Հղիություն և սեռական կյանք․ պե՞տք է դադար տալ
Երեխայի սպասող ամուսինների գրեթե կեսը ժամանակավորապես դադարեցնում է սեռական կյանքը։ Պե՞տք է արդյոք հրաժարվել սեռական հարաբերությունից։
Հղիությանը նթացքում կնոջ մարմինը փոփոխվում է, փոփոխության է ենթարկվում նաև նրա հուզական աշխարհը։ Կնոջ սեռական ցանկությունը կարող է տատանվել՝ կախված եռամսյակից։ Հոգեբանական ասպեկտներից բացի լիբիդոյի վրա ազդում են նաև հորմոնային և ֆիզիկական փոփոխությունները։
Առաջին եռամսյակում կուրծքը լարված է լինում, հաճախ սրտխառնոց ու փսխելու ցանկություն է առաջանում, և այդ պայմաններում շատ կանայք պարզապես ռոմանտիկայի հավես չեն ունենում։ Հորմոնների փոփոխությունները և ընդհանուր հոգնածությունը նույնպես նպաստում են սեռական ցանկության անկմանը։ Շատերին խանգարում է նաև վիժելու վախը, չնայած որ սեքսի և վիժման կապը հաստատված չէ որևէ հետազոտությամբ։
Երկրորդ եռամսյակն ամենահարմարն է սեռական հարաբերության համար։ Երեխան սկսում է շարժվել, և վիժման վախն անհետանում է։ Այդ շրջանում ֆիզիկական փոփոխություններն ակնհայտ են դառնում`կուրծքն ու որովայնն զգալիորեն մեծանում են, սակայն կինը դեռևս չի զգում երեխայի ծանրությունը, և ոմանց իրենց արտաքինն ավելի գրավիչ է թվում։
Երրորդ եռամսյակում առաջնային տեղում են հայտնվում ֆիզիկական անհարմարությունները։ Եթե անգամ իրավիճակը բարդանում է որովայնի մեծության պատճառով, միևնույնն է սիրով զբաղվել հնարավոր է անգամ մինչև ծննդաբերությունը (եթե չկան հակացուցումներ): Այդպիսով հղիության վերջին ամիսները կարող են նոր դիրքերի ու զգացումների բացահայտման հնարավորություն ընձեռել։ Վերջին ամիսներին ցանկալի է խուսափել «տղամարդը վերևից» դիրքից, որպեսզի որովայնի վրա ճնշում չգործադրվի, փորձեք նստած դիրքերը։
Կարդացեք՝
Սեռական կյանքը հղիության ընթացքում․ հոգեբանական և ֆիզիոլոգիական գործոններ
Այդուհանդերձ, կա՞ վտանգ
Տարածված մի տեսակետ կա, որի համաձայն օրգազմը նպաստում է արգանդի կրճատմանը և հանգեցնում վաղաժամ ծննդաբերության։ Իրականում խոսքը կծկանքի մասին չէ։ Օրգազմը կարող է արգանդի կրճատում առաջացնել, բայց կարճատև, ընդամենը 3-4 անգամ։ Երեխան չի զգում այդ կրճատումները, քանի որ պաշտպանված է պտղաջրի շերտով։
Կարելի է սեռական հարաբերություն ունենալ, եթե հղիությունն ընթանում է առանց խնդիրների։ Եթե հեշտոցում անսովոր արտադրություն է նկատվում կամ նախկինում եղել է վաղաժամ ծննդաբերություն, ապա ավելի լավ է խուսափել մերձեցումից։ Հակացուցում է համարվում նաև ընկերքի առաջադրությունը (երբ ընկերքը գտնվում է արգանդի ստորին հատվածում, հենց ծննդուղու վրա)։ Մի ամաչեք և բժշկի հետ քննարկեք ռիսկի գործոնները։
Հաճույքն սկսվում է փոխըմբռնումից
Սիրով զբաղվելիս շատ բան կախված է փոխվստահությունից։ Հղիությունն այդ իմաստով բացառությունչէ։ Սեռական ցանկության անկումը կարող է պայմանավորված լինել զուգընկերների լարվածությամբ, անհարմարությունների ու նոր զգացողությունների հանդեպ վախով։ Երբեմն տղամարդիկ սկսում են տագնապել «երրորդի» ներկայությունից, կարծես նաև հետևում է իրեն և կարող է արձագանքել իր շարժումներին:
Անհանգստանալ պետք չէ։ Բնությունը հոգացել է, որ երեխան հուսալիորեն պաշտպանված լինի մոր արգանդում։ Լավագույն ընտրությունը իրադրությունը քննարկելն է։ Ավելի լավ է խոսել այն ամենի մասին, ինչն անհանգստացնում է ձեզ, խոսեք ձեր ցանկությունների ու նախապատվությունների մասին, ասեք, թե ինչպես կուզենայիք, որ զուգընկերը վարվեր ձեզ հետ։