Ելակը հղիության ընթացքում

01.06.201714570

Ելակն այն եզակի հատապտուղներից է, որ պարունակում է հղիության ընթացքում ամենաանհրաժեշտ նյութերը՝ երկաթ, յոդ, ֆոլաթթու, կալիում, մագնիում, ֆոսֆոր, վիտամին C և ոչ միայն։ Ելակը խիստ օգտակար կլինի չափավոր օգտագործման դեպքում՝ շաբաթական մեկ-երկու անգամ։

Այն մեծ քանակությամբ բետա-կարոտին է պարունակում, որը դրականորեն է ազդում պտղի աչքի ցանցաթաղանթի զարգացման վրա։ Հարուստ է նաև բջջանքով և պեկտինով, անփոխարինելի է փորկապության բուժման և կանխարգելման համար։

Այդ հատապտուղն ընդունակ է որոշ չափով կարգավորել ճնշումը, իսկ հղիության երրորդ եռամսյակում բազմաթիվ հղի կանայք բախվում են բարձր ճնշմամբ արտահայտվող գեստոզի խնդրին։ Ֆոսֆորն ու կալցիումն ամրացնում են մոր և երեխայի հենաշարժողական համակարգը։ Ունի նաև միզամուղ հատկություն։

Կարդացեք՝ Մրգերն ու հատապտուղները մեր սննդակարգում

Ելակի կանոնավոր օգտագործումն զգալիորեն բարձրացնում է իմունիտետը՝ կանխելով ցուրտ եղանակին առաջացող հարբուխն ու այլ հիվանդւոթյունները։

Ելակի վնասակարությունը

Ելակն ալերգեն հատապտուղ է։ Շատ ուտելու դեպքում ոչ միայն ցանավորում կառաջանա, այլև բացասաբար կազդի երեխայի առողջության վրա (հետագայում երեխան հակված է լինում ելակի հանդեպ ալերգիային)։

Բացի այդ, չափից շատ ուտելը հանգեցնում է ստամոքսի աշխատանքի խանգարման ու փորլուծության։ Հիշեք, որ ամենաօգտակար ելակը սեզոնային ելակն է, որն աճեցվում է ձեր բնակության տարածքում։

Քիմիական տարրերը, որոնք պարունակվում են հատապտուղներում, ամրացնում են անոթների պատերը:

Հակացուցումները

- Կատեգորիկ արգելվում է ստամոքսաղիքային տրակտի խնդիրներ ունեցող կանանց։ Ելակը մեծ քանակությամբ թթու է պարունակում, որը գրգռում է ստամոքսի պատերը։

- Եթե նախկինում օրգանիզմն ալերգիայով է արձագանքել։

Հղիությունն ուժգնացնում է օրգանիզմի գործընթացները և հնարավոր է ոչ միայն պատվել ցանով, այլով ուժեղագույն ալերգիկ հակահարված ստանալ եղնջացանի կամ Կվինկեի այտուցի տեսքով։

Օգտագործման ձևերը

Չի կարելի ելակն ուտել քաղցած ժամանակ։ Թող այն համեղ ավարտ դառնա ճաշի կամ ընթրիքի համար։

Լավագույն տարբերակը ելակը կաթնամթերքի հետ ուտելն է՝ կաթի, կաթնաշոռի, կեֆիրի և այլն։ Փորձեք հնարավորինս քիչ ուտել ելակի ջեմն ու մուրաբան, քանի որ մեծ քանակությամբ շաքար են պարունակում, իսկ ոչ տնական մուրաբաներն անգամ կարող են քիմիական նյութեր պարունակել։

Ուտելուց բացի այն օգտակար է նաև որպես պիգմենտների առաջացումը կանխող և մաշկի ընդհանուր վիճակը լավացնող միջոց։

Պետք չէ հրաժարվել այդ համեղ հատապտղից՝ վախենալով ալերգիայից, պարզապես հիշեք, որ ամեն բան օգտակար է միայն չափավոր օգտագործելու դեպքում։ Թույլ քաղցրությամբ կոմպոտ պատրաստեք, հարեք բլենդերով կամ ցածր յուղայնությամբ յոգուրտին խառնեք և կհամոզվեք, որ ոչ մի վտանգավոր բան էլ չկա։