Սպորտ և հղիություն․ արգելված և թույլատրելի ծանրաբեռնվածություն

Հղիության ընթացքում սպորտի մասին խոսելով պետք է հասկանալ ֆիզկուլտուրան, որը թույլատրելի է ապագա մորը։ Ընդունված է համարել, որ այն կանայք, որոնք նախքան հղիությունն ակտիվորեն զբաղվել են սպորտով, այն կարող են շարունակել նաև հղիության ընթացքում՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը։
Կարդացեք՝ Սպորտը և հղիությունը․ ինչպե՞ս համատեղել
Մասամբ ճիշտ է, սակայն հղիության ընթացքում օրգանիզմը կարող է անակնկալներ մատուցել նաև սպորտով զբաղվող կնոջը։ Հղիության ընդհատման վտանգից ոչ ոք զերծ չէ, ուստի միայն բժիշկը կարող է որոշել ծանրաբեռնվածության չափը՝ հիմնվելով ՈւՁՀ-ի և հետազոտությունների արդյունքների վրա։
Ո՞ր գործոններին է պետք ուշադություն դարձնել
Եթե ապագա մայրը երկվորյակի է սպասում կամ էլ այնքան էլ երիտասարդ չէ, ապա պետք է զգույշ լինել։ Եթե բժիշկը պնդում է, որ կինը պետք է հղիությունն անցկացնի պառկած, ոտքերը բարձր դրված, ապա չի նշանակում, որ կատակ է անում։ Նման դեպքերում ամենամեծ ծանրաբեռնվածությունը կլինի քնից առաջ զբոսնելը։
Հակացուցումներ
- Արգանդի հիպերտոնուս
- Հղիության ընդհատման վտանգ, արյունային արտադրություն
- Բազմապտուղ հղիություն
- Տոքսիկոզ կամ գեստոզ
- Երիկամների հիվանդություն
- Քրոնիկական հիվանդությունների սրում
- Գերջրություն
Սպորտի ի՞նչ տեսակ ընտրել
Եթե չկան հակացուցումներ, կարող եք ֆիզիկական վարժություններ անել, սակայն ընտրած ձևը չպետք է լինի ակտիվ շարժումներ ենթադրող, օրինակ՝ վազք, ձիավարություն, ցատկ, հեծանվասպորտ, մեծ թենիս, վնասվելու վտանգ կրող, ձգումներ ենթադրող՝ շնչառության պահում, շեշտակի պտույտներ, ծանրության բարձրացում և այլն։ Ծանրաբեռնվածությունը պետք է անվտանգ լինի և առավելագույն հաճույք պատճառի։
Ի՞նչն է թույլատրելի
Լողն ու ամենօրյա զբոսանքը լավացնում են արյան շրջանառությունը, սրտանոթային համակարգի աշխատանքը, կանխում են շնչառական հիվանդությունները, հանգստացնում են նյարդերը, անցկացնում են գլխացավը, կանխում են ավելորդ քաշի կուտակումը և այլն։
Լողավազանն ընտրելիս ուշադրություն դարձրեք մաքրությանը, մեծ կենտրոններում պահպանում են սանիտարական նորմերը, լավ են քլորացնում ջուրը։ Հիշեցնենք, որ քլորը երեխային չի փոխանցվում և չի կարող վնասել նրան։ Գուցե անգամ հղի կանանց համար նախատեսված ջրային աէրոբիկայի դասեր գտնեք։
Կարդացեք՝ Քայլքը հղիության ընթացքում
Այսօր մեծ տարածում ունի յոգան և հղի կանանց մարմնամարզությունը։ Դրանց առավելությունները շատ են։ Ուշադրություն դարձրեք մարզչին կամ յոգայի ուսուցչին, վերջիններս պետք է փորձառու լինեն և հղի կանանց հետ աշխատելու հատուկ հմտություններ ունենան։
Ակտիվության ընտրված ձևը պետք է հաճույք պատճառի և առույգացնի, այլ ոչ թե հոգնեցնի։ Անհարմարության, ցավի կամ տհաճ զգացողության դեպքում հարկավոր է դադարեցնել, ընթացքում կարող եք ջուր խմել։
Հիշեք՝ ծննդաբերությունը որքան մոտենում է, ծանրաբեռնվածությունն այնքան նվազում է։