի, կեցվածքի կամ հիշողության հետ կապված խնդիրներ, և կան ծերեր, ովքեր զբաղվում են իրենց մաշկի, մազերի խնամքով, հետևում կազմվածքին և իրենց հասակակիցների համեմատ բավականին երիտասարդ տեսք ունեն։

Պարզվում է՝ մեզ համար առավել ակնհայտ չափանիշն այնքան էլ ճիշտ չէ, և արտաքին տեսքից դատելով հնարավոր չէ հստակ տարբերել։ Հետևաբար, ծերերին տարբերակելու համար հարկավոր է գտնել ծերացման պատճառները և դրանց առաջին դրսևորումները:

• Ստուգում ենք կենսագրությունը

Եթե հարցնենք վիքիպեդիային, թե երբ է մարդը համարվում ծեր, ապա պատասխանը կլինի հետևյալը՝ «Ծերությունը կյանքի այն ժամանակահատվածն է, երբ մարդը կորցնում է վերարտադրողական ներուժը և չի կարող այլևս սերունդ ունենալ»։ Բնականաբար, այս չափանիշով դժվար է տարբերակել մարդկանց:

• Հաշվի ենք առնում մուտացիաները

Փխրունության ինդեքսը՝ տարբեր ախտանիշների և տարիքային հիվանդությունների ամբողջությունն է, որը տարիների ընթացքում կուտակել է բուժառուն: Որքան բարձր է ցուցանիշի արժեքը, այնքան անձն ավելի մոտ է ծերությանը: Սակայն այս ցուցանիշը ևս հստակ չի կարող լինել, քանի որ հանգիստ և ապահովված կյանքով ապրող ծերերը հոգում են իրենց առողջության մասին, իսկ չարքաշ կյանք ունեցողները մի շարք առողջական խնդիրներ են կուտակում. ուստի առողջությունից ելնելով ևս չենք կարող հստակ սահմանել ծերությունը։ Հետևաբար, մենք ստիպված ենք ծերության նշանները փնտրել արդեն բջիջներում և մոլեկուլներում՝ մանրադիտակային հարթության մեջ: Մոլեկուլային մակարդակում հաստատվում է ծերացման մեր ինտուիտիվ ընկալումը. ծերությունը շարունակական գործընթաց է: Մուտացիաները հանկարծակի չեն հայտնվում, այլ կուտակվում են ժամանակի ընթացքում ՝ կյանքի զարգացման առաջին օրվանից մինչև կյանքի վերջ:

• Ախտորոշում ենք տարիքային հիվանդությունները

Կարծես թե հստակ հնարավոր չէ սահմանել ծերության շեմը և մարդուն ըստ չափանիշների համարել ծեր. ծերությունը շարունակական գործընթաց է, որն ունի վերջ, բայց չունի սկիզբ: Այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել ծերացման դեմ, բժիշկներն են: Նրանք տարբերակում են ծերությունը՝ ելնելով դրա հատուկ դրսևորումներից՝ տարիքային հիվանդություններից։ Բժիշկները պայքարում են այդ հիվանդությունների դեմ, որպեսզի հնարավորինս երկար դարձնեն մարդու կյանքը։ Վերջին դարում կյանքի միջին տևողությունը գրեթե կրկնապատկվել է, և բժիշկները շարունակում են պայքարել «ծերության» դեմ, չնայած որ այն հստակ սահմանում չունի։
 

Աղբյուրը
 
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին
 

 
 
 
 

 
 
 
 

 
 

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: