Քթի կաթիլները կրծքով կերակրման շրջանում

01.12.20171490

Կերակրող մայրերը հաճախ են հարբուխ ունենում, որն ուղեկցվում է լորձային արտադրությամբ, քթի խոռոչի այտուցվածությամբ, դժվար շնչառությամբ, փռշտոցով և այլն։ Եթե ռինիտն առաջանում է շնչառական օրգանների վարակման ֆոնին, ապա նաև այլ նշաններ են ի հայտ գալիս։ Բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, կոկորդը ցավում է, ընդհանուր թուլություն է դիտվում։

Այդ և նմանատիպ ախտանշաններից ազատվելու համար հարկավոր է համապատասխան բուժում ստանալ, սակայն քթի բազմաթիվ կաթիլներ արգելված են կրծքով կերակրման շրջանում։ Այդ պատճառով ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Կարդացեք՝ Դեղամիջոցները կրծքով կերակրման շրջանում

Անոթները չորացնող կաթիլներ

Քթի փակվածությունից ազատվելու համար հնարավոր է, որ բժիշկը կերակրող մորը անոթները չորացնող ազդեցությամբ դեղամիջոց նշանակի։ Դրանք ոչնչացնում են վնասակար միկրոօրգանիզմները, փափկեցնում են լորձաթաղանթը, չորացնում անոթները և վերականգնում քթով շնչառությունը, որպես արդյունք՝ կարգավորվում է քունը, լավանում է ինքնազգացողությունը։

Լակտացիայի ընթացքում բժշկի կողմից ըստ ցուցման կարող են նշանակվել հետևյալ կաթիլները՝

  • նաֆտիզին՝ նաֆազոլինի հիմքով, 
  • գալազոլին, տիզին կսիլոմետազոլինով, 
  • նազիվին՝ օկսիմետազոլինի հիմքով , 
  • ակվա մարիս և այլն։

Հակամանրէային միջոցներ

Հիվանդածին միկրոօրգանիզմներից ազատվելու և լորձաթաղանթի բորբոքումը մեղմելու հարցում օգտակար են բուսական բաղադրիչներով միջոցները, օրինակ պինոսոլը։

Կրծքով կերակրման շրջանում արգելված է եթերային յուղերով միջոցներ օգտագործելը դրանց հանդեպ գերզգայունակության դեպքում։ Եթե կինը ալերգիայի նախատրամադրվածություն չունի, ապա եթերային յուղերը կարելի է օգտագործել ինհալյացիայի համար թուրմ պատրաստելիս։

Խորհուրդ չի տրվում լակտացիայի ընթացքում սոխ և սխտոր օգտագործել, քանի որ դրանք չափից շատ են չորացնում լորձաթաղանթը և կարող են այրվածք առաջացնել։ Արդյունքում քթի խոռոչում քիչ քանակությամբ լորձ է արտադրվում, և օրգանիզմն ավելի խոցելի է դառնում վարակների հանդեպ։

Կանխարգելումը

Ռինիտի ախտանշաններից խուսափելու համար կերակրող մայրը պետք է մի շարք կանոններ պահպանի։

Չմրսել։ Սովորական գերսառեցումը կարող է հանգեցնել ռինիտի, քանի որ ցրտից իմունիտետը թուլանում է։

Խուսափել հիվանդ մարդկանցից։ Վարակները փոխանցվում են օդակաթիլային եղանակով, այդ պատճառով հարկավոր է հեռու մնալ այն մարդկանցից, որոնք հազում են և փռշտում (վարակը կարող է փոխանցվել անգամ մի քանի մետրից)։

Ամրացրեք դիմադրողական համակարգը։ Ճիշտ սնվեք, հրաժարվեք վնասակար սովորություններից և պոլիվիտամինային կոմպլեքս ընդունեք (բժշկի հետ համաձայնեցված)։

Այլ հիվանդի խնամելու դեպքում անպայման բժշկական դիմակ կրեք։ Հաճախ օդափոխեք սենյակը և օդի խոնավացուցիչ օգտագործեք տանը։