Բակտերիալ վագինոզ. ինչ հիվանդություն է, ինչպես է բուժվում

05.05.201425967

Կնոջ հեշտոցի միկրոֆլորան յուրահատուկ էկոհամակարգ է: Նորմայում այն 95-98% -ով կազմված է լակտոբակտերիաներից, որոնք պաշտպանական գործառույթ ունեն՝ առանձնացնում են կաթնաթթուն թթվային միջավայր ստեղծելու համար, խթանում են տեղային իմունիտետը և ճնշում հիվանդագին միկրոօրգանիզմների աճը: Սակայն որոշակի պայմաններում այդ բնական հավասարակշռությունը խախտվում է` հեշտոցի թթվայնությունն իջնում է, և արդյունքում կտրուկ մեծանում է ախտածին բակտերիաների թիվը, ինչը սեռական օրգաններում հանգեցնում է «ձկան հոտով» անսովոր արտադրության և քորի: Նման իրավիճակն անվանվում է բակտերիալ վագինոզ կամ հեշտոցային դիսբիոս (դիսբակտերիոզ) և պահանջում որոշակի բուժում:

Բակտերալ վագինոզի պատճառները, ախտաիշներն ու ախտորոշումը

Կանանց 15-64% -ն ունի դիսբիոս: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջիկների մոտ, ովքեր չեն ապրում սեռական կյանքով, այնպես էլ հասուն կանանց մոտ: Այսօր դրա հիմնական պատճառը դեռ պարզ չէ, սակայն մասնագետներն այն կապում են այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք են.

• Հակամանրէային միջոցների օգտագործում
• Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
•Արգանդի վզիկի ֆոնային գործընթացներ (էնդոմետրիոզ, պսևդոէրոզիա, լեյկոպլակիա, էնդոցերվիցիտ և այլն)
• Հորմոնային խանգարումներ
• Դաշտանային ցիկլ
• Սեռական զուգընկերոջ փոխարինում
• Սեռական օրգանների հիգիենայի խախտում
• Բազմաբնույթ միջոցների օգտագործում (տամպոններ, ներարգանդային պարույրներ և այլն)
• Ցնցուղում
Օրալ բեղմնականխիչների օգտագործում
• Բեղմնականխիչների օգտագործում (պահպանակներ, մոմիկներ, քսուքներ)
• Սթրեսներ, կլիմայական փոփոխություններ
• Վիրաբուժական միջամտություն
• Տեղային իմունիտետի անկում
• Սխալ սննդակարգ
• Աղիքային հիվանդություններ

Բակտերիալ վագինոզը կարող է ընթանալ ինչպես առանց ախտանիշների, այնպես էլ կլինիկական դրսևորումներով: Ֆլորայի փոփոխության ժամանակ կանանց սկսում է անհանգստացնել տհաճ հոտով սպիտակ կամ գորշ գույնի արտադրությունը: Հազվադեպ կարող է առաջանալ քոր և խախտվել միզարտադրությունը: Այսուհանդերձ, որպես կանոն, սեռական օրգանների և հեշտոցի այտուցվածության կամ կարմրածության առկայություն չի նկատվում:

Որոշ կանայք նշում են միայն մեկ ախտանիշ, իսկ կանանց մեծ մասն ընդհանրապես որևէ նշան չի նկատում, ինչի հետևանքով հիվանդությունը կարող է տարիներով շարունակվել: Այս պատճառով բակտերիալ վագինոզն ավելի ճիշտ է որոշել ոչ թե հիմնվելով կլինիկական ախտանիշների և կանանց գանգատների վրա, այլ առաջնորդվել առաջին հերթին արտադրութան լաբորատոր հետազորության արդյունքներով:

Հեշտոցի դիսբիոսի (դիսբակտերիոզ) հայտնաբերման համար անցկացվում են.

• Ամինոթեստ (արտադրության և քիմիական տարրերի փոխազդեցության դեպքում առաջանում է «նեխած ձկան» հոտ)
• Արտադրության թթվայնության գնահատում (рН>4,5 հաստատում է լակտոբակտերաների թվի նվազում )
• Ցանքսի մեթոդ (սնուցող միջավայրերի օգնությամբ բացահայտում են հարուցիչը )
• Գունավորված քսուքի միկրոսկոպիա (որոշում են դիսբիոսին բնորոշ «հիմնական բջիջների»` խիտ տեղակայված անաէրոբ մանրէներով` գարդներելլայով, բակտերիոդներով, ֆուզոբակտերիաներով, կլեբսիելներով և այլն, հեշտոցի էպիթելերի առկայությունը):

Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է չորս դիագնոստիկ մեթոդներից երեքի դրական արդյունք, բայց առավել կարևոր է քսուքի արդյունքը:

Բակտերիալ վագինոզի բուժումը

Բակտերալ վագինոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, այդ պատճառով սեռական զուգընկերոջ բուժումն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նրա մոտ առաջանում է ուրետրիտի ախտանիշ (միզելու կամ սերմնաժայթքման ժամանակ ծակոցներ): Իսկ ահա կնոջ վերարտադրողական առողջության համար համապատասխան թերապիան շատ կարևոր է: Հիվանդության շարունակականությունը կարող է դառնալ արգանդի և հավելումների բորբոքային երևույթների պատճառ (էնդոմետրիտ, սալպիգիտ և այլն), ինչպես նաև հղիության և ծննդաբերության ժամանակ կարող է հանգեցնել բարդությունների (խորիոամնիոնիտ, վաղաժամ ծննդաբերություն, երեխայի ներարգանդային վարակում, պնևմոնիա և այլն):

Դիսբիոսի բուժումն ուղղված է հարուցիչների վերացմանը և հեշտոցի նորմալ միկրոբիոցենոզի վերականգնմանը: Այն ընդգրկում է համալիր բուժում, հակաբակտերիալ թերապիայի նշանակում, հակապրոտոզային, հակասնկային միջոցներ, իմունոմոդուլյատորներ, հեշտոցի նորմալ միկրոֆլորան վերականգնող դեղամիջոցներ, էուբիոտիկներ և այլն:

Հեշտոցի դիսբիոսի բուժման ժամանակ ուշադրություն են դարձնում կնոջ աղիքային միկրոբիոցենոզին, անհրաժեշտության դեպքում թերապիայի մեջ ընդգրկում են համապատասխան հավելումներ: Հղիության շրջանում բակտերիալ վագինոզի հայտնաբերման դեպքում բժիշկը նշանակում է գեստացիայի տվյալ փուլում թույլատրվող դեղամիջոցներով թերապիայի կուրս: Բուժման արդյունավետությունը գնահատվում է հիվանդության ախտանիշների անհետացմամբ, ինչպես նաև լաբորատոր ցուցանիշների նորմալացմամբ: Հետազոտությունն անցկացվում է բուժման կուրսի ավարտից մեկ շաբաթ անց և ոչ ավելի վաղ:

Բակտերալ վագինոզի համալիր բուժումը 90% դեպքում տալիս է երկարատև դրական արդյունք: Բայց պետք է նաև հիշել, որ բակտերիալ վագինոզը կարող է կրկնվել: Հեշտոցի դիսբիոսի կանխման համար անհրաժեշտ է տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել գինեկոլոգի և հնարավորինս վերացնել այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել հեշտոցի դիսբիոսի: