Հոդվածի աղբյուրը՝ mama66.ru Թարգմանությունը՝ sotskiy.am

Ախորժակի կորուստը հղիության ընթացքում

18.03.201517527

Մայրանալ պատրաստվող կանանց մեծամասնությունը կարծում է, թե հղիանալուց հետո պարտադիր սկսելու է ուտել սովորականից շատ և արագ գիրանալու է: Պարզվում է, որ լինում են նաև դեպքեր, երբ ախորժակն առհասարակ կորչում է: Հղիության ընթացքում ախորժակի կորուստն այնքան էլ հազվադեպ հանդիպող երևույթ չէ, ինչպես թվում է:

Ապագա մայրերից շատերը նշում են, որ հղիության առաջին եռամսյակում գրեթե քաղց չեն զգում։ Դա լավ է, բայց միաժամանակ կարող է լուրջ խնդիր լինել, հատկապես, եթե սնվում եք ստիպողաբար, առանց ցանկության: Փորձենք պարզել, թե ինչով է պայմանավորված հղիության ընթացքում ախորժակի բացակայությունը, և արդյո՞ք կարիք կա անհանգստանալու:

Վատ ախորժակի պատճառները

Կնոջ օրգանիզմը հղիության ընթացքում ուժեղ է արձագանքում ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններին: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում կարող է դիտվել ախորժակի ինչպես լավացում, այնպես էլ վատացում, իսկ պատճառները բազմազան են:

1. Առաջին և ամենատարածված պատճառը տոքսիկոզն է: Ի՞նչ խոսք կարող է լինել սննդի մասին, երբ դրա ցանկացած կտոր սրտխառնոց է առաջացնում: Այդուհանդերձ սննդանյութերի պահանջն այնուամենայնիվ պահպանվում է, այնպես որ աշխատեք ընդունել թեկուզ հեղուկ սնունդ՝ ապուրներ, կաթնային շիլաներ, հյութեր և ջուր: Այդպես ավելի հեշտ կլինի սնունդը մարսել և չփսխել:

2. Ապագա մայրիկներից գրեթե յուրաքանչյուր երկրորդն ունի ֆոլաթթվի անբավարարություն: Դա վիտամին В9 է, որ կենսական կարևոր նշանակություն ունի կնոջ օրգանիզմի համար: Դրանով է բացատրվում, թե ինչու է հղիության ընթացքում քաղցի զգացողությունը բացակայում: Հղի կանայք պետք է նաև երկաթ պարունակող սնունդ ուտեն:

Կարդացեք՝   Ո՞ր մթերքներն են ֆոլաթթու պարունակում

3. Հորմոնների մակարդակի կտրուկ բարձրացումը ևս կարող է ճնշել ախորժակը (մարսողական ֆունկցիան նվազեցնելու հաշվին), և հաճախ «մեղավորը» պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակն է լինում։

4. Հղիության երկրորդ եռամսյակում արգանդն սկսում է ճնշել աղիները, ինչի հետևանքով փորկապություն է առաջանում: Դա էլ կարող է վատ մարսողության, հետևաբար՝ վատ ախորժակի պատճառ դառնալ։

5. Եթե ապագա մայրիկը սնունդից հրաժարվում է հղիության երրորդ եռամսյակում, ապա ամենայն հավանականությամբ նա չունի ախորժակ, քանի որ արդեն մեծացած պտուղը ճնշում է ստամոքսը:

6. Հղիության ընթացքում ախորժակի կորստի պատճառ կարող է լինել նաև սթրեսը, տրամադրության անկումը և դեպրեսիան: Այնպես որ պետք է նաև հաշվի առնել հոգեբանական գործոնը:

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության ընթացքում քրոնիկական հիվանդություններն ընդլայնվելու հատկություն ունեն՝ ախորժակի կորստի պատճառ կարող են դառնալ նաև աղիների խանգարումները, երիկամների ու լյարդի հիվանդությունները և այլն:

Ինչպես տեսնում եք քաղցի բացակայության պատճառները բազմազան են, այնպես որ անհրաժեշտ է կանոնավոր այցելել բժշկի, որպեսզի խնդիրների առկայության դեպքում դրանք ժամանակին լուծվեն:

Ինչպե՞ս խթանել ախորժակը

Հղիության վաղ փուլերում ախորժակի բացակայությունը կարող է ուրախալի թվալ, այնինչ պետք է հիշել, որ պատասխանատու եք ոչ միայն ձեր, այլև ապագա փոքրիկի կյանքի համար: Այդ պատճառով պահանջվում է պարբերաբար փորձել խթանել ախորժակը, որովհետև օրգանիզմը, նույնիսկ համային զգացողությունների կարիք չզգալով, շարունակում է սննդանյութերի և վիտամինների պահանջ զգալ:

Եթե ախորժակի բացակայությունը պայմանավորված է որևէ հիվանդությամբ, ապա անհրաժեշտ է բուժել այն բժիշկների հսկողության ներքո: Բայց մեծամասամբ դա ժամանակավոր կամ հոգեբանական բնույթ է կրում, այդ պատճառով դրա դեմ պայքարի միջոց կարող են լինել խորամանկ հնարքները:

  • Առաջին հերթին, եթե սրտխառնոց չեք ունենում, ինքներդ ձեզ հիշեցրեք, որ ձեր ներսում փոքրիկ կյանք է ձևավորվում, ով սննդանյութերի կարիք ունի իր բնականոն զարգացման համար:
  • Փորձեք երկարատև զբոսանքների գնալ կամ հաճախել հղիների համար նախատեսված յոգայի հատուկ դասերի, լողի, քանի որ ֆիզիկական ակտիվությունը կստիպի ավելի շատ էներգիա ծախսել, և հետևաբար կառաջանա քաղցի պահանջ: 
  • Ուրախացրեք ձեզ նոր, վառ իրերով․ գնումների գնալը կօգնի ուրախանալ, իսկ կարմիր, նարնջագույն և այլ տաք գույները կօգնեն խթանել ախորժակը:
  • Ուտելուց առաջ գեղեցիկ ձևավորեք սեղանը, նախապատրաստեք ճաշացանկն ամենայն մանրամասնությամբ, ճաշեք թեթև դիմահարդարմամբ և ամբողջական հագուստով, որպեսզի տոնի մթնոլորտ ստեղծեք, ինչը կօգնի հետաքրքրություն մտցնել առօրյայում:
  • Սովորեցրեք ինքներդ ձեզ սնվել միևնույն ժամերին: Այդպես օրգանիզմում ռեժիմ կձևավորվի և այն ակամա կսկսի պահանջել սննդի իր չափաբաժինը:
  • Ինքներդ գնացեք մթերք գնելու: Պետք չէ այս պարտականությունը թողնել ամուսնուն կամ սկեսրոջը: Համեղ բույրերով շրջապատված, հատկապես հրուշակեղենի բաժնում, սնվելու ցանկություն կառաջանա: Հաճախակի պատրաստեք թխվածքներ հատկապես դարչինով, ճաշատեսակների մեջ օգտագործեք կոճապղպեղ (իմբիր), տմին, կծու պղպեղ, քանի որ այս համեմունքները խթանում են թքարտադրությունը:
  • Ընդունեք հղիների համար նախատեսված վիտամիններ, դա հիանալի օգնություն կլինի հյուծված օրգանիզմի համար և կօգնի նրան ավելի շատ սննդանյութեր յուրացնել:
  • Խմեք խոտաբույսերից պատրաստված թուրմեր՝ նախօրոք բժշկի հետ խորհրդակցելով:
  • Սննդակարգում պետք է գերակշռեն սպիտակուցներով հարուստ մթերքներն ու կանաչ բանջարեղենը:

Ինչն էլ որ լինի ախորժակի բացակայության պատճառը, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այն վերականգնելու համար:

Ե՞րբ դիմել բժշկի

Որպեսզի խուսափեք հետագա բարդություններից, անհրաժեշտ է ախորժակի կորստի մասին անմիջապես տեղեկացնել բժշկին: Քանի դեռ ձեզ անհանգստացնում է տոսքիկոզը, ախորժակի բացակայությունը բնականոն երևույթ է համարվում: Եթե ունեք ստամոքսի կամ երիկամների քրոնիկական հիվանդություններ, ապա մասնագետի խորհրդատվությունը պարտադիր է: Այս պարագայում ինքաբուժությամբ զբաղվել չի թույլատրվում և պետք չէ սպասել, որ խնդիրն ինքնուրույն անհետանա:

Բժշկական օգնության դիմելու ամենալուրջ պատճառը քաշի կորուստն է: Եթե այս երևույթը դիտվում է հղիության երկրորդ եռամսյակում, ապագա մայրիկին անհրաժեշտ է շտապ մեզի և արյան հետազոտություն կատարել, անցնել ՈւՁ հետազոտություն և հետևել բժշկի հրահանգներին:

Հիշե՛ք, որ հղիության ընթացքում չի թույլատրվում ինքնուրույն ախտորոշել և բուժում նշանակել: Անհրաժեշտ է վստահել բժիշկներին, ովքեր կօգնեն ձեզ առողջ երեխա լույս աշխարհ բերել: