Գենիտալ կամ սեռական հերպես

Ի տարբերություն դեմքի կամ շրթունքի վրա առաջացող հերպեսի, որը ծանոթ է շատերին, գենիտալ կամ սեռական հերպեսն ի հայտ է գալիս ինտիմ հատվածներում։ Փոխանցվում է սեռական ճանապարհով։ Երեխաների դեպքում հիվանդության դրսևորումները սովորաբար լինում են ներարգանդային վարակման արդյունք։
Ինտիմ հերպեսին բնորոշ հիմնական ախտանշաններից է սեռական օրգանների հատվածի ցանավորումը, որը հեղուկով լցված փոքրիկ պղպջակներ է հիշեցնում, ինչպես նաև ցավոտ վերքը։
Կանանց դեպքում դրանք կարող են տեղակայված լինել հեշտոցի լորձաթաղանթի վրա, ինչպես նաև փոքր ու մեծ ամոթաշուրթերի վրա։ Տղամարդկանց դեպքում ցանավորումն ի հայտ է գալիս անդամի գլխիկի կամ մարմնի վրա։
Պատճառները
Հիվանդության հարուցիչը 1-ին կամ 2-րդ տիպի հերպեսի վիրուսն է։ Վիրուսը, հայտնվելով օրգանիզմում, հավերժ մնում է այնտեղ։ Այդուհանդերձ առողջ մարդու դեպքում հատուկ հակամարմինները ոչնչացնում են վիրուսին, և այն կարող է մնալ միայն թույլ իմունիտետով օրգանիզմում։
Հաճախ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, երբեմն էլ՝ կենցաղային ուղով, օրինակ միևնույն սրբիչով սրբվելուց կամ զուգարանակոնքին նստելուց։ Հղիության դեպքում մայրը կարող է վարակել երեխային՝ ուղղահայաց կերպով, եթե ծննդաբերության պահին հիվանդությունն ակտիվ փուլում է։
Սեռական հերպեսի ախտորոշման նպատակով կատարվում են հետևյալ հետազոտությունները՝
- արյան իմունաֆերմենտային հետազոտություն,
- քերուկ արգանդի պարանոցից և հեշտոցից,
- տղամարդկանց դեպքում՝ քսուք միզուկից։
Բուժումը
Բուժումը համակարգային մոտեցում է պահանջում։ Ցավոք մինչ այսօր դեռ չկան այնպիսի քսուքներ կամ հաբեր, որոնք մեկընդմիշտ ազատում են հերպեսի ախտանշաններից։ Այդուհանդերձ ճիշտ ընտրված դեղորայքային բուժումը և առողջ ապրելակերպը նվազեցնում են կրկնվելու հավանականությւոնը և փոխանցման վտանգը։