Որովայնի ցավը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կինը ժամանակ առ ժամանակ որոշակի ցավ ու անհարմարություն է զգում մարմնի տարբեր հատվածներում։ Այդ երևույթները պայմանավորված են օրգանիզմի հորմոնային փոփոխություններով, որովայնի մեծացմամբ և հիվանդությունների սրացմամբ, որոնք «քնած» վիճակում են եղել նախքան հղիությունը։ Որովայնը, ի տարբերություն սրտի կամ լյարդի, միայնակ օրգան չէ․ նրանում կան այլ հյուսվածքներ, օրգաններ և համակարգեր։ Եթե ցավում է, ինքնուրույն պարզելը, թե կոնկրետ ինչն է ցավում, դժվար կլինի, ուստի հարկավոր է առանց վարանելու դիմել բժշկի։
Հղիության ընթացքում որովայնում ի հայտ եկող տարատեսակ զգացումներն ու ցավը պայմանականորեն լինում են մանկաբարձական և ոչ մանկաբարձական։ Մանկաբարձական ասելով նկատի ունենք այն զգացումները, որոնք պայմանավորված են հենց հղիությամբ, օրինակ՝ պտղի խաղը կամ թույլ, արագ անցնող ցավը կողային հատվածներում։ Այդ ախտանշանները վտանգավոր չեն և չեն պահանջում բժշկական միջամտություն։ Առաջին եռամսյակում թույլ ցավը խուճապի մատնվելու առիթ չէ, քանի որ պայմանավորված է ֆիզիոլոգիական փոփոխություններով։ Հաճախ այդպիսի ցավն անհանգստացնում է այն կանանց, ում դաշտանը ցավոտ է եղել նախքան հղիանալը։
Պետք է իմանալ, որ եթե որովայնի ստորին շրջանի ցավը ձգող է, նման ծննդաբերության ցավին, նվվացող է, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, քանի որ կարող է ինքնաբեր վիժման սկզբի նշան լինել։ Արհեստական ընդհատման հավանականությունը մեծանում է, եթե ցավն սկսում է ուղեկցվել արյունային արտադրությամբ։ Ճիշտ ժամանակին միջոցներ ձեռք առնելու դեպքում հնարավոր է խուսափել վատ ելքից։ Բացի այդ, հղի կնոջ օրգանիզմի հորմոնային փոփոխությունները դանդաղեցնում են ստամոքսի աշխատանքը, ինչն իր հերթին հանգեցնում է փորկապության։ Բարենպաստ միջավայր է ստեղծվում հիվանդածին մանրէների զարգացման և բազմացման համար։ Վիճակը թեթևացնելու նպատակով խորհուրդ է տրվում չծանրաբեռնել ստամոքսը՝ պահպանելով սնվելու ռեժիմը (օրական 4-5 անգամ փոքր չափաբաժիններով)։
Կարդացեք՝ Հղիություն և ճիշտ սննդակարգ․ ի՞նչ են խորհուրդ տալիս սննդաբանները
Ցավ կարող է առաջանալ նաև արգանդի՝ ստամոքսը ճնշելու հետևանքով։ Իմունիտետի անկումը և ներքին օրգանների մանր անոթների արյան շրջանառության փոփոխությունը նույնպես կարող է հիվանդության զարգացման պատճառ լինել։
Ոչ մանկաբարձական խնդիրները ենթադրում են սովորական, բոլորին բնորոշ զգացումներ՝ անկախ տարիքից և սեռից։ Փորի ցավը կարող է տարատեսակ հիվանդությունների ախտանշան լինել։ Անդրադառնանք դրանցից հիմնականներին։
Ապենդիցիտ՝ որդանման ելունի բորբոքում
Հղի կանայք հազվադեպ են բախվում այս խնդրին։ Ցավը սուր է լինում՝ տեղակայված էպիգաստրալ շրջանում, հաղորդվելով աջ զստափոս և աճուկային հատված։ Ջերմությունը բարձրանում է, ի հայտ է գալիս սրտխառնուք և փսխում։ Խնդիրը, ի հայտ գալով երկրորդ եռամսյակում, արտահայտվում է հանկարծակի և սուր ցավով, իսկ որոշ ժամանակ անց ձեռք է բերում նվվացող բնույթ, դիտվում է ջերմության բարձրացում, սրտխառնոց և փսխելու ցանկություն։
Կարդացեք՝ Որդանման ելունի բորբոքումը հղիության ընթացքում
Ցիստիտը
Միզապարկի բորբոքումն արտահայտվում է բնորոշ ձգող ցավով և հեշտոցի վրա ծանրության զգացմամբ։ Միզապարկի լցվելու դեպքում ցավն ուժգնանում է՝ դառնալով կտրող, մեծ ինտենսիվության է հասնում միզարձակման ավարտին։ Ցիստիտ ունենալու դեպքում անընդհատ միզելու ցանկություն է առաջանում, սակայն այդ դեպքում էլ մեզը փոքր չափաբաժնով է հոսում։ Որոշ դեպքերում միզարձակման ավարտին արյուն է նկատվում։
Կարդացեք՝ Ցիստիտ
Խոլեցիստիտ
Այդպես է կոչվում լեղապարկի բորբոքումը, որը դրսևորվում է աջ կողատակի ցավով և ծանրության զգացումով։ Ընդ որում՝ ցավը կարող է լինել ինչպես բութ ու նվվացող, այնպես էլ սուր ու պարբերական։ Առաջին դեպքում խոսքը քրոնիկական խոլեցիստիտի մասին է, երկրորդ դեպքում՝ սուր։ Երբեմն ցավն ուղեկցվում է բերանի դառնահամությամբ, սրտխառնոցով, փսխմամբ, այրոցով, որովայնի փքվածությամբ։
Քրոնիկական գաստրիտ
Եթե նախքան հղիությունն ախտորոշվել է քրոնիկական գաստրիտ, ապա ամենայն հավանականությամբ այն կսրվի հղիության ընթացքում։ Կինն անհարմարություն է զգում որովայնի վերին հատվածում։ Դրանից խուսափելու համար հարկավոր է սննդից բացառել կծու և աղի մթերքները։
Պանկրեատիտ
Պանկրեատիտն ուղեկցվում է որովայնի վերին հատվածի սուր ցավով, անոթային ճնշման անկմամբ, փսխելու ցանկությամբ։
Տասներկումատնյա աղու հիվանդություններ
Աղիքային վարակման մասին է վկայում պորտի շրջանի ցավը, սրտխառնուքը, փսխումը, ջերմության բարձրացումը։ Հղիության ընթացքում սա վտանգավոր է այնքանով, որ աղու տոնուսը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը։ Բացի այդ, հիվանդածին բակտերիաների քանակի մեծացումը կարող է հանգեցնել հղիության ընդհատման։
Սննդային թունավորում
Լինում են դեպքեր, երբ որովայնի ցավը պայմանավորված է լինում թունավորմամբ՝ սննդային վարակներով։ Այդպես է լինում, երբ միկրոօրգանիզմները հայտնվում են ստամոքսաղիքային տրակտում՝ առաջացնելով օրգանիզմի թունավորում։ Վարակման հավանական պատճառներն են ջրի աղտոտվածությունը, վատ լվացած սնունդը, կեղտոտ ձեռքերը։ Վարակման դեպքում սկսում է ցավել որովայնը՝ պորտի հատվածում, սրտխառնոց է առաջանում, երբեմն՝ փսխում, ջերմության բարձրացում, ծանր դեպքերում՝ գունատություն, սառը քրտինք, անոթային ճնշման անկում և անոթազարկի արագացում։
Այսպիսով՝ որովայնի ցավի պատճառները տարբեր են, ուստի անծանոթ, անսովոր ցավի ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկական օգնության։