Տղամարդը հրաժարվում է երեխա ունենալուց․ ինչպե՞ս վարվել

27.01.2017 9375
Ամուսնություն․ առջևում ընտանեկան երջանիկ կյանքն է, կինն սկսում է մտածել ընտանիքի համալրման մասին, իսկ ամուսինը կտրականապես հրաժարվում է երեխա ունենալուց։ Հրաժարվելը միայն այսբերգի տեսանելի մասն է։ Փորձեք մեկ քայլ առաջ անել, հասկանալ, թե ինչ է թաքնված ներսում, պարզել պատճառը պարզաբանումների, երկխոսությունների ու դիտարկումների միջոցով։ Իմանալով դիմադրության պատճառը՝ կկարողանաք ելք գտնել։

Հաճախ տղամարդու մերժման հետևում տագնապը կամ վախն է թաքնված լինում։ Այսպիսով, ինչի՞ց են վախենում կամ խուսափում տղամարդիկ։

Պատասխանատվություն

Պատասխանատվության մեծացում, որ ենթադրում է երեխայի ծնունդը, դժվարությունները չհաղթահարելու վախ։ Ընտանիքի կարիքներն իր պատկերացրածի չափով չբավարարելու վախ։ Իրեն չի տեսնում կատարյալ հոր դերում։

Լուծումը։ Եթե խնդիրը պատասխանատվությունն է, ապա ամենայն հավանականությամբ բախվել ենք ցածր ինքնագնահատականին ու անինքնավստահությանը։ Վստահեցրեք ամուսնուն, որ նա շատ պատասխանատու մարդ է, որ կկարողանա անել ամեն բան, գովեք նրան, երբեք մի համեմատեք այլոց հետ, ասեք, որ հավատում եք նրա ուժերին։ Մի քննադատեք անհաջողությունների պատճառով, օգնեք ուղղել սխալները։ Հենարան դարձեք միմյանց համար, ավելի շատ ժամանակ հատկացրեք իրար, սպորտով զբաղվեք միասին։ Միասին սովորեք հավատալ ու վստահել միմյանց։

Հարաբերություններ

Երեխան ենթադրում է կնոջ հետ հարաբերությունների փոփոխություն: Դերերի փոփոխություն։ Վախենում է, որ ինքը կնոջ համար երկրորդական դերում կհայտնվի։ Կնոջ բնավորության և արտաքինի փոփոխություն։ Անհասկանալի սեռական կյանք։ Կասկած իր կամ կնոջ զգացմունքների հանդեպ։ Կնոջ հետ կոնֆլիկտային հարաբերություններ։ Ներընտանեկան խնդիրներ։ Ծնողների ազդեցություն։

Լուծումը։ Տղամարդու վախը կարող եք մեղմել ապագայի իրական պատկերը ստեղծելու, ենթադրյալ խնդիրների և դրանց լուծումների որոնման միջոցով, որպեսզի նա հստակ իմանա, թե իրեն ինչ է սպասվում և հասկանա, թե ինչ պետք է անի այդ դեպքերում։ Նախապես խոսեք պարտականությունների մասին, մտածեք անգամ մանրուքների մասին։ Տղամարդն ավելի հեշտ կհարմարվի երեխա ունենալու մտքին, եթե հստակ իմանա, թե ինչի վրա կարող է հույս դնել։

Ամուսինների հարաբերությունը կարծես պար լինի։ Ցանկացած հարաբերություն հիմնվում է երկուսի վրա։ Պարզեք ձեր հարաբերությունները, փորձեք ընդհանուր կետեր գտնել։ Գուցե ամուսինը ձեզ համար ակնհայտ բաներն այլ կողմից է ընկալում։ Կորցրած էներգիան ու հարաբերությունները սայլը տեղից չեն շարժի։ Ցույց տվեք ամուսնուն, որ լիովին պատրաստ եք երեխա ունենալուն։ Ձեր խոհեմությունը, պատասխանատվությունը, պլանավորելու, փոխզիջումների գնալու, խոստումները կատարելու ընդունակությունը կարտացոլեն, թե որքան լուրջ է ձեր ցանկությունը։ Ասեք նրան, որ երեխան ավելի կամրացնի ձեր հարաբերությունները և սերը։ Հաճախ զրուցեք։ Մի փորձեք կռահել, թե ինչ է մտածում կամ ցանկանում ասել ամուսինը, պարզաբանեք։ Պետք չէ լռել ի նշան պատժի կամ անվերջ վիճել։ Կիրառեք «Ես-ուղերձները» (երբ նախադասությունը պարունակում է ես դերանունը, մարդ խոսում է իր մասին, խուսափեք «Դու»-ից, այն մարդուն ստիպում է ամփոփվել իր մեջ, դիմադրություն ցույց տալ։

Սեռական կյանքում իսկապես փոփոխություններ են կատարվում հղիության ընթացքում և երեխայի ծնունդից հետո։ Տղամարդը վախենում է, որ կինը կկորցնի գրավչությունը, ինչպես նաև սեռական ցանկություն չի ունենա ժամանակի սղության, հոգնածության և կենցաղային այլ խնդիրների պատճառով։ Այս դեպքում կօգնի պարտականությունների բաշխումը, ուշադրությունը, աջակցությունը, առանձին մնալու հնարավորությունը, ռոմանտիկան, հաճելի անակնկալները, էրոտիկ ներքնազգեստը։ Բացատրեք ամուսնուն, որ երեխան չի դառնա նրա մրցակիցը։

Մի մոռացեք, որ երկուսդ էլ բացի մայր և հայր լինելուց, լինելու եք նաև տղամարդ ու կին։ Տղամարդը պետք է իմանա, որ կնոջ լիբիդոն վերականգնվում է միջինում երեք ամսից, իսկ հետո անգամ մեծանում է։ Լակտացիայի ընթացքում կնոջ մարմինը «արթնանում է», ավելի զգայուն է դառնում քնքշանքի հանդեպ, իսկ սեքսը հուզականորեն ավելի խորն է ընկալվում։ Միակ բանը որ նրանցի պահանջվում է, մի փոքր համբերատարությունն է։ Մի խոսեք սեռական կյանքի մասին, զբաղվեք դրանով։

Առողջությունը

Վախ ծննդաբերությունից կամ դրա հետևանքներից։ Երեխան գուցե հիվանդ ծնվի։ Գուցե կինը չհաղթահարի ծննդաբերությունը։ Չի ցանկանում շարունակել իր ազգը։ Ընտանիքում ժառանգաբար փոխանցվող հիվանդություն կա։

Լուծումը։ Ամուսնու ուշադրությունը գրավեք կոնկրետ գործողությունների վրա։ Գենետիկի խորհրդատվություն։ Հղիության պլանավորում։ Թող հղիությունը վարի այն բժիշկը, որին վստահում է հայրը։

Փորձ

Մանկական բացասական հիշողություններ։ Նրա սեփական փորձը։ Շրջապատող մարդկանց բացասական փորձ։ Այլ ամուսնությունից ծնված երեխայի առկայություն։

Լուծումը։ Պետք է այնպես անել, որ տղամարդն իրեն վստահ զգա։ Կիսեք ձեր մանկության և հոր դերի մասին հիշողությունները։ Հարցրեք նրան իր մանկության տարիների և հոր հետ հարաբերությունների մասին։ Ի՞նչն էր նրան դուր գալիս, ի՞նչը կփոխեր, ի՞նչն էր ուրախացնում, ի՞նչն էր տխրեցնում, հավատու՞մ էր Ձմեռ Պապին, ո՞ր նվերն էր ամենահիշարժանը։ Հուզականորեն արձագանքեք նրան, պատմեք ձեր ակնկալիքների մասին, ասեք, թե որքան լավ կլինի երեխայի հետ, ցույց տվեք, որ ձեզ կարելի է վստահել։

Սոցիալական կյանք

Հրաժարում սովորական դարձած սոցիալական կյանքից։ Դերի փոփոխություն։ Երեխայի ազդեցությունը նրա կարգավիճակի վրա։ Հիմնվում է ոչ թե իր, այլ ընկերների կարծիքի վրա։ Ազատության սահմանափակում։ Վախենում է, որ երեխան իրեն կբաժանի ընկերներից։ Վախենում է մենակությունից և չհասկացված լինելուց։ Այդ սուր է զգացվում հատկապես այն դեպքում, երբ ընկերների շարքում առանց երեխայի ապրող զույգեր կան։

Լուծումը։ Հյուր գնացեք այն ընտանիքներին, որտեղ փոքր երեխաներ կան։ Թող որ ամուսինը սովորի նրանց ներկայությանը, փորձ ձեռք բերի, կողքից տեսնի, թե ինչպես են գլուխ հանում մյուսները։ Փորձեք գրկել երեխաներին, խաղալ, նվերներ ընտրել։ Բացատրեք, որ երեխաներն արագ են մեծանում, շուտով կկարողանաք միասին հյուր գնալ, ճամփորդել։

Անձնային առանձնահատկություններ

Ժամանակը չէ։ Տարիքը։ Չի ցանկանում փոխել կյանքը հենց տվյալ պահին։ Իրեն չի տեսնում հոր դերում։ Ինֆանտիլություն։ Եսասիրություն։ Անվճռականություն։

Լուծումը։ Թող որ հստակ ժամկետ սահմանի սպասելու համար։ Նրա բառերը լուրջ ընդունելով՝ ցույց կտաք, որ հարգում եք նրա պահանջմունքներն ու ցանկությունները․ դրանով կնվազեցնեք տագնապայնությունը։ Ուշադիր եղեք, սակայն, եթե այդ ժամկետը երկու տարուց ավել է, ապա արժե մտածել ներընտանեկան հարաբերությունների մասին։

Պետք չէ ստիպել նրան ու պարտադրել, մանիպուլացնել․ չէ՞ որ ցանկանում եք, որ երեխան իսկական հայր ունենա, այլ ոչ թե միայն փաստաթղթերով։