Ամառը և հղիությունը

Հղիության 9 ամիս: Ամռան ընթացքում հղիության եռամսյակներից որևէ մեկի զուգադիպելու հավանականությունը շատ մեծ է: Տարվա ամենաշոգ եղանակը կարող է օգտակար լինել և մի շարք դրական հույզեր պարգևել ինչպես մորը, այնպես էլ փոքրիկին, եթե մի քանի խորհրդի հետևեք:
Արևը
Ապագա մայրերը պետք է հնարավորինս քիչ ժամանակ անցկացնեն կիզիչ արևի տակ հետևյալ պատճառներով՝
- տոթի ազդեցությամբ արյան մակարդելիությունն իջնում է, և բարձրանում է արյունահոսությունների հավանականությունը,
- ակտիվանում է հիպոֆիզի աշխատանքը, որն արգանդը կրճատող օքսիտոցին է արտադրում,
- շատանում է վարիկոզը,
- շատանում է պիգմենտավորումը:
Կարդացեք՝ Պիգմենտային բծերի առաջացման պատճառները հղիության ընթացքում
Իսկ ահա օդային լոգանք ընդունելն ամռանը խիստ օգտակար է: Սակայն այդ նպատակի համար պետք է ընտրել առավոտյան կամ երեկոյան ժամերը՝ օգտվելով արևից պաշտպանող կրեմներից մինչև իսկ այն դեպքում, եթե գտնվում եք հղիներին խորհուրդ տրվող ստվերում: Մի մոռացեք ջրով շշի մասին, այն մշտապես պետք է տեղ գտնի ձեր պայուսակում:
Ալերգիա
Հղիությունը սրացնում է առկա հիվանդությունները: Քանի որ ամռանն են հատկապես շատ ծաղիկներ ու բույսեր ծաղկում, ապա հնարավոր է ձեր ալերգիան սրանա կամ մինչև իսկ ի հայտ գա առաջին անգամ, եթե այն նախկինում չի էլ եղել: Օգտակար կլինի, եթե ամառանոց կամ ծովափ մեկնելուց առաջ այցելեք ձեր բժշկին և պարզեք, թե ալերգիայի նշանների և միջատների խայթոցի դեպքում ո՞ր հակահիստամիանային դեղամիջոցն է առավել նպատակահարմար օգտագործել: Բույսերի ծաղկման ժամանակահատվածում զբոսանքից վերադառնալուց հետո ցնցուղ ընդունեք:
Կարդացեք՝ Ալերգիան և հղիությունը
Լոգանքը
Լոգանքը շատ օգտակար է ապագա մայրերի համար: Այն առողջացնում ու կոփում է, մարզում շնչառական ու մկանային համակարգերը, օրգանիզմը նախապատրաստում ծննդաբերությանը: Տաք ավազի և զովացնող ջրի հակադրությունը ամրացնում է նյարդային համակարգը և կանխում ընկճախտը (դեպրեսիան): Սակայն հարկ է հիշել մի քանի պարզ կանոն՝
- լողանալ կարելի է միայն հատուկ նշանակության լողափերում կամ ստուգված ջրամբարներում,
- միայնակ մի գնացեք լողափ,
- ջրում երկար մի մնացեք,
- մի մտեք սառը ջուրը,
- հեռու չլողաք. այլոց համեմատությամբ հղիների ջղաձգվելու հավանականությունն ավելի մեծ է,
- չսուզվեք, որպեսզի ջուրը չհոսի ձեր քթըմպանին. ջրում կարող են լինել վարակի հարուցիչներ:
Ուղևորություններ
Հղիությունն առիթ չէ, որպեսզի նստեք տանը և դուրս գաք միայն բժշկին այցելելու համար, առավել ևս, որ հաջորդ տարի կրծքահասակ փոքրիկի հետ հազիվ թե կարողանաք ծովափ մեկնել: Ուստի կարող եք ճանապարհորդությունները մտցնել ձեր ամառային ծրագրերում՝ հետևելով մի քանի խորհրդի։
- Ճանապարհորդությունից առաջ այցելեք ձեր բժշկին՝ կանխարգելիչ նպատակով:
- Դեղարկղ պատրաստեք ձեզ հետ տանելու համար:
- Ճանապարհորդության ընթացքում վերահսկեք ձեր արյան ճնշումը՝ չմոռանալով տոնոմետրը:
- Ուր էլ մեկնեք, մինչև իսկ տնից ոչ ավել, քան 100 կմ հեռու, ձեզ հետ ունեցեք անձնագիր, փոխանակային քարտ. արտասահման մեկնելիս անպատճառ բժշկական ապահովագրություն ձևակերպեք:
- Երթուղին ընտրելիս մի հրապուրվեք բացառիկ ուղևորություններով:
- Ճանապարհորդությունների ընթացքում խուսափեք երկար ժամանակ միևնույն դիրքում մնալուց: Ավտոմեքենայով ճամփորդելիս հաճախակի կանգ առեք, գնացքում շարունակ մի մեկնվեք թախտին, անցուդարձ արեք գնացքում:
- Հղիության 7-րդ ամսից հետո ցանկալի է խուսափել օդանավով թռչելուց:
Սննդակարգը
Սննդակարգն այնպիսին է, ինչպիսին տարվա մյուս եղանակներին: Կերեք այն ամենը, ինչն օգտակար է ու թարմ՝ հնարավորինս սահմանափակելով կծու, աղի և տապակած մթերքները: Ամռանն առանձնապես պետք է ուշադիր ընտրել միսն ու կաթնամթերքը: Եթե ամռանը զուգադիպում է հղիության երրորդ եռամսյակը և եթե այտուցվելու հակում ունեք, ապա փոքր-ինչ սահմանափակեք հեղուկների գործածումը և հետևեք միզարտադրությանը (դիուրեզին): Նկատի ունեցեք նաև այն հյութը, որն առկա է մրգերում՝ ձմերուկի, սեխի, վարունգի մեջ և այլն: Ի դեպ՝ ձմերուկի մասին։ Որքան էլ ուզենաք, մի գնեք առաջին ձմերուկները, որոնք հաճախ հագեցած են քիմիայով, այլ սպասեք մինչև ժամանակը գա: Աղի օգտագործումը մաքսիմալ նվազեցրեք: Հատապտուղների հասունացման շրջանում վայելեք մորին, ելակը, թութը, հապալասը, որոնք ամինաթթուների պարունակությամբ առաջատարներ են: Կարող եք աղանդերներ պատրաստել հատապտուղներից ու յոգուրտից կամ կեֆիրից, որոնք համով են, օգտակար և քիչ կալորիական: Սառը ապուրները՝ մածնաբրդոշ, բազուկապուր, հիանալի միջոց են հագենալու և զովանալու համար:
Օրվա ռեժիմը
Ամռան տապը մինչև իսկ ոչ հղիներին է մի շարք անհարմարություններ պատճառում, իսկ ապագա մայրերին՝ առավել ևս. տոքսիկոզ, այտուցներ, գլխապտույտ, հևոց և այլն: Կյանքը տանելի դարձելու համար օգտակար սովորություն դարձրեք հետճաշյա քունը: Հենց օրվա ամենաշոգ ժամեին հաճույքով քնած կլինեք տանը: Եթե ինչ-որ տեղ պետք է գնաք կամ մեկնեք, աշխատեք քայլել հարթ մակերեսներով, գլխածածկ գնեք: Անպայման շշով ջուր վերցրեք: Լավ կլինի, եթե հարազատները ձեզ ուղեկցեն:
Քրտնարտադրությունը
Ամռանը բոլորն են քրտնում, իսկ ահա հղիության շրջանում այն ավելի է սաստկանում: Հաճախակի ընդունեք ցնցուղ և օդային լոգանքներ, մարմինը շփեք խոնավ սրբիչով, երեսը ցողեք գոլ, հանքային ջրով: Կարելի է նաև ցողացիրով ցողվել անանուխի թուրմով, ինչպես նաև անանուխի կամ կիտրոնի մի քանի կաթիլ յուղ ավելացրած ջրով: Կրծքի տակ, ազդրերի ներսային մակերեսին շփաբորբ կամ քրտնախաշ երևալիս օգտվեք ցինկի օքսիդի հիմքով քսուքներից կամ մանկական ցանափոշիներից: Գնեք հովհար. այս հնաոճ իրը հարմարավետություն կհաղորդի ձեզ տոթ օրերին: Հագուստը ձեր ընտրությունը պետք է լինի հօգուտ բնաթելերով հյուսված գործվածքի՝ շնչող և ազատ: Ամռանը պետք չէ կրել սինթետիկ և ընդգծող նեղ հագուստ: Առավելությունը պետք է տալ բաց գույներին, քանզի մուգ գույները «կլանում են լույսը»: Անպատճառ ձեռք բերեք գլխածածկ. դա կարող է լինել նրբագեղ, ծղոտե գլխարկ՝ ժապավենով զարդարված, գլխաշոր, զվարճալի գլխարկ՝ հովարով կամ պանամա:
Մաշկը
Ամռանը մաշկը դառնում է չոր և ձգվածության առավել հակվածությամբ: Մի մոռացեք մաշկը խոնավացնելու և խնդրահարույց մասերի մերսման մասին: Ձեռք բերեք հատուկ հղիների համար նախատեսված մաշկի խնամքի և ձգվածության կանխարգելման խնամքի պարագաներ: Հիշյալ միջոցներն զգուշորեն գործածեք, քանզի դրանք կարող են ալերգիա առաջացնել: Զգուշացեք նաև արևայրուքից՝ պիգմենտավորման բարձր վտանգի պատճառով: