Դիսպարեունիա՝ սեռական ցավոտ ակտ

Դիսպարեունիան սեռական հարաբերության ժամանակ արտաքին սեռական օրգանների շրջանում կամ փոքր կոնքում առաջացող անհարմարավետության կամ ցավի զգացումն է: Ունի առաջացման ինչպես հոգեբանական, այնպես էլ օրգանական հիմքեր: Կարող է հանգեցնել սեռական անբավարարվածության, սեռական ցանկության նվազման, սեռական հարաբերությունից խուսափելուն, զուգընկերոջ հետ հարաբերությունների վատթարացման և նույնիսկ դեպրեսիայի:
«Դիսպարեունիա» ասելով անհրաժեշտ է հասկանալ ցավային կամ տհաճ բոլոր զգացողությունները, որոնք առաջանում են սեռական օրգաններում սեռական ակտից առաջ, հետո կամ դրա ընթացքում: Կախված հիվանդության առաջացման գործոններից՝ տարբերում են դիսպարեունիայի ախտանշանային, հոգեծին և խառը ձևեր:
Ախտանշանային կամ օրգանական դիսպարեունիան առաջանում է որպես միզասեռական համակարգի վարակային, բորբոքային, ատրոֆիկ, վնասվածքային, ուռուցքային կամ ախտաբանական այլ պրոցեսների հետևանք և չի առնչվում սեռական վարքի խանգարումներին:
Հոգեծին դիսպարեունիան սեքսուալ բնույթի խանգարում է և հնարավոր է լինի անգիտակցական, ներքին կոնֆլիկտի, տագնապային խանգարումների, ֆոբիաների արտահայտում:
Խառը դիսպարեունիան դրա առաջնային (այսինքն սեռական հարաբերության հենց սկզբից առաջացած) օրգանական ձևն է, որը համալրվել է հոգեծին գործոնի ազդեցությամբ:
Պատճառները
Մակերեսային դիսպարեունիայի առաջացման օրգանական պատճառները հնարավոր է լինեն հեշտոցի զարգացման արատները կամ վարակային հիվանդություները՝ ինչպես վուլվիտը, կոլպիտը (հեշտոցի լորձաթաղանթի բորբոքում), տարատեսակ ծագման վուլվովագինիտը, բարտոլինիտ և այլն: Ցավերի պատճառ կարող են լինել նաև հետծննդաբերական բարդությունները, իսկ խորը դիսպարեունիայի դեպքում՝ փոքր կոնքի երակների վարիկոզ լայնացումը, էնդոմետրիոզը, արգանդի միոման, կոնքի օրգանների կպումային հիվանդությունները, արգանդի իջեցումը և այլն:
Կարդացեք՝ Կպումները որպես անպտղության պատճառ
Բացի օրգանական պատճառներից, հարաբերության ժամանակ ցավ կարող է առաջանալ նաև պահպանակի սխալ ընտրված չափից կամ դրա հանդեպ ալերգիայից:
Հոգեբանական պատճառները սովորաբար նախկինում ունեցած սեռական փորձի բացասական հիշողություններն են կամ սեռական անբավարարվածությունը, քանի որ ցավով ուղեկցվող սեռական ակտը երկար ժամանակ պահպանվում է հիշողության մեջ:
Ախտորոշումը և բուժումը
Դիսպարեունիայի ախտորոշման համար անհրաժեշտ է գինեկոլոգիական, հոգեբանական և սեքսոլոգիական հետազոտություն: Բժիշկը մանրակրկիտ անամնեզ է կազմում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հեշտոցային ախտանշանների առկայությանը (պաթոլոգիական ցավեր, այրոց, քոր), նախկինում ունեցած սեռավարակներին և այլ հիվանդություններին, հակաբեղմնավորիչ մեթոդների ընտրությանը:
Գինոկոլոգիական զննման ընթացքում ուշադիր հետազոտվում է արտաքին սեռական օրգանների շրջանը՝ բորբոքային պրոցեսների, շեքի մաշկի ախտահարումների նշանները հայտնաբերելու նպատակով: Կատարվում է քսուքի հետազոտություն, փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն:
Հաշվի առնելով էթիոլոգիական գործոնները՝ նշանակվում է դեղորայքային թերապիա (հակաբորբոքային, հանգստացնող միջոցներ), գինեկոլոգիական մերսում, ֆիզիոթերապիա: Անհրաժեշտության դեպքում ընտրվում է համապատասխան բեղմնականխման մեթոդ: Հոգեծին դիսպարեունիայի դեպքում կիրառվում է հոգեթերապիա (անհատական, զույգի): Բուժման նպատակն է փոխել սեռական հարաբերության հանդեպ վերաբերմունքը, վերացնել սեռական ակտից ցավի ակնկալումը:
Կարդացեք՝ Ֆիզիոթերապիան գինեկոլոգիայում
Նմանատիպ նյութեր

Ճի՞շտ է, որ եթե սերմնահեղուկը թափվում է հեշտոցից, ապա նվազում է հղիանալու հավանականությունը

Ճի՞շտ է, որ ծննդաբերությունից հետո կինն օրգազմն այլ կերպ է ապրում

Ռոմանտիզմն արթնացնում է բնազդնե՞րը

Վնասվածքները սեռական հարաբերությունից հետո

Օրգազմը ծննդաբերությունից հետո
