Պրենատալ սկրինինգ

Պրենատալ սկրինինգ

Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել պտղի վիճակը ներարգանդային զարգացման ընթացքում: Մեթոդներից մեկը պրենատալ սկրինինգն է, որը կիրառում են պտղի զարգացումն էմբրիոնային շրջանում գնահատելու համար: Անհրաժեշտ է հասկանալ, որ սկրինինգը չի կարող հայտնաբերել առկա բոլոր խնդիրները կամ երաշխավորել պտղի լիարժեք առողջ լինելը: Այն ուղղված է քրոմոսոմային անոմալիաների հավանականությունը հայտնաբերելուն (Դաունի համախտանիշ և որոշ բնածին արատների զարգացում, ինչպիսին են նյարդային խողովակի զարգացման անոմալիաները, սրտի արատները և այլն):

Պրենատալ սկրինինգ խորհուրդ է տրվում անցկացնել բոլոր հղի կանանց: Այն առավելապես ցուցված է ռիսկի խումբ հանդիսացող 35 և բարձր, հատկապես 40 և բարձր տարիքի կանանց համար, ինչպես նաև այն կանանց, ովքեր նախկինում ունեցել են ներարգանդային զարգացման արատներով երեխաներ: Եթե դուք ռիսկի խմբի մեջ չեք մտնում, ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ Դաունի համախտանիշով երեխաներ կարող են ծնվել անգամ երիտասարդ, առողջ կանանցից: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում պրենատալ սկրինինգ անցկացնել ցանկացած դեպքում: Պրենատալ սկրինինգը ներառում է ուլտրաձայնային ախտորոշման մեթոդների կիրառում, բիոքիմիական մարկերների որոշում և պտղի կարիոտիպի հետազոտում:

Հղիության առաջին եռամսյակում (11-14 շաբաթական) կատարվում է բիոքիմիական մարկերների որոշում`

  • <հղիության հետ ասոցացվող պրոտեինպլազմա A-ի որոշում,
  • մարդու խորիոնային գոնադոտրոպինի որոշում, այդ թվում նաև ուլտրաձայնային հետազոտություն` պտղի օձիքային տարածության հաստության պարտադիր գնահատումով:

Կարդացեք՝ Մարդու խորիոնային գոնադոտրոպինը հղիության ընթացքում

Հղիության երրորդ եռամսյակում (16-18 շաբաթական) անցկացվում է եռակի թեստ, որը ներառում է`

  • ալֆաֆետոպրոտեինի որոշում,
  • մարդու խորիոնային գոնադոտրոպինի որոշում,
  • ազատ էստրիոլի որոշում:

Կատարվում է նաև կրկնակի ուլտրաձայնային հետազոտություն` պտղի ներարգանդային զարգացման արատների հայտնաբերման նպատակով: Եռակի թեստի արդյունքների հիման վրա կարելի է սպասել բնածին հիվանդությունների հետևյալ ռիսկը` Դաունի համախտանիշ (տրիսոմիա 21), էդվարդսի համախտանիշ (տրիսոմիա 18), նյարդային խողովակի արատներ (spina bifida ) և անէնցեֆալիա:

Կարդացեք՝ Նյարդային խողովակի արատներ՝ «սպինա բիֆիդա» և անէնցեֆալիա

Սկրինինգի արդյունքը չի կարող ախտորոշում լինել, այն վկայում է պտղի որոշակի անհատական ախտաբանական ռիսկերի մասին: Օրինակ` Դաունի համախտանիշի ռիսկի մասին վկայում է մարդու խորիոնային գոնադոտրոպինի մակարդակի բարձրացումը, ալֆաֆետոպրոտեինի և ազատ էստրիոլի մակարդակների իջեցումը, նյարդային խողովակի բաց դեֆեկտի վտանգի մասին վկայում է ալֆաֆետոպրոտեինի մակարդակի բարձրացումը մարդու խորիոնային գոնադոտրոպինի և ազատ էստրիոլի նորմալ մակարդակների դեպքում:

Սկրինինգի արդյունքների հիման վրա որոշվում է ռիսկի հավանականությունը` ելնելով բիոքիմիական մարկերների, ուլտրաձայնայինհ հետազոտության և անհատական գործոնների (տարիք, քաշ, երեխաների քանակ, հիվանդությունների առկայություն) տվյալներից: Յուրաքանչյուր ախտաբանության համար ներկայացվում է անհատական ռիսկ: Արդյունքն ունի հետևյալ տեսքը` Դաունի համախտանիշի ռիսկը 1:1200 է, նյարդային խողովակի դեֆեկտի վտանգը՝ 1:1640 և այլն: Անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, եթե բնածին ախտաբանությամբ երեխայի ծնվելու հավանականությունը մեծ է (պտղի կարիոտիպավորում ինվազիվ ախտորոշմամբ):

Գոյություն ունեն ինվազիվ ախտորոշման տարբեր մեթոդներ, որոնք կարելի է կիրառել հղիության տարբեր ժամանակահատվածում`

  • խորիոնի բիոպսիա (11-14 շաբաթական),
  • ամնիոցենտեզ (16-20 շաբաթական),
  • կորդոցենտեզ (20 շաբաթականից հետո):

Վերը նշված մեթոդները պտղի համար անվնաս են, բայց 1-2% դեպքերում կարող են առաջացնել բարդություններ, մինչև անգամ հղիության ընդհատում: Եթե ծնողները որոշել են ինվազիվ ախտորոշում անցնել, նրանք պետք է պտղի կարիոտիպավորման արդյունքներն ստանալուց հետո քննարկեն իրենց հետագա գործողությունները, անհրաժեշտ է որոշել քրոմոսոմային անոմալիաների հայտնաբերման դեպքում կատարվելու՞ է հղիության արհեստական ընդհատում կամ պահպանվելու՞ է հղիությունը կարիոտիպավորման ցանկացած արդյունքի դեպքում:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար