Վնասվածքները սեռական հարաբերությունից հետո
Ինտիմ հարաբերությունները մեր կյանքի անբաժանելի մասն են, բայց երբեմն կրքի գագաթնակետում մոռանում ենք անվտանգության տարրական կանոնների մասին և ստանում վնասվածքներ: Դրանք կարող են առաջանալ ինչպես դասական սեռական հարաբերության, այնպես էլ ոչ ավանդական ձևերի ժամանակ: Վնասվածքները կարող են լինել փոքր քերծվածքների ու կապտուկների տեսքով և լուրջ, որոնք պահանջում են բժշկի օգնություն:
Որո՞նք են վնասվածքները
Սեռական հարաբերության ժամանակ կարող են առաջանալ քերծվածքներ, արյունազեղումներ կրքոտ համբույրներից կամ գլխով մահճակալին հարվածելուց, բայց, այնուամենայնիվ, վնասվածքներ ընդունված է համարել արտաքին սեռական օրգանների լորձաթաղանթի կամ մաշկային ծածկույթների ամբողջականության խախտումը: Կանայք հաճախ են դիմում բժշկի ինտիմ մերձեցումից հետո առաջացած վնասվածքների պատճառով: Նրանք բնավ թեթևաբարո կանայք չեն, նրանք սովորական կանայք են, ովքեր զուգընկերոջ հետ հարաբերություններում հաշվի չեն առել իրենց անատոմիական առանձնահատկությունները:
Մանրուք, որն անհագստություն է պատճառում
Առավել անվնաս, բայց բավականին մեծ տհաճություն պատճառող վնասվածքները բազմապիսի կոշտուկներն են: Դրանք առաջանում են շատ երկար և հաճախակի սեռական ակտերի և քսուքի պակասի դեպքում: Մաշկի շփումների և չոր լորձաթաղանթի հետևանքով առաջանում են փոքր սեռական շուրթերի և հեշտոցի մուտքի հյուսվածքների այտուց, փոքր պատռվածքներ, քերծվածքներ, ցավ հարաբերության ժամանակ կամ լվացումներ կատարելիս: Այս վնասվածքները վտանգավոր չեն, բայց տհաճություն են պատճառում: Այդ վնասվածքները բուժելու ընթացքում պետք է խուսափել սեռական մերձեցումից, օգտագործել հականեխիչ (անտիսեպտիկ) լուծույթներ։ Սա թույլ կտա միկրովնասվածքները չվարակել: Եթե 3-5 օր անց ցավը չի դադարում, անհրաժեշտ է դիմել բժշկի: Երբեմն սեռական ուղիներով փոխանցվող վարակներն ունենում են նույնպիսի ախտանաշաններ:
Թեթև վնասվածքներ
Սրանք կարող են առաջանալ ինտիմ հատվածներում (ծլիկ, սեռական շուրթեր) արված փիրսինգից, աճող կամ դեմքի մազերից (օրալային սեքսի դեպքում): Ճկուն դիրքեր կիրառելիս հնարավոր է ստանալ հոդախախտեր և ձգումներ: Կրքոտ համբույրների ընթացքում կարող են առաջանալ նաև խայթոցներ, կապտուկներ պարանոցին, քերծվածքներ ուսերին և մեջքին: Խայթոցները ինտիմ հատվածներում, հատկապես կրծքերի, սեռական շուրթերի վրա ցավոտ են և ուշ են ապաքինվում: Ծլիկի վրա խայթոցից նույնիսկ կարող է առաջանալ ցավոտ արյունազեղում (հեմատոմա): Այդպիսի վնասվածքները հաճախ արյունահոսում են, վարակվում են, այդ պատճառով նման դեպքերում պահանջվում է բժշկի խորհրդատվություն:
Կանանց բնորոշ վնասվածքներից մեկն այրվածքների առաջացումն է մեջքի և գոտկատեղի հատվածում, երբ սեռական հարաբերությունը տեղի է ունենում գորգի վրա: Դրանք առաջանում են գորգի խավի հետ մաշկի ինտենսիվ շփումից: Որոշ ժամանակ անց մաշկը կարմրում է, սկսում է ուժեղ այրոց, մաշկի ամբողջականությունը խախտվում է կամ առաջանում է պալար, ինչպես այրոցի ժամանակ:
Լուրջ վնասվածքներ
Շատ կոպիտ հարաբերությունների դեպքում հնարավոր են սեռական օրգանների վնասվածքներ, հրահրող ցավեր աճուկային շրջանում, միզարտադրության խանգարում և ցավ միզարձակման ժամանակ: Բացի այդ, զուգընկերոջ խոշոր սեռական օրգանի դեպքում կարող են վնասվածքներ, պատռվածքներ առաջանալ կնոջ հեշտոցի առաջնային պատի կամ կամարի (հեշտոցից արգանդի պարանոց անցնման հատված) շրջանում: Անդամի կտրուկ և խորը ներթափանցման հետևանքով, հատկապես սխալ անկյան տակ, կարող է առաջանալ սուր ցավ, արյունահոսություն: Շատ խորը ներթափանցման ժամանակ հնարավոր է առաջանա նաև արգանդի և կապանների վնասվածք: Առնանդամի ուժեղ հրումից կինը կարող է սուր ցավ զգալ որովայնի հատվածում: Արգանդը պահող կապանների ձգվելու հետևանքով այն կարող է իր բնականոն դիրքից շեղվել, իսկ դա հետագայում սպառնում է վերարտադրողական ֆունկցիային:
Ոչ ավանդական սեռական հարաբերությունների հետևանքները
Վնասվածքների առաջացման առումով առաջատար է հետանցքային (անալ) սեքսը, որի ժամանակ կարող է վնասվել ուղիղ աղու լորձաթաղանքը, առաջանալ սեղմամկանի պատռվածք և դրանից բխող այլ ֆիզիոլոգիական խնդիրներ: Հաճախ առաջանում են ճաքեր, որոնց ապաքինումը երկարատև է և ցավոտ, կարող է նաև առաջանալ ուղիղ աղու բորբոքում (պրոկտիտ) և ձևավորվել թութքային հանգույցներ: Ուղիղ աղու հատվածում ցավեր ունենալու դեպքում հակացուցված է հետանցքային սեքսով զբաղվելը: Իսկ եթե այնուամենայնիվ չեք ցանկանում փորձարկումներից հրաժարվել, ապա կիրառեք հատուկ քսուքներ, եղեք զգոն, որպեսզի թույլ չտաք ցավի դեպքում շարունակել հարաբերությունը:
Էկզոտիկ վնասվածքներ
Երբեմն շատ զգացմունքային և երկչոտ կանանց դեպքում կտրուկ ձայների կամ շարժումների ժամանակ կարող է աշխատել սրթեսային մեխանիզմը՝ հեշտոցի մկանների ուժեղ ռեֆլեկտոր սպազմ, երբ առնանդամը, գտնվելով հեշտոցում, սեղմվում է: Այս իրավիճակը կոչվում է վագինիզմ։
Այս իրավիճակի փակուղուց ազատվելու համար կինը պետք է ձգի մկանները որովայնի հատվածում, կարծես պետքարան գնալու ցանկություն ունենա, իսկ տղամարդը պետք է ցուցամատը մտցնի կնոջ հետանցքի մեջ և կտրուկ այն հետ քաշի: Եթե այս միջամտությունները չեն օգնում, ստիպված եք շտապ օգնություն կանչել, սպազմը կարող են հանել բժիշկները:
Այսպիսով, աննշան կամ փոքր վնասվածքները կարելի է ինքնուրույն բուժել և հետագայում ավելի զգույշ լինել: Սեռական հարաբերության գլխավոր կանոնն է՝ երբեք ցավը և անհարմարությունը չզսպել, չամաչել զուգընկերոջը դրա մասին ասելուց: Եթե նա սիրում է ձեզ, կհասկանա և կօգնի ընտրել ավելի հարմար դիրք կամ պարզապես կդադարեցնի ակտը:
Պետք է հիշել, որ արյունահոսություների, աճուկային կամ սեռական օրգանների շրջանում առաջացած ցավերի, տարօրինակ արտադրության դեպքում անհրաժեշտ է գինեկոլոգի հետ խորհրդակցել: Պետք չէ ամաչել առողջության մասին հոգ տանելուց, քանի որ դուք միակը չեք, որ բախվել եք նման խնդրի: