Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Երկարատև դաշտան. երբ անհանգստանալ

Բնականոն դաշտանային ցիկլն անգամ որոշակի անհարմարություն է պատճառում կնոջը, իսկ եթե այն նաև առատ է և երկարատև, ապա ուղղակիորեն ազդում է ոչ միայն կնոջ ինքնազգացողության վրա, այլև ամբողջ օրգանիզմի: Այսպիսի դեպքերում արյունահոսությունը շարունակվում է մի քանի շաբաթ:

Ի՞նչն է դրդում առատ արյունահոսության: Արդյո՞ք պետք է և հնարավոր է որևէ բան անել այդ իրավիճակում, թե՞ դա ինչ-որ առումով բնականոն է համարվում: Եթե բախվել եք այս խնդրին, ապա տեղեկությունները, որ հիմա կներկայացնենք, կօգնեն ձեզ հստակեցնել երկարատև դաշտանի տարածված պատճառները:

Արյունահոսության պատճառները հասկանալու համար նախ պետք է պատկերացնել դաշտանի «մեխանիզմը»: Կնոջ արգանդը ներսից պատված է էնդոմետրիումով: Բնականոն պարբերաշրջանի դեպքում կնոջ օրգանիզմն էստրոգեն է արտադրում, որը նպաստում է ձվարաններում ֆոլիկուլի զարգացմանը և հանգեցնում է այն բանին, որ էնդոմետրիումն սկսում է աճել պարբերաշրջանի ամբողջ ընթացքում: Ձվազատման ընթացքում լրացուցիչ արտադրվում է նաև պրոգեստերոն հորմոնը: Դաշտանն սկսվում է այն ժամանակ, երբ պրոգեստերոնի մակարդակն իջնում է, և էնդոմետրիումի շերտն առանձնանում է, այսինքն՝ դաշտանը պոկված էնդոմետրիումն է: Բնականոն դաշտանը տևում է մոտ 5-7 օր:

Մենորագիա

Մենորագիան այն վիճակն է, երբ կինը պարբերաբար է երկարատև ու առատ դաշտան ունենում: Արյունահոսությունն առատ կարելի է համարել, եթե 1 ժամվա ընթացքում միջադիրը կամ վիրախցուկը (տամպոնը) ամբողջովին լցվում է: Դաշտանը երկարատև է համարվում, եթե տևում է մեկ շաբաթից ավել:

Մենորագիայի պատճառները տարբեր են՝ սկսած արյան մեջ հորմոնների մակարդակի փոփոխություններից ու արյան մակարդելիության խանգարումից, մինչև արգանդի հիվանդություններ: Մենորագիայի մի ձև է հիպերմենորագիան, որի դեպքում արյունահոսությունը շատ ավելի ուժեղ է: Մենորագիայի պատճառներից են՝ էնդոմետրիումի հաստացումը, արգանդի կամ վզիկի հիպերպլազիան, արտարգանդային հղիությունը, վահանագեղձի հետ կապված խնդիրները, կոնքային օրգանների բորբոքային հիվանդությունները և այլն:

Ձվազատման խանգարում

Երկարատև դաշտանի բազմաթիվ պատճառներից մեկը ձվարանների աշխատանքի խաթարումն է: Եթե անգամ ձեր օրգանիզմում ձվազատում չի կատարվում, միևնույն է, ձվարաններն էստրոգեն են արտադրում, որը նպաստում է արգանդի էնդոմետրիումի հաստացմանը: Ձվազատման բացակայությունը խախտում է դաշտանի սկիզբը, իսկ երբ այն վերջապես սկսվում է, տևում է երկար և լինում է առատ: Ձվարանների աշխատանքը կարող է խանգարվել մի քանի պատճառներով և առանց մասնագետի լիարժեք զննման հնարավոր չէ պարզել հստակ պատճառը:

Խնդիրներ՝ կապված արգանդի հետ

Երկարատև դաշտանի մեկ այլ պատճառ կարող են դառնալ արգանդի հետ կապված խնդիրները, որոնցից մեկը պոլիպն է: Էնդոմետրիումի պոլիպը փոքր գոյացություն է, որն առաջանում է արգանդում: Այս պոլիպները սովորաբար անվնաս են, սակայն երբեմն հանգեցնում են երկարատև դաշտանի: Ձևավորվում են էստրոգեն պարունակող դեղորայքի երկարատև օգտագործման, ինչպես նաև ձվազատում չկատարվելու արդյունքում կուտակված չափից շատ էստրոգենի հետևանքով:

Մյուս պատճառն արգանդի միոման է: Միոման աճում է արգանդի ներսում: Երկար ժամանակ այս ուռուցքները որևէ ախտանշանով չեն դրսևորվում, սակայն կարող են երկարատև դաշտանի պատճառ դառնալ: Միոմայի չափսը փոխվում է և սովորաբար փոքրանում է մենոպաուզայից հետո:

Հաճախ երկարատև դաշտանի պատճառ է դառնում ադենոմիոզը: Սա այն վիճակն է, երբ էնդոմետրիումը ներաճում է արգանդի պատի մեջ: Բնականոն դաշտանային պարբերաշրջանի պարագայում էնդոմետրիումը պոկվում է արգանդից և դաշտանային արյան հետ դուրս գալիս կնոջ օրգանիզմից: Երբ էնդոմետրիումը ներաճում է և դառնում մկանային պատի մի մաս, կարող է հանգեցնել արգանդի հյուսվածքների վնասմանն ու արյունահոսության ուժգնացմանը: Ադենոմիոզը հնարավոր է ախտորոշել ուլտրաձայնային հետազոտման միջոցով:

Արյունահոսություն

Երբեմն երկարատև դաշտանը պայմանավորված չի լինում կանանց օրգանների աշխատանքով: Ուշադրություն դարձրեք՝ արդյո՞ք պարբերաբար չեք ունենում քթային արյունահոսություններ կամ էլ միգուցե արյունը լավ չի՞ մակարդվում: Եթե այսպիսի խնդիրներ ունեք, ապա շատ հավանական է, որ ձեր պարագայում երկարատև դաշտանի պատճառը հենց դա լինի: Դաշտանի տևողության վրա կարող են ազդել նաև հակակոագուլյանտների, օրինակ՝ ասպիրինի օգտագործումը:

Բոլոր դեպքերում 7 օրից ավել տևող դաշտանը խանգարման նշան է և գինեկոլոգին դիմելու առիթ:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում