Ցավ հղիության ընթացքում. ե՞րբ անհանգստանալ

06.07.201571014

Երբեմն հղիության ընթացքում կինը ցավեր է ունենում, որոնք համարվում են բնական: Քանի որ հղի կանայք շատ են անհանգստանում, պետք է հիշել, որ ցավերն ու տհաճ զգացողությունները ոչ միշտ են վտանգավոր լինում և վիճակը հույզերով վատացնելու կարիք չկա։ Այժմ պարզենք, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի:

Ե՞րբ անհանգստանալու կարիք չկա

Կրծքի ցավ. բեղմնավորումից մեկ շաբաթ անց կրծքում կարող է դիտվել լարվածություն, ծակծկոց և ցավ, ինչը հորմոնային փոփոխությունների հանդեպ կրծքագեղձերի արձագանքն է: Մեկ ամսվա ընթացքում հորմոնների մակարդակի կարգավորմանը զուգահեռ այս ախտանշաններն անհետանում են: Ընտրեք համապատասխան չափսի բամբակյա, առանց երկաթների կրծքկալ:

Ցավ գոտկատեղում և սրբանային հատվածում. այս ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս հղիության երկրորդ կեսին, քանի որ ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունն աճում է: Անհարմարությունն ավելանում է քայլելիս: Որպեսզի իրավիճակը չվատթարանա, հղիության 20-րդ շաբաթից սկսեք կրել հատուկ պաշտպանիչ գոտի՝ բանդաժ, հետևեք ձեր կեցվածքին և մեջքն ուղիղ պահեք, քնեք օրթոպեդիկ կամ ոչ շատ փափուկ ներքնակի վրա, օրվա ընթացքում հաճախակի պառկեք հանգստանալու, չորեքթաթ դիրք ընդունեք 2-3 րոպե:

Անհարմարության զգացողություն որովայնի կենտրոնում. եթե ցավերը պորտի կամ դրանից վեր հատվածում են, ապա ավելի շուտ դրանք ստամոքսի կամ աղիների խնդիր են մատնացույց անում: Հղիության ընթացքում ստամոքսի խնդիրների առաջացումը պայմանավորված է հորմոնների ազդեցությամբ. աղիների մկանային տոնուսը թուլանում է, և մարսողության ռիթմը դանդաղում է: Բացի այդ, հղիության երկրորդ կեսից աճող արգանդն սկսում է ճնշում գործադրել մարսողական համակարգի օրգանների վրա:

Լարվածություն որովայնի ստորին հատվածում. հղիության երրորդ եռամսյակում՝ 29-32-րդ շաբաթներում, կինը երբեմն նկատում է, որ արգանդը լարված է, իսկ որովայնը՝ փքված: Փորձառու մայրիկները կնշեն, որ այս զգացողությունները նման են ծննդաբերական թեթև կծկումների, բայց ի տարբերություն դրանց՝ տևում են մի քանի վայրկյան, չեն առաջացնում ցավ և անկանոն են՝ օրական մինչև 8-10 անգամ: Այս կերպ օրգանիզմը նախապատրաստվում է ծննդաբերությանը, իսկ մկաններն ու կապանները թուլանում են ռելաքսին հորմոնի ազդեցությամբ:

Երբ կինն առաջին անգամ է հղիանում, նախկինում իրեն անծանոթ զգացողություններն անհանգստություն են առաջացնում: Պետք չէ վիճակը թողնել առանց ուշադրության, բայց միևնույն ժամանակ պետք չէ նաև խուճապի մատնվել: Ձեզ անհանգստացնող ցանկացած հարցի պատասխան փորձեք ստանալ բժշկից:

Ո՞ր ախտանշանների դեպքում է հարկավոր դիմել բժշկի

Ցավ և լարվածություն որովայնի ստորին հատվածում. այսպիսի ախտանշանների առաջացման դեպքում, անկախ հղիության ժամկետներից, անհրաժեշտ է դիմել բժշկի: Սկզբում ցավերն ու անհարմարությունը նման են դաշտանին, ավելի ուշ դրանք կարող են վերածվել կանոնավոր կծկումների: Հաճախ սա հղիության ընդհատման կամ վաղաժամ ծնդաբերության վտանգ է կրում: Եվ չնայած տհաճ զգացողություններին՝ պատճառը կարող է լինել անվնաս, օրինակ՝ արգանդը պահող որովայնամկանների և կապանների ձգումը, փորկապության պատճառով աղիների մզզացող ցավը: Բժշկի այցելելն այնուամենայնիվ ավելորդություն չի լինի. չէ՞ որ միայն բժիշկը կարող է զննումներից հետո որոշել վտանգի առկայությունը:

Ուժգին ցավ որովայնի ստորին հատվածում. սա միշտ պահանջում է անհապաղ բժշկի այց և հատկապես վտանգավոր է, եթե ուղեկցվում է արյունային արտադրությամբ: Պատճառները տարբեր են, օրինակ՝ արտարգանդային հղիությունը (առաջին եռամսյակում), վիժումը (մինչև 22-րդ շաբաթ), վաղաժամ ծննդաբերությունը (23-37-րդ շաբաթներում):

Ծակծկոց և ձգումներ որովայնի ստորին հատվածում, հեշտոցի և ուղիղ աղու շրջանում. հղիության կեսերին նմանատիպ զգացողությունները կարող են վկայել արգանդի պարանոցի խնդրի մասին, երբ այն առանց կանոնավոր կծկումների արդեն սկսում է բացվել և դադարում է կատարել իր ֆունկցիան: Պարտադիր պետք է դիմել բժշկի, ով կպարզի եղելությունը զննման և ուլտրաձայնային հետազոտության միջոցով:

Սուր ցավ պորտի և ազդրի միջև աջ հատվածում. եթե սա ուղեկցվում է նաև բարձր ջերմությամբ, սրտխառնոցով, փորլուծությամբ, ապա այս պատկերը նման է որդանման ելունի բորբոքման: Ամենայն հավանականությամբ վիրահատական միջամտություն կպահանջվի, բայց դրանից վախենալ պետք չէ, քանի որ ոչ վիրահատությունը, և ոչ էլ անզգայացումը հղիության ընթացքի և փոքրիկի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենա:

Գոտկատեղի սուր ցավը, հաճախ աջ կամ երկու կողմերում, երբեմն ուղղված դեպի աճուկային շրջան կամ ոտքեր, կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ և միզելու դժվարությամբ: Այսպիսի ախտանշանները խոսում են պիելոնեֆրիտի (երիկամների բորբոքում) կամ միզաքարային հիվանդության մասին: Անհրաժեշտ է հնարավորինս շտապ դիմել բժշկի, որպեսզի արագ վերացնեն միզուղիների սպազմը և բորբոքումը:

Եթե նախորդ հղիության ելքը կեսարյան հատումն է եղել կամ նախկինում կնոջը վիրահատել են՝ հեռացրել արգանդի միոմայի մեծ հանգույցներ, ապա անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել արգանդի տհաճ զգացողություններին հատկապես հղիության երկրորդ կեսին: Երեխայի շարժվելու հետևանքով առաջացած ցավերի, արգանդի մի կողմում կամ մի կետում ցավի, սրտխառնոցի, քրտնարտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Այս իրավիճակը կարող է նշանակել, որ սպիի եզրերը հեռանում են: Այսպիսի ախտորոշման դեպքում բժիշկները կառաջարկեն հիվանդանոց պառկել:

Ուժգին ցավերի դեպքում նախքան բժշկի դիմելը կամ շտապ օգնության ժամանելը կարելի է նո-շպայի 2 հաբ ընդունել և անպայման պառկել: Այլ ցավազրկող միջոցներ ընդունել խորհուրդ չի տրվում, հակառակ դեպքում ախտանշանները կքողարկվեն և բժշկի համար դժվար կլինի պարզաբանել իրավիճակը: Ճիշտ ախտորոշման համար բժիշկը պետք է իմանա, թե երբ է ցավն առաջացել, ինչ հաճախականությամբ և տևողությամբ, ինչն էր ցավ առաջացնում և երբ էր այն հանգստանում:

Եթե բժիշկը ճիշտ համարի ձեզ հոսպիտալացնելը, ապա դրանից հրաժարվել պետք չէ. երբեմն միայն ժամանակին ցուցաբերված բուժումն է օգնում պահպանել հղիությունը: