Արտաքին տեսքի 5 փոփոխություն հղիության ընթացքում

17.11.2016 26651
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում: Նոր կարգավիճակում ի հայտ են գալիս արտաքին տեսքի փոփոխություններ: Դրանք եթե նույնիսկ տհաճ փոփոխություններ են, այնուամենայնիվ անհանգստության պատճառ չեն, քանի որ հղիությունից հետո կնոջ օրգանիզմը վերականգնվում է և աստիճանաբար վերադառնում նախկին վիճակին:

Քաշի ավելացում

Հղիության ընթացքում քաշի ավելացումը բնականոն երևույթ է: Այն նույնիսկ կարելի է համարել հղիության ճիշտ ընթացքի նշան. եթե քաշն ավելանում է, ուրեմն պտուղն աճում է: Հղիության զարգացմանը զուգահեռ մայրիկի քաշն ավելանում է ոչ միայն պտղի քաշի, այլև ընկերքի, պորտալարի, պտղապարկի, պտղաջրերի հաշվին: Ավելանում է նաև ենթամաշկային ճարպաբջջանքը: Այդպես օրգանիզմը սննդանյութերի պաշար է կուտակում հետագայում լակտացիայի համար: Սովորաբար քաշն ավելի շատ է ավելանում այն կանանց դեպքում, ովքեր ավելի բարեկազմ կամ նիհար են:

Ավելորդ քաշի համար մտահոգվել պետք չէ: Իր կենսաբանական ֆունկցիան կատարելուց հետո այն աստիճանաբար վերանում է կրծքով կերակրման շրջանում: Եթե հղիության ընթացքում քաշը նորմայից շատ է ավելանում, ապա հնարավոր է քաշի վերականգնումը մի փոքր բարդանա: Ցանկացած դեպքում խորհուրդ չի տրվում հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում սնվել երկուսի համար, եթե նույնիսկ լավ ախորժակ ունեք:

Դեմքի ակնե

Ակնեի առաջացումը պայմանավորված է հորմոնային ֆոնի փոփոխությամբ, ավելի հստակ՝ պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակով: Հղիության ընթացքում ընկերքը սկսում է արտադրել պրոգեստերոն, որի ազդեցությամբ ակտիվանում է ճարպագեղձերի աշխատանքը, ծակոտիները լցվում են, և արդյունքում առաջաում է ակնե:

Հղիության ընթացքում հորմոնային փոփոխությունները հնարավոր չէ կառավարել, հետևաբար այս խնդրի լուծումը կոսմետիկ միջոցների մեջ է: Մաշկը խնամելիս մաքրեք այն ավելորդ ճարպից, խոնավացրեք ցերեկային և գիշերային քսուքներով:

Պիգմենտային բծեր

Հղիության ընթացքում պիգմենտային բծերի առաջացումը բավականին տարածված երևույթ է: Հիմնականում այն առաջանում է դեմքին՝ ճակատին, քթի, վերին շուրթի, կզակի վրա, կարող է նաև ի հայտ գալ ձեռքերի, որովայնի, մեջքի վրա: Սա բացառապես էսթետիկ խնդիր է, և սովորաբար վերանում է հղիությունից հետո:

Կարդացեք՝ Պիգմենտային բծերի առաջացման պատճառները հղիության ընթացքում:

Մազերի խտություն

Հորմոնային տատանումների մեկ այլ դրսևորում է մազերի խտացումը: Էստրոգեն հորմոնի բարձր մակարդակը նպաստում է մազերի ամրացմանը: Այս էֆեկտը պահպանվում է ծննդաբերությունից հետո մինչև 2-3 ամիս: Դրանից հետո հորմոնային ֆոնի կարգավորմանը զուգահեռ կինը նկատում է, որ մազաթափություն է սկսվել, սակայն սա հիմնականում նորմալ վիճակ է, և պետք չէ շփոթել պաթոլոգիական մազաթափության հետ:

Պիգմենտային գիծ որովայնի երկայնքով

Սա հղիության պարտադիր նշան չէ, սակայն հանդիպում է որոշ կանանց դեպքում: Այն կարող է առաջանալ որովայնի միայն ստորին հատվածում, կամ տարածվել ամբողջ որովայնով: Ծննդաբերությունից հետո մի քանի ամիսների ընթացքում պիգմենտացիան աստիճանաբար վերանում է: Հաճախ հանդիպում է նաև մազերի աճ որովայնի վրա, ինչը պայմանավորված է մակերիկամների կեղևի կողմից արտադրվող հորմոնների ակտիվությամբ: