Իմունաբանական անպտղություն. հակասպերմային հակամարմիններ

Մարդու վերարտադրողական համակարգը մեծապես կախված է նրա դիմադրողականությունից. պաշտպանական բջիջները կարևոր դեր են խաղում ձվազատման և իմպլանտացիայի գործընթացում, ձվաբջջի և սերմնաբջջի փոխազդեցության, ինչպես նաև հղիության հետագա զարգացման հարցում: Հակասպերմային հակամարմինները, որոնք առկա են լինում ամուսիններից որևէ մեկի օրգանիզմում, հաճախ դառնում են անբացատրելի անպտղության պատճառ:
Ինչ են իրենցից ներկայացնում հակասպերմային հակամարմինները
Հակասպերմային հակամարմինները մարդու դիմադրողական համակարգի կողմից արտադրվող սպիտակուցներ են, որոնք բացասաբար են ազդում սպերմատոզոիդների վրա: ՀՍՀՄ կարող են ձևավորվել կանանց և տղամարդկանց վերարտադրողական համակարգի տարբեր բաժիններում, տարբեր քանակով առկա լինել արյան և սեռական համակարգի տարբեր գեղձերում, ազդել սպերմատոզոիդի տարբեր մասերի վրա (գլխիկի, պոչի, միջին հատվածի կամ էլ միաժամանակ մի քանիսի) և տարբեր կերպ անդրադառնալ վերարտադրման գործընթացների վրա:
ՀՍՀՄ-ի բացասական ազդեցություններն են՝
- սպերմատոզոիդների կենսունակության նվազում և շարժունակության ճնշում,
- սպերմատոգենեզի լուրջ խանգարումներ,
- արական սեռական բջիջների՝ ցերվիկալ լորձի մեջ ներթափանցելու գործընթացի խանգարում,
- բեղմնավորման և ձվաբջջի իմպլանտացիայի գործընթացի խանգարում,
- սաղմի աճի և զարգացման ճնշում:
ՀՍՀՄ-ի արտադրությունն ըստ էության սերմնաբջջի հանդեպ ալերգիա է, ընդ որում կանանց օրգանիզմում այս սպիտակուցների առաջացումը վկայում է ամուսինների իմունաբանական անհամապատասխանելիության մասին, իսկ տղամարդկանց դեպքում՝ տղամարդու իմունիտետի պայքար սեփական բջիջների հետ:
ՀՍՀՄ-ն տղամարդու օրգանիզմում
- Իմունային համակարգն սկսում է ձևավորվել դեռևս ներարգանդային շրջանում, այդ պատճառով էլ սերմնաբջիջները, որոնք տղամարդու օրգանիզմում առաջանում են սեռական հասունացման ժամանակ, նրա համար «օտարածին» են: Խելացի բնությունը, սակայն, կանխորոշել է դա և մշակել սեռական բջիջների՝ իմունայիններից պաշտպանվելու որոշակի մեխանիզմներ, որոնք ներկայացնում ենք ստորև:
- Հակասպերմային հակամարմնահեմատոտեստիկուլային պատնեշ: Միջանկյալ բջիջներից (Սերտոլի բջիջներ) կազմված ֆիզիկական պատնեշ է անոթների և սերմնային կանալների միջև, որը կանխում է իմունային բջիջների և սերմնաբջիջների «հանդիպումը»:
- Կենսաբանորեն ակտիվ տարատեսակ նյութեր, որոնք արտադրվում են ձվարանների և հավելումային գեղձերի կողմից ու արգելում իմունային համակարգի ակտիվությունը:
- Իմունագլոբուլին կապող գործոն, որ պարունակվում է սերմնահեղուկում, ինչպես նաև խոչընդոտում իմունային պատասխանի ձևավորմանը:
Որոշ դեպքերում բնական մեխանիզմները խանգարվում են, ինչի պատճառ կարող են դառնալ՝
- վնասվածքները և սեռական օրգանների վիրահատական միջամտությունները,
- սերմնաբուշտերում, ձվարաններում, դրանց հավելումներում և շագանակագեղձում առկա բորբոքային պրոցեսները (վեզիկուլիտ, պրոստատիտ, օրխոէպիդիդիմիտ),
- անատոմիական փոփոխություններ (վարիկոցելե, ձվարանի ոլորում, սերմնածորանների խցանում և այլն):
Այս գործոնները նպաստում են, որ իմունային բջիջները ներթափանցեն տղամարդու վերարտադրողական համակարգ: Վերջիններս սերմնաբջիջներին հանդիպելիս սկսում են ակտիվորեն պաշտպանվել և հակամարմիններ արտադրել դրանց դեմ:
ՀՍՀՄ-ն կնոջ օրգանիզմում
Կնոջ վերարտադրողական համակարգում ևս կան բնական մեխանիզմներ, որոնք ճնշում են իմունային պաշտպանությունը սերմնաբջիջներից: Այդ գործընթացները ներկայում լիովին ուսումնասիրված չեն, ուստի դրանց շարքին են ենթադրաբար դասվում՝
- ձվազատման շրջանում իմունիտետի ֆիզիոլոգիական անկում,
- տեղային իմունիտետի արգելափակում շնորհիվ սեռական ուղիներով անցնելու ընթացքում սերմնաբջիջների ոչնչացման:
Իմունիտետը ճնշող գործոնների հետ մեկտեղ կան մի շարք պատճառներ, որոնք ակտիվացնում են պաշտպանական պատասխանը: Դրանք են՝
- էնդոմետրիոզ,
- սեռական օրգանների վարակիչ-բորբոքային հիվանդություններ,
- բեղմնականխման քիմիական միջոցների օգտագործում,
- ամուսնու սերմում լեյկոցիտների մեծ քանակություն,
- սերմի ներթափանցում ստամոքսաղիային տրակտ (օրալային կամ անալային շփում),
- սերմնաբջիջների ներթափանցում որովայնի խոռոչ (ներարգանդային ինսեմինացիայի ժամանակ),
- «հին» սերմնաբջիջների ներթափանցում հեշտոցի մեջ անկանոն սեռական կապերի հետևանքով:
- ՀՍՀՄ-ով սերմնաբջիջներ,
- կոագուլյացիայի միջոցով արգանդի պարանոցի էրոզիայի բուժում,
- նախկինում կատարած ԱՄԲ:
Իմունային ռեակցիան հաճախ արտահայտվում է արգանդի պարանոցի վրա, հազվադեպ մասնակցում են հեշտոցը, էնդոմետրիումը և արգանդափողերը: Դա պայմանավորված է ցերվիկալ կանալում մեծ քանակությամբ տարատեսակ իմունագլոբուլինների առկայությամբ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում իմունաբանական անպտղության համար:
Իմունային անհամապատասխանության ախտորոշումը և բուժումը
Ամուսիններին խորհուրդ է տրվում իմունիտետի հետազոտություն անցնել անպտղության բոլոր դեպքերում, անկախ ամուսիններից յուրաքանչյուրի վերարտադրողական գործառույթի վիճակից: Այդ նպատակով կիրառվում են ախտորոշման հետևյալ մեթոդները՝
- իմունագրամա,
- ՀՍՀՄ-ի հանդեպ արյան հետազոտություն,
- կենսաբանական նմուշներ (հետկոիտալային թեստ, Կուրցրոկ-Միլլերի նմուշ, MAR-թեստ, հեշտոցի լորձաթաղանթի հետազոտություն՝ կախված դաշտանի ցիկլի փուլից):
ՀՍՀՄ-ի հայտնաբերման դեպքում բուժումը սովորաբար ուղղվում է դրանց տիտրերի նվազեցմանը՝ հետագայում հղիանալու նպատակով: Կիրառվում են թերապիայի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝
- բեղմնականխիչ (պատնեշային բեղմնականխիչների երկարատև կիրառում կանանց դեպքում ՀՍՀՄ-ի նվազեցման նպատակով),
- պլազմաֆերեզ,
- արհեստական սերմնավորում ամուսնու՝ նախապես մշակված և ՀՍՀՄ-ից մաքրված սերմով,
- վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառում:
Դիտեք տեսանյութը՝ Վերարտադրողական տեխնոլոգիաներ
Իմունաբանական անպտղությունը դեռևս լիովին ուսումնասիրված չէ, սակայն նշենք նաև, որ ամուսիններից որևէ մեկի օրգանիզմում ՀՍՀՄ-ի առկայությունը չի բացառում ինքնուրույն հղիանալու հանգամանքը, քանի որ հակամարմինները նվազեցնում են բեղմնավորման հավանականությունը, սակայն ոչ բոլոր դեպքերում են դրան խոչընդոտում: