Հղիություն և քրոնիկական դուոդենիտ

Քրոնիկ դուոդենիտը տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումն է, որն ուղեկցվում է գեղձային ապարատի կառուցվածքային վերակառուցման, մետապլազիայի և ատրոֆիայի (ապաճման) զարգացմամբ։
Կանխարգելումը
Կանխարգելումը ենթադրում է ռացիոնալ սնունդ, պայքար ալկոհոլիզմի դեմ, այլ հիվանդությունների վաղ բուժում, այնպիսի հիվանդությունների, որոնց ֆոնին կարող է երկրորդային դուոդենիտ առաջանալ։
Դասակարգումը
Առանձնացնում են դուոդենիտի սուր և քրոնիկական տեսակներ, տարածված և սահմանափակված։
Քրոնիկական դուոդենիտը լինում է՝
- մակերեսային,
- ատրոֆիկ,
- ինտերստիցիալ,
- հիպերպլաստիկ կամ էրոզիվախոցային։
Առաջացումը
Անկանոն սննդակարգ՝ լի կծու, գրգռող, շատ տաք ուտեստներով, ոգելից խմիչքներով։ Երկրորդային քրոնիկական դուոդենիտ է դիտվում քրոնիկական գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, լյամբլիոզի, սննդային ալերգիայի, ուրեմիայի դեպքում։
Պատճառներն են՝
- սխալ սննդակարգ (կծու, խիստ տաք և չոր սննդի, ալկոհոլի օգտագործում),
- սթրեսներ,
- Helicobacter рylori բակտերիա,
- դեղամիջոցների երկարատև օգտագործում,
- ծխախոտ,
- աղիքային վարակներ,
- բերանի խոռոչի և կոկորդի քրոնիկական բորբոքումներ,
- լյարդի, ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հիվանդություններ։
Կլինիկական պատկերը
Բնորոշ է էպիգաստրալ հատվածի ցավը, ախորժակի անկումը, սրտխառնոցը, երբեմն փսխումը, փքվածությունը։ Հղի կանայք հիվանդության սրման շրջանում գանգատվում են այրոցից։ Քրոնիկական դուոդենիտին բնորոշ է սրման պարբերականությունը (գարուն-աշուն)։
Գեստացիայի բարդությունները
Հաճախ քրոնիկական դուոդենիտի սրացում է դիտվում հղիության I եռամսյակում կամ ծննդաբերությունից 3-4 շաբաթ առաջ։ Հնարավոր է, որ վաղ տոքսիկոզ առաջանա։
Ախտորոշումը
Անամնեզ
Ախտորոշումը հիմնվում է հիվանդության պատմության տվյալների և մարմնի համապատասխան հատվածում ցավի առկայության վրա։
Ֆիզիկալ հետազոտություն
Որովայնը շոշափելիսորովայնի առաջնային պատի և էպիգաստրալ հատվածում որոշակի լարվածություն է զգացվում։
Լաբորատոր հետազոտություններ
Քրոնիկական դուոդենիտի ախտորոշման ամենահավաստի մեթոդն էնդոսկոպիան է։ ՈւՁՀ-ն ցույց է տալիս տեղային ցավը՝ թույլ տալով տարբերել դուոդենիտով պայմանավորված ցավը խոլեցիստիտի և լեղաքարային հիվանդության ցավից։
Բուժումը
Բուժման նպատակը հիվանդության վերացումն է։
Ոչ դեղորայքային բուժում
Հիվանդության սրման դեպքում ցուցվում է անկողնային կամ պալատային ռեժիմ, հատուկ դիետա, հանքային ջրերի օգտագործում (Արզնի):
Դեղորայքային բուժում
Քրոնիկական դուոդենիտի բուժումը պետք է համակողմանի լինի, խիստ անհատական։ Դեղորայքային թերապիան անցկացնում են միայն հիվանդության սրման ժամանակ, սննդի ռեժիմի պահպանման, դիետայի դեպքում արդյունքի բացակայության պայմաններում։
Ծննդալուծման ժամկետի և մեթոդի ընտրություն
Ծննդալուծումն իրականացվում է սահմանված ժամկետում, բնական ճանապարհով։