Անհանգիստ ոտքերի համախտանիշ

Անհանգիստ ոտքերի համախտանիշը բնորոշվում է ոտքերում տհաճության, անհարմարության կամ ծանրության զգացումով: Կարող է զարգանալ ինչպես որոշ հիվանդությունների (օրինակ՝ շաքարային դիաբետ) ֆոնին, այնպես էլ՝ անկախ:

Ախտանշանները

  • Տհաճ զգացողություն ոտքերում, որն ընկալվում է որպես անհարմարություն կամ ծանրություն մկաններում: Այս զգացումներն ուժգնանանում են հատկապես գիշերային ժամերին և դրանց բնորոշ է արտահայտվել հանգստի ժամանակ, իսկ ակտիվ շարժումների դեպքում՝ էապես թուլանալ կամ անհետանալ:
  •  Ի հայտ են գալիս քնի խանգարումներ (դժվարություն քնելիս, գիշերային ժամերին արթնանալ, անքնություն):Կախված համախտանիշի առաջացման պատճառներից՝ տարբերում են նրա ընթացքի սիմպտոմատիկ (երկրորդային) և իդեոպաթիկ ձևեր: Առաջինը զարգանում է այլ հիվանդությունների ֆոնին (B1 վիտամինի, մագնեզիումի անբավարարություն, շաքարային դիաբետ և այլն), իսկ երկրորդ ձևն ախտորոշվում է, երբ չի հայտնաբերվում հիվանդության զարգացմանը նպաստող որևէ պատճառ:

Առաջացման պատճառները

Անհանգիստ ոտքերի համախտանիշի առաջացման հստակ պատճառներն անհայտ են: Կա ենթադրություն, որ գոյություն ունի ժառանգական նախատրամադրվածություն: Անհանգիստ ոտքերի համախտանիշը կարող է արտահայտվել հետևյալ հիվանդությունների կամ վիճակների դեպքում.
  • Վիտամին B1-ի, B12-ի կամ ֆոլաթթվի անբավարարություն, Մագնեզիումի անբավարարություն, 
  • Երկաթի անբավարարություն, 
  • Շաքարային դիաբետ, 
  • Ալկոհոլի չարաշահում, 
  • Վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկ, 
  • Ուրեմիա երիկամային անբավարարության դեպքում, Ստորին վերջույթների արյան շրջանառության քրոնիկ խանգարումներ, 
  • Ստորին վերջույթներից երակային արտահոսքի խանգարումներ, 
  • Պարկինսոնի հիվադություն: 
Գործոններ, որոնք նպաստում են այս համախտանիշի ի հայտ գալուն կամ դրա արտահայտման ուժգնացմանը.
  • հոգեհուզական սթրեսներ, 
  • սուրճի, թունդ թեյի ընդունում,
  • կոֆեինացված խմիչքների ընդունում (կոլա), 
  • թիրամին պարունակող մթերքների ընդունում (շոկոլադ,կարմիր ձուկ, պանիր):

Ախտորոշումը

Ախտորոշման համար բժիշկը կազմում է հիվանդության անամնեզ՝ հիմնվելով կնոջ գանգատների վրա (երբ են առաջացել ցավերը, ընտանիքի անդամների մոտ նման երևույթի առկայությունը, քնի դժվարություն կամ խանգարումներ և այլն): Կատարվում է ոտքերի արտաքին զննում, արյան գլյուկոզայի, վիտամին B1, B12-ի, երկաթի, կրեատինի և միզանյութի հետազոտում, ստորին վերջույթների երակների և զարկերակների ուլտրաձայնային հետազոտություն: Նյարդային ազդակների արագության որոշման համար կատարվում է էլեկտրանեյրոմիոգրաֆիա:

Բուժումը

Անհանգիստ ոտքերի համախտանիշի բուժման համար անհրաժեշտ է բացառել բոլոր հնարավոր գործոնները (սթրես, սուրճի, թեյի չարաշահում, ծխախոտ, կոֆեին պարունակող խմիչքներ և մթերքներ), որոնք հրահրում են դրա առաջացումը: Եթե այն երկրորդային է, անհրաժեշտ է բուժել դրա պատճառ հանդիսացող հիվանդությունները: Այս նպատակներով կիրառվում է վիտամինային թերապիա, հանքանյութեր, հիպոգլիկեմիկ, թիրեոստատիկ դեղամիջոցներ և այլն: Նաև կիրառվում են դոֆամին խթանիչներ, տրանկվիլիզատորներ (հանգստացնող դեղամիջոցներ):

Երեկոյան զբոսանքը և քնելուց առաջ տաք վաննա ընդունելը նույնպես կօգնեն մեղմել ախտանշանները:

Կանխարգելման համար խորհուրդ է տրվում հրաժարվել վատ սովորություններից, վարել առողջ ապրելակերպ, կանոնավոր զբաղվել ֆիզկուլտուրայով, պահպանել քնի ռեժիմը, սնվել առողջ և չափավոր, վերահսկել զարկերակային ճնշումը: Առողջական խնդիրների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի:

views 9640

Նմանատիպ նյութեր

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը