Ի՞նչն է խանգարում ծննդաբերությունից հետո քաշի նվազմանը

30.12.20165622

Ծննդաբերությունից հետո քաշի ավելցուկը բնական երևույթ է: Հղիության ինն ամիսների ընթացքում կուտակված կիլոգրամներից հնարավոր չէ ազատվել մի քանի օրում: Դա տեղի է ունենում աստիճանաբար՝ սովորաբար ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում:

Լինում են նաև դեպքեր, երբ ավելորդ քաշը պահպանվում է ավելի երկար ժամանակ: Որո՞նք են այն պատճառները, որոնք խանգարում են ավելորդ քաշից ազատվելուն:

Հորմոնային անհավասարակշռություն

Գաղտնիք չէ, որ հղիությունն օրգանիզմի արմատական փոփոխությունների շրջան է: Սովորաբար ծննդաբերությանը հաջորդող շաբաթների ընթացքում հորմոնային ֆոնը կարգավորվում է, մասնավորապես՝ էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների հարաբերությունը: Ավելորդ քաշի պահպանումն այս հավասարակշռության խախտման մասին է խոսում: Հորմոնային հավասարակշռության խախտմանայլ նշաններ են կաթի արտադրության նվազումը, տրամադրության տատանումները (նյարդայնություն, ագրեսիա), գլխացավը, գլխապտույտը, դեպրեսիան և այլն:

Քնի պակաս

Երեխան իր կյանքի առաջին 1-2 տարում պահանջում է «շուրջօրյա» խնամք, նորածնի գիշերային քունը երկարատև չէ, բացի այդ ատամնացավը, կոլիկաները հաճախ են ստիպում մայրիկին գիշերն արթուն անցկացնել: Քանի որ օրգանիզմը չի հասցնում քնի ընթացքում վերականգնվել, օրվա էներգիան սկսում է չբավարարել և դա հանգեցնում է հոգնածության, տրամադրության անկման, ինչպես նաև ազդում է մարսողական համակարգի վրա:

Ֆիզիկական ակտիվության նվազում

Հղիության վերջին շրջանում և ծննդաբերությունից հետո հատկապես կնոջ ֆիզիկական ակտիվությունը կտրուկ նվազում է: Փոքրիկի խնամքը պահանջում է մայրիկի ողջ ժամանակը, և ավելի ակտիվ ապրելակերպ ձևավորելը դժվար է դառնում: Արդյունքում էներգիան քիչ է սպառվում օրվա ընթացքում, ինչը նպաստում է քաշի ավելացման: Խորհուրդ է տրվում ծննդաբերությունից հետո մարզվել շաբաթական 150 րոպե: Մարզումները պետք է սկսել աստիճանաբար: Սկզբնական շրջանում կարելի է դրանք կազմակերպել նաև տնային պայմաններում:

Ոչ ճիշտ սննդակարգ

Քաշի ավելցուկի գլխավոր պատճառը ցանկացած դեպքում ոչ ճիշտ սննդակարգն է: Հղիության ընթացքում փոխվում է մայրիկի սնվելու մշակույթը, որը շարունակվում է նաև կրծքով կերակրման շրջանում: Անհրաժեշտ է կրճատել ընդունվող սննդի կալորիականությունը, սահմանափակել քաղցրավենիքի ընդունումը:

Կարդացեք՝ Ինչ մթերքներից խուսափել կրծքով կերակրման շրջանում:

Սննդակարգի փոփոխությունը պետք է կատարել գրագետ. մայրիկի սննդակարգը պետք է լինի առողջ, բազմազան, պարզապես ճիշտ ընտրված չափաբաժնով: