Նկարի աղբյուր՝ shutterstock.com Հոդվածի աղբյուր՝ sotskiy.am

Դեղին մարմնի կիստա

22.01.201512083

Դեղին մարմինն իր անվանումն ստացել է բնորոշ գույնից, որ ապահովում է ճարպալույծ գունանյութը: Դեղին մարմինը հայտնվում է դաշտանի երկրորդ փուլում, որը կոչվում է լյուտեինային փուլ: Նորմայում այս մարմնի առավելագույն չափը 2-2,5 սմ է: Եթե հղիություն չի գրանցվում դաշտանային ցիկլի շրջանում, ապա մարմինը հետզհետե փոքրանում է չափերով և դադարեցնում է պրոգեստերոնի արտադրությունը: Բեղմնավորման դեպքում դեղին մարմինը շարունակում է մեծանալ, արտադրում է պրոգեստերոն հորմոն և գործում է մինչև հղիության 16-րդ շաբաթը:

Առաջացումը

Ի՞նչ է դեղին մարմնի կիստան: Այն պահին, երբ ելունը չի ներծծվում լյուտեինային փուլում և արյան շրջանառության խանգարման պատճառով կուտակում է իր մեջ շիճուկային կամ հեմոռագիկ ծագման հեղուկ, վերածվում է կիստայի: Դրա առավելագույն չափը կարող է կազմել 8սմ և, ընդհանուր առմամբ, այդպիսի կիստան առաջանում է հաստատուն երկփուլային դաշտանային ցիկլ ունեցող կանանց օրգանիզմում: Տարբերում են նախքան հղիությունը և հղիության ընթացքում առաջացած նորագոյացություններ:

Դեղին մարմնի կիստան ընդունում է խոռոչի տեսք, որը ներսից պատվում է լյուտեինային բջիջներով: Լյուտեինային նորագոյացությունն ինքնուրույն ներծծվում է 2-3 դաշտանից հետո կամ հղիության 2-րդ եռամսյակում:

Ո՞րն է առաջացման պատճառը: Այս տիպի կիստայի առաջացման հիմքում ընկած է բնական հորմոնային հավասարակշռության փոփոխությունը: Դեղին մարմնի կիստան առաջանում է հետևյալ պատճառներով՝

  • հղիության արհեստական ընդհատում
  • ձվարանների երկարատև բորբոքում,
  • ոչ ռացիոնալ սննդակարգ՝ սննդակարգում մեկ տեսակի սննդի գերակշռությամբ, 
  • հուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • հորմոնային անհավասարակշռություն, 
  • կենսագործունեության վնասակար պայմաններ և այլն:

Ախտանշանները

Վաղ շրջանում ախտանշանները չեն արտահայտվում: Դրանք կարող են ի հայտ գալ ավելի ուշ՝ նորագոյացության զարգացումից հետո մի քանի ամիսների ընթացքում և հետո անհետանալ: Ավելի տարածված նշաններն են՝ դաշտանի ժամանակ պարբերական ցավերը, ծանրության զգացողությունը, կարող է ավելանալ դաշտանային ցիկլի օրերի թիվը: Վիրահատական միջամտություն կարող է պահանջվել այն դեպքում, երբ տեղի է ունեցել կիստայի ոտիկի շրջում, եթե հայտնաբերվել է դեղին մարմնի կիստայի պատռվածք կամ ձվարանի պատռվածք՝ ներորովայնային արյունահոսություն, և այլն:

Ուժեղ ցավերի, ինքնաթունավորման նշանների և փսխելու դեպքում անհրաժեշտ է հնարավորինս արագ դիմել հիվանդանոց օգնության համար:

Ախտորոշման մեթոդները

Նախնական ախտորոշումը տրվում է բնորոշ ախտանշանների, հիվանդի գանգատների, ՈՒՁՀ տվյալների, լապարասկոպիայի հիման վրա: Նորագոյացությունը հնարավոր է հայտնաբերել հեշտոցային զննման արդյունքում ևս: Այն իրենից ներկայացնելու է առաձգական գոյացություն, շոշափելիս հնարավոր է ցավել: 

ՈՒՁ հետազոտության ժամանակ կարելի է տեսնել նորագոյացությունը՝ բնորոշ էխոգեն ակտիվությամբ, մինչև 8սմ հասնող տրամագծով: Նորագոյացության ներսում կարող է դիտվել սուսպենզիա: Գոյացության ուրվագիծը հարթ է: Ճշգրտորեն ախտորոշելու նպատակով դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլում անցկացնում են ՈՒՁՀ, որպեսզի որոշվի զարգացման արագությունը:

Գունային դոպլեր հետազոտությունը թույլ է տալիս տարբերել իրական կիստան ուռուցքից և տեսնել, թե արդյո՞ք այն ունի իրեն սնուցող անոթների սեփական ցանց: Բոլոր նորագոյացությունների և ուռուցքների հայտնաբերման դեպքում ստանդարտ կերպով անհրաժեշտ է անցկացնել СА-125 թեստ, լրացուցիչ նշանակվում է արյան մեջ խորիոնային գոնադոտրոպինի խտության որոշման քննություն և հղիության թեստ:

Լապարասկոպիկ հետազոտություն նշանակվում է այն դեպքում, երբ հնարավոր չէ տարբերել կիստան այլ գոյացություններից և արտարգանդային հղիությունից:

Բուժումը

Դեղին մարմնի կիստան ունի բուժման մի քանի մեթոդ՝ գինեկոլոգի մշտական հսկողությամբ, ՈՒՁՀ ախտորոշմամբ և գունային դոպլեր հետազոտությամբ: Այդ միջոցառումներն անցկացվում են մի քանի ցիկլի ընթացքում: Սովորաբար այդ ժամանակահատվածը բավարար է կիստայի հետաճի համար, այսինքն՝ այն կարող է անհետանալ:

Ինչպե՞ս բուժել դեղին մարմնի կիստան, եթե այն ինքն իրեն չի ներծծվում: Հաճախ հանդիպող, վառ արտահայտված ախտանշաններով կիստաներն արդյունավետ ենթարկվում են պահպանողական թերապիայի՝ հակաբորբոքային միջոցներով, հորմոնային հակաբեղմնավորիչներով, բուժիչ վաննաներով, մագնիսական և լազերային թերապիայով:

Հիմնական խորհուրդներ: Ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում, սեռական հանգիստ՝ շրջվելու հավանականությունը հաշվի առնելով, որը կարող է կիստայի պատռվածք առաջացնել:

Եթե 1-3 ամիս անց լյուտեինային կիստայի թերապիան արդյունավետ չի լինում, որոշվում է կիստան վիրահատական ճանապարհով հեռացնելու հարցը: Վիրահատությունը ենթադրում է լապարասկոպիկ մեթոդով ձվարանի խոռոչի մաքրում, որի արդյունքում հեռացվում է նորագոյացությունը, իսկ առողջ հյուսվածքը չի տուժում: Եթե կիստան մեծ է, ապա իրականացվում է ձվարանի ռեզեկցիա: Եթե հանկարծ բարդություն է առաջանում, օրինակ արյունահոսություն է սկսվում, որոշվում է ձվարանի շտապ հեռացման հարցը: Այդ դեպքում դեղին մարմնի կիստայի բուժումը համարվում է անարդյունավետ:

Կանխարգելման հիմնական միջոցները

Վերարտադրողական համակարգի բորբոքային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու թերապիան, կնոջ հորմոնային համակարգի խանգարումների վերացումը թույլ են տալիս խուսափել նորագոյացությունների առաջացումից: Վաղ ախտորոշումը և գինեկոլոգի հսկողությունը, ուլտրաձայնային վերահսկումը կկանխեն բարդությունների առաջացումը: Կիստայի առկայությունը չի ազդում կնոջ հղիության ընթացքի և ելքի վրա: Դեղին մարմնի կիստան, որի հետևանքները կարող են վտանգավոր լինել, պահանջում է բժշկի մշտական հսկողություն: