Ինքնաթիռով թռիչքը հղիության ընթացքում

16.10.20178984

Հղիության ընթացքում կան մի շարք սահմանափակումներ, որոնք միտված են մոր և երեխայի անվտանգությունն ապահովելուն։ Այդ վերաբերում է նաև ճամփորդություններին, մասնավորապես՝ ինքնաթիռով։

Ճնշման փոփոխությունները, օդում թթվածնի մակարդակի երկարատև նվազումը, տատանումները և տոքսիկոզի դրսևորումների ուժգնացումը, անշարժ աթոռը երկարատև թռիչքի դեպքում կարող են անգամ բարդությունների հանգեցնել։ Միևնույն ժամանակ ոչ բոլոր կանայք են խնդիրներ ունենում, նրանք ազատորեն և լավ ինքնազգացողությամբ թռչում են ինքնաթիռով, ճամփորդում։

Կարդացեք՝ Կնոջ խելամիտ վարքը հղիության ընթացքում

Իրականում բնականոն ընթացող հղիությունը հակացուցում չէ ինքնաթիռով թռիչքի համար, անգամ այդ կերպ ճամփորդելն ավելի անվտանգ է, քան մեքենայով կամ գնացքով երկար ճանապարհ անցնելը։ Բնականաբար ռիսկը նվազագույն կլինի ընդհանրապես չճամփորդելու դեպքում, բայց եթե որոշել եք այնուամենայնիվ ինչ-որ տեղ գնալ, ապա գնահատեք ռիսկերը․ ինչպե՞ս եք սովորաբար տանում թռիչքները, ինչպես է ընթանում հղիությունը, չկա՞ն թռիչքն արգելող գործոններ։ Այդպիսի հակացուցումներից են՝

  • հղիության ընդհատման վտանգ կամ վաղաժամ ծննդաբերության հավանականություն,
  • պրոթրոմբինի բարձր մակարդակ կամ նախկինում տարած թրոմբոֆլեբիտ,
  • անեմիա՝ սակավարյունություն, 
  • առաջին եռամսյակում՝ ծանր ընթացող տոքսիկոզ, 
  • գեստոզ, 
  • ուժեղ հիպերտոնուս։

Ավիաընկերությունների մեծ մասը կանանց թույլ չի տալիս թռչել հղիության 33-րդ շաբաթից հետո։ Այնուամենայնիվ ժամանակակից ինքնաթիռներն ունեն հարմարավետ թռիչքն ապահովող անհրաժեշտ հարմարությունները։

Հարկավոր է նախապես պատրաստվել թռիչքին, հարմարավետ, շարժումները չկաշկանդող հագուստ ընտրել, թեթև սնունդ և անանուխի կոնֆետ վերցնել։ Թռիչքից առաջ մի կերեք գազ կամ ստամոքսի խանգարում առաջացնող ուտելիքներ։ Սրահում այնպիսի տեղ ընտրեք, որ կարողանաք առաջ մեկնել ոտքերը։

Ամեն կես ժամը մեկ վեր կացեք և քայլեք, քանի որ անշարժությունը կարող է ոտքերում թրոմբոզ առաջացնել։ Մի ամաչեք անձնակազմից ջուր խնդրել, բարձրության պայմաններում ջրազրկում է լինում։ Ցանկալի է ինքնաթիռում բժշկական պաշտպանիչ դիմակ կրել, քանի որ փակ տարածությունում միկրոբներն ակտիվորեն բազմանում են։

Մեկնելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ, որն անհատական հանձնարարականներ կտա։ Անպայման ՈՒՁՀ կատարեք և պատասխանը ձեզ հետ վերցրեք: Ցանկացած ճամփորդության համար լավագույն շրջանը երկրորդ եռամսյակն է, երբ նոր վիճակին հարմարվելու փուլն անցել է, իսկ հղիության վերջին ամիսների դժվարությունները դեռ չեն սկսվել։