Նախադաշտանային համախտանիշ. պատճառները, ախտանշանները, բուժումը

Նախադաշտանային համախտանիշ. պատճառները, ախտանշանները, բուժումը

Նախադաշտանային համախտանիշն ախտանշանների համախումբ է, որն առաջանում է դաշտանային ցիկլի երկրորդ կեսին՝ նախքան դաշտանի սկիզբը։ Ախտանշաններն ի հայտ են գալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական մակարդակում։

Պատճառները

Նախադաշտանային համախտանիշի պատճառները դեռևս լիովին պարզ չեն։ Արժանահավատ տեսություններից մեկի համաձայն ՆԴՀ-ն ի հայտ է գալիս հորմոնային փոփոխությունների հետևանքով․ էստրոգենի մակարդակը բարձրանում է, պրոգեստերոնինը՝ իջնում։

Մեկ այլ գործոն է ավիտամինոզը, մասնավորապես՝ վիտամին B6-ի և A-ի, կալցիումի, մագնիումի և ցինկի միկրոտարրերի պակասը։ Մեծ դեր է խաղում նաև գենետիկան, այսինքն՝ նախադաշտանային համախտանիշի բնույթը կարող է փոխանցվել ժառանգաբար։

Ախտանշանները

Գոյություն ունի ՆԴՀ-ի մոտ 150 ախտանշան, որ հանդիպում են տարբեր համադրություններով, ինչը դժվարացնում է ախտորոշումը։ Հիմնվելով հիմնական ախտանշանների վրա՝ առանձնացնում են համախտանիշի մի քանի ձև՝

  • նեյրոհոգեբանական, 
  • ցեֆալգիական, 
  • այտուցային, 
  • կրիզային։ 

Նեյրոհոգեբանական ձևը բնորոշվում է հուզական և նյարդային ոլորտների խանգարումներով։ Հատուկ է՝ հուզական անկայունություն, դյուրագրգռություն, ագրեսիվություն, թուլություն, հոգնածություն, գլխապտույտ, անքնություն, անտարբերություն, տրամադրության անկում առանց պատճառի, դեպրեսային վիճակ, հոտառական և լսողական մտապատրանքներ, վախ, հիշողության թուլացում, ինչպես նաև ախորժակի անկում, փքվածություն, կրծքագեղձերի ցավ ու մեծացում։

Ցեֆալգիական ձևի դեպքում գերակշռում են վեգետաանոթային և նևրոտիկ ախտանշանները՝ ուժեղ գլխացավ, սրտխառնոց, փսխում, դիարեա (լուծ), կոպերի այտուցվածություն։ Ոմանք ունենում են արագ սրտխփոց, ցավ սրտի շրջանում, նյարդայնություն, մեծ զգայունակություն համերի և հոտերի հանդեպ։ Այս ձևը հաճախ ունենում են նախկինում գլխուղեղի վնասվածք, նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ ունեցած կանայք։

Այտուցային ձևի հիմնական դրսևորումը լինում է հեղուկի կուտակումն օրգանիզմում, ինչի արդյունքում այտուցվում է դեմքը, վերջույթները, կաթնագեղձերը, մեծանում է քաշը, քրտնարտադրությունը, ծարավի զգացումը, մաշկի քորը, մարսողության խանգարումը, փորկապությունը, փքվածությունը։

Կրիզային ձևի դեպքում դիտվում են սիմպաթաադրենալային կրիզներ (ադրենալինի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացած վիճակ), որոնք ընթանում են անոթային ճնշման բարձրացմամբ, տախիկարդիայով, վերջույթների թմրածությամբ ու սառնությամբ։ Սովորաբար նոպայի ավարտն ուղեկցվում է առատ միզարձակմամբ։ Հոգնածությունն ու սթրեսները կարող են նպաստել նոպայի առաջացմանը։ ՆԴՀ-ի այս ձևն ամենածանրն է և պարտադիր բժշկական միջամտություն է պահանջում։

Ախտորոշումը

Ախտանշանների բազմազանությունը բարդացնում է ախտորոշումը։ Ախտորոշման հիմնական չափանիշը գանգատների ցիկլայնությունն է և դրանց անհետացումը դաշտանից հետո։ Արյան մեջ հորմոնների մակարդակի (էստրոգենի, պրոգեստերոնի, պրոլակտինի) հետազոտումն օգնում է պարզել ՆԴՀ-ի տեսակը։ Խորհուրդ է տրվում էլեկտրաէնցեֆալագրաֆիա կատարել։ Ճշգրիտ ախտորոշման նպատակով խորհուրդ է տրվում հետազոտություն անցնել տարբեր մասնագետների մոտ՝ էնդոկրինոլոգի, նյարդաբանի, սրտաբանի, թերապևտի և հոգեբանի։

Բուժումը

Բուժման նպատակով կիրառվում է դեղորայքային և ոչ դեղորայքային բուժում։ Ոչ դեղորայքային միջոցներից մեկը հոգեթերապիան է։ Կինը պետք է խուսափի ծանրաբեռնվածությունից, լիարժեք քնի և հանգստանա։ Խորհուրդ է տրվում բուսական և կենդանական սպիտակուցներով, բջջանյութով ու վիտամիններով հարուստ սնունդ ուտել։ Դաշտանային ցիկլի երկրորդ կեսին հարկավոր է սահմանափակել սուրճի, շոկոլադի, ալկոհոլի, շաքարի, աղի, կենդանական ճարպերի և ածխաջրերի քանակը։ Վիճակը մեղմելուն կօգնեն ֆիզիկական վարժությունները, մերսումը, բուժական աէրոբիկան։

Դեղորայքային բուժման դեպքում նշանակվում է հորմոնաթերապիա։ Նախադաշտանային համախտանիշի բուժումը երկար ժամանակ է պահանջում՝ մոտ 6-9 ամիս։ Հազվադեպ բուժումը շարունակվում է վերարտադրողական ամբողջ շրջանում։

Կանխարգելումը

Նախադաշտանային համախտանիշի կանխարգելման հիմքը աշխատանքի և հանգստի ռեժիմի պահպանումն է, հուզական ծանրաբեռնվածության, սթրեսների նվազեցումը։ Խորհուրդ է տրվում նվազեցնել սուրճի, թեյի, ոգելից խմիչքների և շոկոլադի քանակը հատկապես ցիկլի վերջերում, փոխարենն ուտել բջջանյութով հարուստ սնունդ, խմել խոտաբույսերով թեյ, հյութեր՝ հատկապս գազարի, անանասի և կիտրոնի։ Հարկավոր է օրվա սննդակարգում մեծացնել B6 վիտամինի քանակը․ դրանով հարուստ են լյարդը, ձուկը, հունական ընկույզը և սոյայի հատիկները։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում