Պիելոնեֆրիտը հղիության ընթացքում (երիկամների ցավ)

Պիելոնեֆրիտը հղիության ընթացքում (երիկամների ցավ)

Ո՞րն է հիվանդության պատճառը։ Ինչու՞ է ամենից հաճախ առաջանում հղիության ընթացքում։

Գեստացիոն պիելոնեֆրիտի առաջացման պատճառը մեխանիկական է։ Հղիության ընթացքում արգանդն աստիճանաբար մեծանում է՝ ճնշելով հարևան օրգանները, այդ թվում նաև միզածորանները, որոնք մեզը տեղափոխում են երիկամներից։ Դրա հետևանքով մեզը բնականորեն չի կարողանում անցնել միզածորանների միջով։ Այդ իսկ պատճառով էլ պիելոնեֆրիտը հաճախ առաջանում է հղիության երկրորդ կեսին, երբ արգանդի չափերը հասնում են առավելագույն մեծության։

Մյուս պատճառը օրգանիզմի հորմոնային վերակառուցումն է։ Էստրոգենի և պրոգեստերոնի հարաբերակցության փոփոխությունը հանգեցնում է միզածորանների գալարակծկանքի վատացմանը և որպես դրա արդյունք՝ մեզի շարժումը դժվարանում է։

Վերոնշյալ ֆիզիոլոգիական պատճառները նպաստում են, որ մեզը լճանա երիկամային ավազաններում, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծում ախտաբանական միկրոօրգանիզմների (E. coli, աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և այլն) բազմացման համար։ Այդ ամենը հանգեցնում է երիկամներում բորբոքային պրոցեսների առաջացման, այսինքն՝ պիելոնեֆրիտի։

Գեստացիոն պիելոնեֆրիտի հակված են հիմնականում այն կանայք, ովքեր երբևէ ցիստիտ են ունեցել, կամ էլ հենց պիելոնեֆրիտ։ Առաջացման գործոններից են նաև ցածր իմունիտետը, սառեցումը և նստակյաց ապրելակերպը։

Սովորաբար ախտանշաններն սկսում են իրենց զգալ տալ հղիության 22-24-րդ շաբաթից սկսած։ Դրանց արտահայտվածության աստիճանը կախված է պիելոնեֆրիտի տեսակից՝ սուր կամ քրոնիկական։

Սուր ձևի դեպքում հղի կնոջ վիճակը կտրուկ վատանում է՝ բարձրանում է ջերմությունը, թուլություն, գունատություն, սուր գլխացավ, մկանային ցավ, սրտխառնուք, փսխում է առաջանում, կորչում է ուտելու ցանկությունը։

Բնորոշ է գոտկատեցի ցավը։ Կախված ախտահարված երիկամից՝ ցավը կարող է լինել աջ կամ ձախ հատվածում։ Երկկողմանի պիելոնեֆրիտի դեպքում ցավը երկկողմանի է։

Քրոնիկական ձևի դեպքում ախտանշաններն արտահայտված չեն լինում։ Անհանգստացնում է գոտկատեցի բութ ցավը, թուլություն, գունատություն ու գլխացավ է զբացվում։

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է լաբոատոր և գործիքային մի շարք հետազոտությունների միջոցով՝

  • պրոկալցիտոնինի հետազոտություն, 
  • արյան ընդհանուր հետազոտություն, 
  • արյան կենսաքիմիական հետազոտություն, 
  • մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • մեզի մանրէաբանական հետազոտություն, 
  • երիկամների ուլտրաձայնային հետազոտություն, 
  • նեֆրոլոգի խորհրդատվություն, 
  • քրոմոցիստոսկոպիա, 
  • միզածորանների կատետերիզացիա։

Բուժումը

Քանի որ գեստացիոն պիելոնեֆրիտը հիմնականում օբստուկցիայով է պայմանավորված լինում, բուժումը կատարվում է ուրոլոգիական բաժնում։ Բուժումն սկսում են մեզի շարժի վերականգնմամբ՝ «դիրքային թերապիա» են կատարում։ Հղի կնոջը պառկեցնում են այնպիսի դիրքով (հարկադրական դիրք՝ չորեքթաթ դիրք), որում մեզի շարժը միզածորաններում հեշտանում է։

Արդյունքի բացակայության դեպքում կատարվում է ախտահարված երիկամի կատետերիզացիա։ Հիմնականում նշված մանիպուլյացիաներն արդյունավետ են լինում։ Եթե վիճակի բարելավում չի նկատվում, դիմում են միջմաշկային ներարկումային նեֆրոստոմիայի (երիկամից մեզի դրենավորում )։

Հազվադեպ բարդությունների դեպքում՝ թարախային պիելոնեֆրիտ, երբ վիճակը սպառնում է երեխայի և մոր կյանքին, կատարում են երիկամի դեկապսուլյացիա (հեռացնում են ախտահարված երիկամի ֆիբրոզային կապսուլան) կամ նեֆրեկտոմիա (երիկամի հեռացում)։ Զուգահեռաբար լուծվում է հղիության պահպանման հարցը։ Հիմնականում հարկ է լինում ընդհատել հղիությունը՝ հաշվի առնելով թարախային-սեպտիկ բարդությունների առաջացման բարձր հավանականությունը։

Պարտադիր նշանակվում է նաև դեղորայքային բուժում՝ հիմնականում հակաբիոտիկների նշանակմամբ։ Արագ և հիմնավոր ապաքինման համար հարկավոր է անկողնային ռեժիմ պահել։ Քրոնիկական պիելոնեֆրիտի դեպքում, ընդհակառակը, պետք է շարժուն ապրելակերպ վարել, սննդակարգից հանել կծու, տապակած, ապխտած և աղի ուտելիքները։ Օգտակար են բնական մրգահյութերը, կոմպոտները, խորհուրդ է տրվում միզամուղ ազդեցությամբ թեյեր խմել, որոնք վաճառվում են դեղատանը։

Բարդությունները

Հղիության ընթացքում առաջացող բարդություններն են՝

  • պտղի ներարգանդային վարակում, 
  • վիժում, 
  • պտղի ներարգանդային մահ, 
  • վաղաժամ ծննդաբերություն, 
  • գեստոզի զարգացում, 
  • երիկամային անբավարարություն։

Նմանատիպ նյութեր

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար