Իսթմիկոցերվիկալային անբավարարության շտկում

30.08.201612033

Երկրորդ և երրորդ եռամսյակում հղիության վաղաժամ ընդհատման ամենատարածված պատճառներից մեկն իսթմիկոցերվիկալային անբավարարությունն է։ ԻՑԱ-ն արգանդի պարանոցի անախտանշան կարճացումն է, ներքին օղի լայնացումը, որը հանգեցնում է պտղապարկի պատռվածքի, հղիության ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության։

Դասակարգումը

Տարբերում են հետևյալ տեսակները՝

  • բնածին (գենիտալ ինֆանտիլիզմի, արգանդի զարգացման արատների դեպքում), 
  • ձեռքբերովի, 
  • օրգանական (երկրորդային, հետտրավմատիկ)՝ առաջանում է արգանդի պարանոցի բուժախտորոշիչ միջամտությունների, ինչպես նաև տրավմատիկ ծննդաբերության հետևանքով, 
  • ֆունկցիոնալ՝ դիտվում է էնդոկրին խանգարումների դեպքում (հիպերանդրոգենիա, ձվարանների հիպոֆունկցիա)։

Ախտորոշումը

Ախտորոշման չափորոշիչները հղիության ընթացքում՝

  • անամնեստիկ տվյալներ (անամնեզում ինքնաբեր վիժման և վաղաժամ ծննդաբերության առկայություն),
  • հեշտոցի զննման տվյալներ (դիրքը, երկարությունը, ցերվիկալ կանալի վիճակը և այլն)։

ԻՑԱ-ի արտահայտվածության աստիճանը որոշվում է Շտեմբերի բալային սանդղակով։ ԻՑԱ-ի ախտորոշման հարցում կարևոր նշանակություն ունի ՈւՁՀ-ն (տրանսվագինալ էխոգրաֆիա)․ գնահատում են արգանդի պարանոցի երկարությունը, ներքին օղի և ցերվիկալ կանալի վիճակը։

Վիրաբուժական շտկման ցուցումները

  • Անամնեզում ինքնաբեր վիժման և վաղաժամ ծննդաբերության առկայություն։
  • Զարգացող ԻՑԱ՝ ըստ հետազոտման կլինիկական և ֆունկցիոնալ մեթոդների տվյալների։ 
  • ԻՑԱ-ի նշաններ՝ ըստ հեշտոցի զննման։ 
  • ԻՑԱ-ի էխո-նշաններ՝ ըստ տրանսվագինալ սոնոգրաֆիայի տվյալների։

Վիրաբուժական շտկման հակացուցումները

  • Հիվանդություններ և ախտաբանական վիճակներ, որոնք հակացուցում են հղիության պահպանման համար։ 
  • Արնահոսություն հղիության ընթացքում։ 
  • Արգանդի բարձր տոնուս, որը չի ենթարկվում բուժման։ 
  • Պտղի զարգացման բնածին արատներ։ 
  • Փոքր կոնքի օրգանների սուր բորբոքային հիվանդություններ։

Բարդությունները

  • Հղիության ինքնաբեր ընդհատում 
  • Արնահոսություն 
  • Պտղապարկի պատռում 
  • Նեկրոզ 
  • Խորիոամնիոտիտ, սեպսիս և այլն

Հետվիրահատական շրջան

  • Վիրահատությունից անմիջապես հետո թույլատրվում է վեր կենալ և քայլել։ 
  • Բուժականխարգելիչ նպատակով նշանակվում են մի շարք դեղամիջոցներ։ 
  • Բորբոքային բարդությունների բարձր վտանգի դեպքում նշանակվում է հակամանրէային թերապիա։ 
  • Ամբուլատոր պայմաններում երկու շաբաթը մեկ անգամ կատարվում է արգանդի պարանոցի զննում։ 
  • Արգանդի պարանոցի կարերը հանվում են հղիության 37-38-րդ շաբաթում։

Տեղեկություններ հղի կնոջ համար

Հղիության ընդհատման սպառնալիքի դեպքում բժիշկը պետք է ՈւՁՀ-ի միջոցով հետևի արգանդի պարանոցի վիճակին։ ԻՑԱ-ի վիրաբուժական բուժման արդյունավետությունը և հղիության պահպանումը կազմում է 85–95%։