Կանանց ինտիմ հատվածի քոր, որը չի ուղեկցվում հեշտոցային արտադրությամբ
Կանանց ինտիմ հատվածի քոր, որը չի ուղեկցվում հեշտոցային արտադրությամբ
Կանանց ինտիմ հատվածում քորի առաջացումը բավականին տարածված երևույթ է: Այն կարող է առաջանալ մի շարք պատճառներով` ալերգիայից մինչև ուռուցքային հիվանդություններ:
Քորի առաջացման ներքին պատճառները
Հորմոնալ անհավասարակշռություն
Հորմոնալ ֆոնի փոփոխությունները կարող են առաջանալ դաշտանային ցիկլի կամ հղիության, ինչպես նաև դաշտանադադարի ընթացքում: Նման փոփոխությունները կարող են առաջացնել հեշտոցի լորձաթաղանթի չորություն: Արդյունքում առաջանում է քոր, որը միշտ չէ, որ ուղեկցվում է արտադրությամբ:
Վերարտադրողական համակարգում չարորակ նորագոյացությունների առկայություն
Որոշ դեպքերում քորի առաջացումը կարող է պայմանավորված լինել նախաքաղցկեղային իրավիճակով կամ սեռական օրգանների քաղցկեղով։ Այս իրավիճակներն ուղեկցվում են արտաքին սեռական օրգանների ատրոֆիայով, ինչը հանգեցնում է մշտական չորության և քորի:
Օրգանիզմի ընդհանուր պաթոլոգիաներ
Բորբոքման օջախների առկայությունը ենթադրում է դրա տարածումն այլ օրգանների վրա` ներառյալ սեռական օրգանները: Բացի այդ, ցանկացած պաթոլոգիա թուլացնում է դիմադրողականությունը: Հետևաբար, գինեկոլոգը կարող է նշանակել այնպիսի հետազոտություններ, որոնք առաջին հայացքից կապ չունեն վերարտադրողական համակարգի հետ: Եթե բժշկի կասկածները հաստատվեն, ապա նախքան ինտիմ հատվածում առկա քորը վերացնելը՝ պետք է բուժել առաջնային հիվանդությունը:
Ալերգիա
Հաճախ հեշտոցում քոր է առաջանում որոշակի ալերգիկ ռեակցիայի արդյունքում: Այն կարող է առաջանալ նոր լվացող միջոցի, լոգանքի հավելումների, ներքնազգեստի վրա մնացած լվացքի փոշու մնացորդների և նույնիսկ զուգարանի թղթի մնացորդների պատճառով:
Եթե լաբորատոր ուսումնասիրությունները հաստատեն իմունային համակարգի գործունեության մեջ առկա փոփոխությունները, որոնք կապված են ալերգիայի հետ, ապա անհրաժեշտ կլինի հետևել նման ռեակցիաների առաջացման օրինաչափությանը՝ ալերգենը բացահայտելու համար:
Արտաքին պատճառներ
Ինտիմ հիգիենայի կանոններին չհետևելը
Ինտիմ հիգիենայի կանոնները կարևոր են բոլորի՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար:
Երբեմն այս պատճառով խախտվում է հեշտոցային միկրոֆլորայի հավասարակշռությունը. տեղաշարժվում են պաթոգեն և պայմանական պաթոգեն մանրէները, որոնք առաջացնում են բորբոքային գործընթացներ և տհաճ զգացողություններ հեշտոցում:
Էպիլյացիա և դեպիլյացիա
Երբեմն ինտիմ հատվածում քոր կարող է առաջանալ դեպիլյացիայից հետո. հատկապես հաճախ է նկատվում զգայուն մաշկ ունեցող կանանց մոտ:
Հիգիենիկ միջադիրներ
Քորի պատճառ կարող են դառնալ բուրավետ միջադիրները: Բույրի համար օգտագործվող նյութերը կարող են առաջացնել լորձաթաղանթի գրգռում: Ամենօրյա միջադիրների օգտագործումը որոշ կանանց համար ռիսկային է:
Ինտիմ հիգիենայի պարագաների սխալ ընտրություն
Քորի պատճառը կարող է թաքնված լինել նաև ինտիմ հիգիենայի համար օգտագործվող միջոցների մեջ, որոնք կա՛մ չորացնում են լորձաթաղանթը, կա՛մ քիմիական նյութերի պատճառով գրգռում և ալերգիկ ռեակցիաներ են առաջացնում:
Գերսառեցում
Քորը կարող է առաջանալ նաև գերսառեցման հետևանքով: Դրանից խուսափելու համար պետք չէ նստել սառը մակերեսին և բարակ հագուստ հագնել ցուրտ եղանակին:
Սննդակարգ
Սննդակարգի ռեժիմի խախտումը կարող է անհանգստություն առաջացնել նաև ինտիմ հատվածում: Երբեմն սուր, թթու, աղի և պահածոյացված մթերքների հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել քոր:
Ցայլքի շրջանի պեդիկուլյոզ (ոջիլ)
Ցայլքի շրջանի ոջիլները մակաբույծներ են, որոնք սնվում են արյամբ, իսկ նրանց խայթոցի տեղերն ուժգին քոր են առաջացնում:
Բուժում
Բուժումն ուղղակիորեն կախված է ախտանիշների առաջացման պատճառից: Այս դեպքում բուժման հստակ մեթոդ չկա․ նախ պետք է հայտնաբերել պատճառը, ապա իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ։
Աղբյուրը
Բաժանորդագրվեք նաև մեր․ Տելեգրամյան ալիքին , Ֆեսբուքյան էջին, Ինստագրամյան էջին , Յութուբյան ալիքին