Ցիստիտը հղության ընթացքում

30.10.20171181

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որն առաջանում է մանրէների ներթափանցման պատճառով։ Կանայք ավելի շատ են հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ։ Այդ հանգամանքը պայմանավորված է միզարձակման ուղու կառուցվածքի առանձնահատկություններով: Հղիության ընթացքում ցիստիտ կարող է առաջանալ նաև հորմոնային ֆոնի փոփոխության և իմունիտետի անկման հետևանքով, ինչը թույլ է տալիս մանրէներին ավելի ակտիվ ու արագ բազմանալ։

Ցիստիտի հիմնական ախտանշանը հաճախակի միզելու ցանկությունն է, ընդ որում՝ երբեմն առանց պատճառի․ զուգարանում ընդամենը մի քանի կաթիլ է գալիս և վերջ։ Պրոցեսն ինքնին ցավոտ է, բնորոշվում է այրոցով կամ շեշտակի ցավով՝ հիմնականում վերջում։ Պարբերաբար հնարավոր է, որ որովայնի ստորին հատվածում ցավ զգացվի, և մարմնի ջերմաստիճանը բարձրանա։

Կարդացեք՝ Ցիստիտ

Ցիստիտի ախտանշաները նման են այլ հիվանդությունների ախտանշաններին, ուստի նախքան բուժումն սկսելը հարկավոր է վստահ լինել ախտորոշման հարցում։ Այդ նպատակով խորհուրդ է տրվում կատարել հետևյալ հետազոտությունները՝ միզասեռական համակարգի ՈւՁՀ, մեզի ընդհանուր անալիզ, հեշտոցի միկրոֆլորայի, քսուքի ընդհանուր անալիզ և հիմնական վարակների հետազոտություն ՊՇՌ մեթոդով։ Հղիության ընթացքում միզարձակումը հաճախակի է դառնում նաև արգանդի մեծացման և միզապարկը ճնշելու պատճառով, ուստի եթե այլ ախտանշաններ չկան, այդ վիճակը կարող է բնական համարվել։

Հղիության ընթացքում ցիստիտը ոչ մի կերպ չի ազդում երեխայի վիճակի վրա, սակայն կարող է վաղաժամ ծննդաբերություն առաջացնել։ Բացի այդ, վարակը կարող է միզապարկից անցնել երիկամներ՝ հանգեցնելով պիելոնեֆրիտի, իսկ հիվանդությունը վտանգավոր է և՛ մոր, և՛ երեխայի համար։ Այդ պատճառով ցիստիտի հայտնաբերման դեպքում պետք է անհապաղ սկսել բուժումը։

Բուժման համար կիրառվում են հղիության ընթացքում թույլատրելի հակաբիոտիկներ փոքր դեղաչափով։ Ժամանակակից մի շարք հակաբիոտիկների առավելությունն այն է, որ ազդում են ոչ թե ամբողջ օրգանիզմի վրա, այլ բացառապես հիվանդ հատվածի վրա։ Ճիշտ ընտրված բուժման դեպքում ցիստիտը շատ արագ է անհետանում։

Ցիստիտի կանխարգելման համար պետք է խստորեն պահպանել հիգիենայի կանոնները, ժամանակին դատարկել միզապարկը և հնարավորինս շատ ջուր խմել միզուղիները մաքրելու համար։