Հղիանալու հավանականությունը հենց առաջին սեռական հարաբերությունից հետո

Բոլորս էլ լսել ենք այն երջանիկների մասին, ում բախտ է վիճակվել հղիանալ հղիության պլանավորման հենց առաջին փուլում: Գիտե՞ք, թե որքան է առաջին անգամից հղիանալու հավանականությունը: Եկեք պարզենք միասին:
Կնոջ դաշտանային ցիկլը տևում է միջինում 28-30 օր: Ցիկլի ընթացքում կան օրեր, երբ կինը կարող է հղիանալ (բեղմնավորման բարձր հավանականությամբ օրեր): Սպերմատոզոիդները պահպանվում են արգանդի խոռոչում կամ արգանդափողերում միջինում 48 ժամ՝ սպասելով ձվաբջջին: Դրանք կարող են պահպանել իրենց կենսունակությունը մինչև 5 օր, սակայն բավականին հազվադեպ է այդպես լինում, և բեղմնավորման հավանականությունը իջնում է: Այնպես որ եկեք հիմք ընդունենք 48 ժամը, որի ընթացքում բեղմնավորման հավանականությունն ավելի բարձր է:
Եթե հաշվի առնենք այդ ժամանակահատվածը և այն շրջանը, երբ կինը պտղաբեր է, ստացվում է 3 օր, որոնց ընթացքում բեղմնավորումը հնարավոր է: Եթե ցիկլը 28 օր է տևում, ապա բեղմնավորման հավանականությունն այդ դեպքում 11% է: Դա է պատճառը, որ շատ կանայք խիստ մտահոգվում են, երբ համառ փորձերը չեն հանգեցնում ցանկալի արդյունքին:
Այժմ եկեք այս «մաթեմատիկային» այլ տեսանկյունից նայենք: Եթե ամեն բան այդքան տխուր լիներ, մի՞թե բեղմնականխման բազմաթիվ մեթոդների կարիքը կզգացվեր:
Կա՞ մեկը, ով երբեք չի լսել անպաշտպան սեռական հարաբերության արդյունում անսպասելի հղիության մասին: Առաջին սեռական հարաբերության արդյունքում հղիանալու հավանականություն կա և հանդիպում է բավականին հաճախ:
Վիճակագրություն
Բժիշկները վկայում են, որ եթե զույգն առողջ է և սեռական հարաբերություն է ունենում շաբաթը 2-3 անգամ, ապա մոտակա կես տարում հղիանալու հավանականությունը 60 % է: Մնացյալ 30%-ը կհասնի ցանկալի արդյունքին մեկ տարվա ընթացքում: Զույգերի մոտավորապես 10% -ը հաջողության է հասնում փորձերի հենց առաջին փուլում:
Տարիքը
Տարիքը և հղիանալու հավանականությունն անմիջականորեն կապված են: Առաջին հերթին դա կապված է ձվազատման ցիկլերի նվազման կամ բացակայության հետ, որի ընթացքում բեղմնավորումն անհնար է: Պետք է ասել, սակայն, որ ամուր առողջության և հակացուցումների պարագայում փորձելը կարելի է և անհրաժեշտ: Ի հատուցումն դրա, բնությունն ուշ հղիություններին պարգևատրում է երկվորյակ ունենալու մեծ հավանականությամբ: